Սրբ․ Գրիգոր Տաթևացի
Անձովս եմ երդւում, որ ինչ էլ դուրս գայ իմ բերանից՝ արդարութիւն է, եւ իմ խօսքերը չեն եղծուելու: Ամէն ծունկ ինձ է խոնարհուելու, ամէն լեզու Աստծուն է խոստովանելու։
Իմ անձով եմ երդվում, թե ամենայն ինչ, որ դուրս է գալիս Իմ բերանից, արդարություն է։
Ինչո՞ւ է երդվում Իր անձով. այն, ինչ այստեղ ասվում է, հրամայվում է նաև Օրենքում. «Քո Տեր Աստծո անունով պիտի երդվես» (Ելք 20։7, Բ Օր. 5։11): Իսկ մեզ արգելում է նույնն անել՝ ասելով․ «Ամենևին չերդվել ո՛չ երկնքի վրա, ո՛չ էլ երկրի» (Մատթ. 5։34): Բազում պատճառներով է մարդուն արգելում երդվել. նախ՝ որովհետև երդումը թերության պատճառով է, մինչդեռ մեր Տերը կամենում է, որ մենք այնքան ճշմարտախոս լինենք, որ կարիք չունենանք երդվելու: Ըստ որում ասում է. «Ձեր այո-ն լինի այո, և ոչ-ը՝ ոչ»:
Երկրորդ՝ որպեսզի չսովորեն դրան և ամեն ինչի համար հանդգնությամբ չերդվեն՝ Աստծո անունը տալով, մի բան, որ այժմ մարդիկ անում են գինեվաճառանոցներում՝ ամեն ինչի համար վկայակոչելով Աստծո սարսափելի անունը: Այս պատճառով Օրենքում պատվիրվում է. «Տեր Աստծո անունը մի՛ տուր ունայն բաների համար» (Ելք 20։7, Բ Օր. 11):
Երրորդ՝ ասում է. «Մի՛ երդվեք», այսինքն՝ սո՛ւտ մի երդվեք, քանզի սուտը սատանայից է, և ով սուտ է երդվում՝ նման է նրան, ով սատանայի սերմերն է կամենում աճեցնել, ինչը ծանր մեղք ու սաստիկ պատիժ է, ինչպես մարգարեն էլ է ասում. «Որ երդվում եք Տեր Աստծո անունով՝ ոչ ճշմարտությամբ և արդարությամբ»։ (48։1):
Չորրորդ՝ ասում է. «Մի՛ երդվեք ուրանալով կամ վկայելով», կամ էլ նմանատիպ եղանակներով: Ուրանալով երդվելն այն է, երբ մարդ ուրանում է Աստծուն, հավատը, եկեղեցին, թե՝ այսպես չէ, կամ թե՝ Աստված վկա, կամ էլ [երդվում] Խաչի վրա, կամ այլ բաների:
Իսկ եթե մեծ կարիք և երդման անհրաժեշտություն է լինում՝ այսպես են ասում. «Տերը գիտե», կամ՝ «սուրբ Խաչը», կամ՝ «սրբերը վկա, սա այսպես է»: Այդպես նաև Պողոսն է ասում. «Աստծո առջև խոսում ենք ի Քրիստոս» (Բ Կորնթ. 2։17)։ Կամ էլ դու կարող ես ասել՝ «Տերը կենդանի է, դա այսպես է»: Այդպես Եղիան էր ասում. «Կենդանի է Տերը և կենդանի է քո անձը» (Ա Թագ. 20։3):
Հինգերորդ՝ արգելում է երդվել քեզանից մեծի վրա. «Ոչ երկնքի վրա, քանզի Աստծո Աթոռն է, ոչ երկրի վրա, որ Աստծո ոտքերի պատվանդանն է, և ոչ էլ քո գլխի վրա» (Մատթ. 5։34), որովհետև քո կյանքը Աստծո ձեռքերում է, որովհետև եթե Աստծուց առավել մեկը լիներ՝ չէր համարձակվի երդվել, ու քանի որ չկա մեկը՝ իր անձի վրա է երդվում: Իսկ Աստված Իր անձի վրա երդվում է երեք պատճառով. նախ՝ որովհետև Աստծո էությունն անփոփոխ է, նույնն է և Նրա խոսքը, ինչպես ասում է. «Իմ խոսքերը չեն ապականվում» (45։23)։ Բայց մարդս փոփոխական է, որի պատճառով խոնարհվելով ու հավասարվելով մեզ՝ շատ բան է ասում, բայց չի կատարում, ինչպես օրինակ այն ժամանակ, երբ հարյուր քսան տարի խոստացավ Նոյին, բայց մեղքի հետևանքով քսան տարի կարճեցրեց և արագացրեց ջրհեղեղը: Նաև, Եզեկիայի ու Նինվեի համար մահվան վճիռ կայացրեց, բայց արտասուքի պատճառով կյանք շնորհեց նրանց: Սակայն ինչ ասաց երդումով՝ անփոփոխ մնաց, ըստ Պողոսի: Այլև անփոփոխելի մնաց այն բաներով, որոնցով անհնար էր, որ Աստված ստի, ինչպես այն դեպքում, երբ երդվեց Աբրահամին, թե՝ «Քո զավակից․․․» (Ծննդ. 12։7): Տերը ճշմարտապես երդվեց նաև Դավթին՝ նրա տոհմից Քրիստոսի ծնվելու վերաբերյալ (Սաղմ. 109):
Երկրորդ՝ ինչպես ասացինք, Իր անձի վրա երդվեց, որովհետև եթե իրենից մեծը լիներ՝ չէր համարձակվի երդվել: Երրորդ՝ Աստծուն շատ բան է հատուկ, որովհետև Նա կատարում է, բայց մեզ արգելում է, ինչպես, օրինակ, երբ մեզ ասում է. «Մի՛ սպանիր» (Ելք 20։12), բայց և «խոստովանում» է. «Ես սպանում եմ» (Բ Օր. 10։20): Մեզ ասում է. «Մի՛ դատեք» (Մատթ. 7։1), և Իր մասին ասում է. «Իմն է վրեժխնդրությունը» (Հռոմ. 12։19): Այլև, մարդուն բնորոշ չէ ընկերոջ մարմինն ու արյունը ուտել, բայց Նա Ինքն Իրեն ընծայեց մեզ և ասաց. «Իմ մարմինը ճշմարիտ կերակուր է և արյունս՝ ճշմարիտ ըմպելիք» (Հովհ. Զ 56): Նույնպես է և երդումը: Իսկ Օրենքում ասվում է. «Քո Տեր Աստծո անունով պիտի երդվես» (Բ Օր. 6։13), որպեսզի հրեաներին այդպիսով տարբերի հեթանոսներից, որոնք սովոր էին երդվել իրենց կուռքերի վրա, ուստի և Տերն ասում է. «Դուք երդվեք ճշմարիտ Աստծո վրա»:
Եվ երբ հայտնի դարձավ Քրիստոսով եղած աստվածպաշտությունը, չնայած դեռ շատերը կուրությամբ պաշտում էին կուռքերին, այնժամ վերացրեց թյուր երդումը, ինչպես ժամանակին մանկահասակ մարդկությունից զոհեր ու մարմնական պարգևներ էր ընդունում, բայց հետագայում դադարեց այդ անել, ըստ այնմ. «Զոհերն ու ընծաները հաճելի չեղան Քեզ» (Սաղմ. 39։7), և թե՝ «Քո տնից չեմ ընդունի հորթեր» (Սաղմ. 49;9): Իսկ ի՞նչ մատուցես Աստծուն որպես օրհնության պատարագ. սուրբ սիրտ և խոնարհ հոգի, որ Աստված չի արհամարհում:
Ամեն ծունկ Ինձ է խոնարհվելու։
Սրան հրեաները չեն կարող հակադարձել, որովհետև երդումով է հաստատված ու անպայմանորեն պետք է կատարվի, բայց ո՞ւմ միջոցով դա պիտի իրականանար։ Քանի որ դա չկատարվեց դարձից հետո, իսկ իրենք մի լեզու ունեն, և ոչ բազում, ապա ուրեմն հայտնի է, որ մեր Տեր Հիսուս Քրիստոսով իրականացավ այս խոսքը: Ինչպես Պողոսն է ասում. «Ամեն ծունկ խոնարհվելու է Հիսուս Քրիստոսի անվանը» (Փիլիպ. 2։10): Որովհետև այժմ ազգերից շատերը խոստովանում են Քրիստոսին, իսկ վախճանի ժամանակ՝ առհասարակ բոլորը պիտի խոստովանեն: Իսկ ի՞նչն են ուրանում հրեաները. մի՞թե չի կատարվելու երդումով հաստատվածը, կամ Քրիստոսի գալստյան ժամանակը չի՞ գալու, կամ մի՞թե չեն լռել նրանց մարգարեներն ու թագավորները, կամ մի՞թե բոլոր ազգերը չեն հնազանդվել Քրիստոսին, և արդյո՞ք արդարությունն ու փառքը Նրանը չեն:
Ա. Լոպուխին
«Անձովս եմ երդվում. Իմ շուրթերից արդարություն է դուրս գալիս, անփոփոխ խոսք, և ամեն ծունկ պիտի խոնարհվի Իմ առջև, ու Ինձնով պիտի երդվի յուրաքանչյուր լեզու»: [23] (Սինոդական թարգ․)
«Անձովս եմ երդվում. Իմ շուրթերից արդարություն է դուրս գալիս, անփոփոխ խոսք»: Նմանատիպ պարագաներում սովորական բնույթ ունի երդումը՝ որպես վկայություն ասված բոլոր խոսքերի բացարձակ անփոփոխելիության վերաբերյալ (Ծննդ. 22:16, 24:7, Ելք. 13:5, 11, Եր. 22:5 և այլ հատվածներ): Աստվածային երդման իմաստն ու նշանակությունը բացահայտվում է Պողոս առաքյալի կողմից (Եբր. 6:13):
«Ամեն ծունկ պիտի խոնարհվի Իմ առջև, ու Ինձնով պիտի երդվի յուրաքանչյուր լեզու․․․»: Այս հատվածի լավագուն մեկնությունը հանդիսանում է նույն առաքյալի հայտնի ցանկությունը. «․․․որպեսզի Հիսուս Քրիստոսի անունով խոնարհվի ամեն ծունկ՝ լինի թե՛ երկնավորների, թե՛ երկրավորների ու թե՛ սանդարամետականների, և ամեն լեզու խոստովանի, թե Հիսուս Քրիստոս Տեր է՝ ի փառս Հայր Աստուծո (Փիլ. 2:10-11, հմմտ. նաև Սաղմ. 21:28-30 և Հռոմ. 14:11):
--------------------------------
[23](Էջմիածին թարգ․) Անձովս եմ երդւում, որ ինչ էլ դուրս գայ իմ բերանից՝ արդարութիւն է, եւ իմ խօսքերը չեն եղծուելու: Ամէն ծունկ ինձ է խոնարհուելու, ամէն լեզու Աստծուն է խոստովանելու
(Արարատ թարգ․) Ինձանով եմ երդվել, իմ բերանից ճշմարտություն է դուրս եկել, խոսք, որ հետ չի դառնա. ամեն ծունկ ինձ պիտի խոնարհվի, և ամեն լեզու պիտի երդվի։ Եվ կասեն.
(Գրաբար 23-24) յանձն իմ երդնում, եթէ որ ինչ ելանէ ի բերանոյ իմոյ` արդարութիւն է. եւ բանք իմ մի եղծցին: Զի ինձ կրկնեսցի ամենայն ծունր. եւ խոստովան լիցի ամենայն լեզու Աստուծոյ:
Հաղորդում կայքում սխալի վերաբերյալ
Տվյալ հատվածում առկա է սխալ: