Եսայու մարգարեության մեկնություն 42:6

Ա. Լոպուխին

«Ես՝ Տերս, կանչեցի Քեզ արդարությամբ, ու պետք է բռնեմ Քո ձեռքից ու պահպանեմ Քեզ, և Քեզ իբրև ուխտ կտամ ժողովրդին, իբրև լույս՝ հեթանոսներին»։ [6] (Սինոդական թարգ․)
   
   Այս համարը բովանդակում է Տիրոջ խոսքը՝ ուղղված Իր սիրելի Ծառային:

   «Ես՝ Տերս, կանչեցի Քեզ արդարությամբ, ու պետք է բռնեմ Քո ձեռքից» - Այստեղ գրեթե բառացիորեն կրկնվում են 1-ին համարի խոսքերը՝ միայն ա՛յն Անձի փոփոխությամբ, Որին որ հասցեագրված են այս տողերը (այնտեղ կիրառված է երրորդ դեմքը՝ «մարգարեն» կամ «ժողովուրդը», իսկ այստեղ՝ երկրորդ դեմքը՝ «Տիրոջ Ծառան»):

   «Եվ Քեզ իբրև ուխտ կտամ ժողովրդին, իբրև լույս՝ հեթանոսներին»: Սա նոր և կարևոր հավելում է, որը սահմանում է Տիրոջ ծառայի Մեսիական ծառայության նշանակությունն ու ընդգրկունությունը: Մեսիայի դերը մեծապես նման կլինի Մովսեսի դերին («Քո եղբայրների միջից քո Տեր Աստված ինձ նման մարգարե պիտի մեջտեղ հանի», Բ Օր. 18:15). նրանք երկուսն էլ համարվում են մարդու հետ Աստծո ուխտը կնքողները, սակայն նրանցից յուրաքանչյուրի կնքած ուխտի ծավալն էականորեն տարբերվում է մյուսից: Մովսեսի ուխտն ընդգրկում էր միայն ու միայն Իսրայելական ընտրյալ ժողովրդին, իսկ Մեսիայի ուխտը տարածվում է նաև բոլոր հեթանոսների վրա, «որովհետև օրենքը Մովսեսի միջոցով տրվեց, իսկ շնորհն ու ճշմարտությունը Հիսուս Քրիստոսի միջոցով եղան (Հովհ. 1:17): Տիրոջ Ծառայի մասին ցուցումը՝ որպես Աստծո և մարդկանց միջև նոր Ուխտի Միջնորդի, բազմիցս հանդիպում է ինչպես Եսայի մարգարեի, այնպես էլ այլ մարգարեների խոսքերում (Ես․ 49:6-8, 51:4, 52:13, 53:1-2, 50:10-11, 59:20, 60:1-5, Երեմ. 31:31-34):

   «Իբրև լույս՝ հեթանոսներին»: Սա Եսայի մարգարեի սիրելի արտահայտչամիջոցներից մեկն է, որը նա շատ հանգիստ կիրառում է նաև և՛ «Էմմանուել», և՛ «Շառավիղ», և՛ «Տիրոջ Ծառա» արտահայտությունների հետ, քանի որ այս բոլոր արտահայտությունները միմյանց հոմանիշ են (Ես․ 2:4-5, 9:1-7, 10:1, 49:6-8, 51:4 և այլ հատվածներ): Սա մի հանգամանք է, որի վրա հիմնվելով՝ Եսայի մարգարեի գրքի միության ու վավերականության կողմնակիցներն արդարացիորեն շատ ծանրակշիռ ձևով փաստարկում են իրենց տեսակետի ճշմարտացիությունը (տե՛ս «иер. Фаддей, «Եսայի մարգարեի գրքի միությունը», էջեր 277-290): Պետք է նաև նշել, որ այս պատկերը՝ որպես հեթանոսների հոգևոր վերածննդի ու լուսավորության գաղափարը հիանալիորեն արտահայտող գաղափար, լայնորեն կիրառվում է նաև Նոր Կտակարանի գրքերում (Մատթ. 4:16, Ղկ. 2:32, Գործք. 13:47, 26:18 և այլ տեղիներ):
--------------------------------
[6](Էջմիածին թարգ․) «Ես՝ Տէր Աստուածս, արդարութեամբ կանչեցի քեզ, բռնեցի քո աջ ձեռքից եւ զօրաւոր դարձրի քեզ, իբրեւ ուխտ տուեցի քեզ ժողովրդին եւ իբրեւ լոյս՝ հեթանոսներին,
(Արարատ թարգ․) «Ես՝ Տերը, կանչել եմ քեզ արդարությամբ։ Ես բռնում եմ քո ձեռքը և քեզ պաշտպանում. քեզ իբրև ուխտ կտամ ժողովրդին և ազգերին՝ իբրև լույս՝
(Գրաբար) Ես Տէր Աստուած կոչեցի զքեզ արդարութեամբ. կալայ զաջոյ ձեռանէ քումմէ` եւ զաւրացուցի զքեզ, եւ ետու զքեզ յուխտ ազգին` եւ ի լոյս հեթանոսաց: