Եսայու մարգարեության մեկնություն 45:13

Ա. Լոպուխին

«Ես արդարությամբ բարձրացրի նրան և հարթեցնում եմ նրա բոլոր ճանապարհները: Նա կկառուցի Իմ քաղաքն ու ազատ կարձակի Իմ գերիներին՝ առանց փրկագնի ու առանց ընծաների»,- ասում է Զորությունների Տերը: [13] (Սինոդական թարգ․)
   
   «Ես արդարությամբ բարձրացրի նրան…Նա կկառուցի Իմ քաղաքն ու ազատ կարձակի Իմ գերիներին՝ առանց փրկագնի ու առանց ընծաների․․․»։ Խոսքի ընթացքը դարձյալ վերադառնում է դեպի Կյուրոսը, ու նրա մասին մարգարեությունն ավարտվում է այն նույն կետով (գերիներին ազատ արձակելն ու Երուսաղեմի վերականգնումը), որով որ այն սկսվել էր (Ես․ 44:26): Սակայն այստեղ հավելվում է մի նոր մանրամասնություն․ խոսքը Կյուրոսի գործողությունների՝ բացարձակապես անշահախնդիր լինելու մասին է, ինչը լավագույնս արդարացվել է պատմության կողմից, քանի որ Կյուրոսը ոչ միայն ոչինչ չխլեց իր կողմից ազատ արձակված հրեաներից, այլև դեռ ինքը մեծահոգաբար  պարգևատրեց նրանց (Ա Եզր. 1:8):

   «Ես արդարությամբ բարձրացրի նրան» - սա կա՛մ «արդարության այր» արտահայտության հոմանիշն է (Ես․ 41:2), կա՛մ էլ ցուցում է նրա վերաբերյալ՝ որպես «Աստծո արդար դատաստանն» իրականացնողի: Ավարտելով Կյուրոսի մասին խոսքը՝ մենք չենք կարող դիմանալ գայթակղությանն ու այստեղ չմեջբերել մի հատված այն սեպագիր արձանագրությունից, որը պահպանված է Կյուրոսի հայտնի գլանակի վրա և, ըստ երևույթին, բավականին մեծ նմանություն ունի 45-րդ գլխի սկզբնական հատվածի հետ: Այնտեղ մենք ընթերցում ենք հետևյալ խոսքերը. «Մարդուկը արդար թագավոր էր փնտրում, նա բռնեց իր սրտին մոտ մարդու ձեռքը, նա նրան կոչեց «Կյուրոս»՝ Անսանի թագավոր, համաշխարհային թագավորությունում կոչեց նրա անունը…»: Գիտնականը, որն ի մասնավորի մեկնաբանել է այս գրությունն ու այն համեմատել է աստվածաշնչյան մարգարեության հետ, որևէ հիմնավորում չգտավ ասելու, որ հեղինակներից մեկն ընդօրինակել է մյուսին։ Այդ գիտնականը միայն այն կարծիքն է հայտնել, որ Եսայի մարգարեն ծանոթ է եղել բաբելոնյան պալատական գրագիրների ոճին (Kittel - Condamin Le livre d'Isaie, 273 p․): Սակայն մենք, միևնույն իրավասությունն ունենալով, կարող ենք հակառակ ենթադրությունն անել՝ նշելով, որ բաբելոնյան ժամանակագիրներն են ծանոթ եղել Եսայի մարգարեի կանխասացություններին ու իրենց գրություններում ընդօրինակել են նրա խոսքերը: Հնարավոր է, որ հենց նրանք են մարգարեի այդ խոսքերը ներկայացրել Կյուրոսի ուշադրությանը։
--------------------------------
[13](Էջմիածին թարգ․) Ես արդարութեամբ նրան թագաւոր հաստատեցի, եւ նրա բոլոր ճանապարհներն ուղիղ են. նա կը կառուցի իմ քաղաքը եւ իմ գերուած ժողովրդին յետ կը բերի՝ առանց կաշառքի եւ առանց ընծաների», «ասում է Զօրութիւնների Տէրը:
(Արարատ թարգ․) Ես եմ զարթնեցրել նրան արդարությամբ, ես եմ ուղղում նրա բոլոր ճանապարհները։ Նա պիտի կառուցի իմ քաղաքը և ազատի իմ աքսորյալներին առանց վարձի և առանց հատուցման»,- ասում է Զորությունների Տերը։
(Գրաբար) Ես յարուցի զնա արդարութեամբ թագաւոր, եւ ամենայն ճանապարհք նորա ուղիղ են. նա շինեսցէ զքաղաքն իմ, եւ զգերութիւն ժողովրդեան իմոյ դարձուսցէ. ոչ կաշառաւք եւ ոչ պատարագաւք` ասէ Տէր զաւրութեանց: