Սրբ․ Գրիգոր Տաթևացի
Ու նա վշտից իր բերանն անգամ չի բացում: Ինչպէս ոչխար՝ նա մորթուելու տարուեց, եւ ինչպէս գառ՝ անմռունչ կանգնած է խուզողի առաջ եւ նրա նման իր բերանը չի բացում:
Եվ Նա վշտից Իր բերանն անգամ չի բացում:
Այդպես նաև Դավիթն է ասում. «Ես մի մարդու պես եղա, որ չի լսում» (Սաղմ. 37։15), և այլն: Ու եթե մեկն ասի, թե ինչո՞ւ պատասխան չէր տալիս Իրեն [ուղղված] հարցումներին՝ վարդապետներն ասում են, թե դա հինգ պատճառ ուներ. նախ՝ որովհետև ամենքն էլ տեսան Հիսուսի բոլոր հրաշագործությունները, բայց չհավատացին դրանց, ուստի նաև խոսքերին չէին հավատա:
Երկրորդ՝ որովհետև ոչ թե իրապես իմանալու նպատակով էին հարցնում, այլ իրենց իշխանության գործադրմամբ, և կամենում էին սպանել Նրան:
Երրորդ՝ որովհետև նրանց հետ հեզ բարբառով քիչ բան խոսեց, բայց չլսեցին, ինչպես օրինակ այն ժամանակ, երբ [ասաց]. «Ինչո՞ւ ես հարվածում Ինձ» (Հովհ. 18։23), և թե՝ «Եթե վատ խոսեցի, վկայի՛ր», և թե՝ «Բոլորին պատասխանում էր, բայց չէին լսում Նրան»: Նույնիսկ Պիղատոսի կնոջ երազը նրանց չհամոզեց 3, ո՛չ էլ մատնիչի խեղդվելը (Մատթ. 27։5), և ո՛չ սուտ վկաների ամաչելը:
Չորրորդ՝ որովհետև եթե վերին իմաստությունը խոսեր, ստորին կջախջախեր հիմարությունը, բայց և այդպիսով կխափանվեր Նրա մահվան տնօրինությունն ու աշխարհի փրկությունը: Հինգերորդ՝ մեզ օրինակ լինելու համար, որպեսզի նմանատիպ մահվան ժամանակ չշատախոսենք, իսկ եթե խոսենք էլ՝ ապա խոսենք մեղմությամբ ու հեզությամբ, ինչպես մեր Տերը: Չէ՞ որ եթե մենք լռենք էլ՝ մեծ բան չէ դա, քանզի դա վախից է, մինչդեռ Նրա լռությունն ամենազորի լռություն էր, որովհետև այն խոսքի վրա, թե՝ «Ո՞ւմ եք փնտրում», նրանք «ետ-ետ գնացին ու գետին ընկան» (Հովհ. 18։4, 6): Եվ տե՛ս, ոչ միայն հակառակ որևէ խոսք չասաց նրանց, այլև աղոթք էր անում նրանց համար, ինչը Փրկչի կամավոր մահն էր ցույց տալիս:
Իբրև ոչխար Նա մորթվելու տարվեց:
Այսպես է կոչվում նախ՝ լռության պատճառով, որովհետև ամեն կենդանի մորթվելիս ուժեղ կամ թույլ ձայն է արձակում, իսկ հոտի ոչխարը՝ ոչ: Նույնպես և մեր Տերը դատապարտվելիս ոչ մի պատասխան չէր տալիս վերևում նշված պատճառներով:
Երկրորդ՝ այսպես է կոչվում զոհաբերվելու պատճառով, ինչպես հայտնի է Օրենքից։ Չէ՞ որ ոչխարի զոհաբերությունը կատարվում էր մարդկանց մեղքերի քավության համար, իսկ մեր Տերը Խաչի զոհաբերությամբ վերացրեց աշխարհի մեղքերը, ինչպես Հովհաննեսն էլ վկայեց. «Սա է Աստծո Գառը, որ վերացրեց աշխարհի մեղքերը» (Հովհ. 1։29):
Երրորդ՝ որովհետև Աստված ծածկեց մեր մերկությունը Նրա միջոցով, Ով մերկացավ Խաչի վրա, քանզի «Մենք, որ Քրիստոսի մահվան մեջ մկրտվեցինք՝ Քրիստոսին հագանք» (Գաղատ 3։27), ինչպես ասում է Պողոսը:
Չորրորդ՝ քանի որ Քրիստոս Իր մարմնով կերակրեց մարդկանց և խմեցրեց Իր կողից, որտեղից հոսում է շնորհների յուղը և աչքերի լույսը: Հինգերորդ՝ օձահալած բնության պատճառով է այսպես կոչվում, քանի որ Տերը բանսարկուին դատապարտեց, դուրս շպրտեց ու մեր մեղքերի պարտամուրհակը բևեռեց խաչափայտին և «մեզ իշխանություն տվեց՝ կոխել օձերի ու կարիճների» (Ղուկ. 10։ 19):
Հինգերորդ՝ այդպես է կոչվում Իր անմեղության պատճառով, ըստ Երեմիայի. «Ես իբրև անմեղ գառ․․․» (Երեմ. 11։19):
Կանգնած է խուզողի առջև.
Այս խոսքը նախ այն է նշանակում, որ Քրիստոս հոժար կամքով խոնարհվեց, և երկրորդ՝ կենդանի մնաց մահվան մեջ:
Ա. Լոպուխին
«Նա տանջվեց, սակայն կամավորաբար տառապեց և չբացեց Իր բերանը, որպես մի ոչխար Նա տարվեց սպանդի, և ինչպես գառն է համր իրեն խուզողների առջև, այդպես էլ Նա Իր բերանը չբացեց»։ [7] (Սինոդական թարգ․)
7-9-րդ համարներում հատուկ խոսք է հնչում Տիրոջ հեզ Ծառայի, Նրա խոնարհ Որդու, այսինքն՝ չարչարվող Մեսիայի տառապանքների, մահվան և թաղման մասին։
«Նա տանջվեց, սակայն կամավորաբար տառապեց...» - Սա նախորդող մտքերից մեկի (Ես. 53-րդ գլուխ, 4-6-րդ համարներ) կրկնությունն է, սակայն որոշակի նոր հավելումներով՝ հատկապես Մեսիայի քավչարար տառապանքների՝ կամավոր բնույթ ունենալու վերաբերյալ առավել պարզ շեշտադրությամբ։ Մեսիայի տառապանքների ընդհանուր էությունն այստեղ նկարագրվում է ընդամենը մեկ բառով՝ «տանջվեց», սլավոներենում՝ «խոշտանգվեց»։ «Խոշտանգված լինել» մասնավորապես նշանակում է ինչ-որ մեկի զայրույթի առարկան լինել, ամոթանք կրել և տառապանքների ենթարկվել։ «Ինչպես որ կենդանապահ-ծառաները տանջում են խեղջ կենդանիներին (Ելք․ 3։7), ինչպես որ խստասիրտ մարդիկ ծաղրում են նրանց, ովքեր ընկնում են այդպիսինների ձեռքը (Ես. 3։12, 58։3), այդպես դաժանորեն և անգթաբար անողոք չարչարողները խոշտանգում են Տիրոջ անմեղ Որդուն» (Գրիգորև, էջ 218)։
«Սակայն կամավորաբար տառապեց և չբացեց Իր բերանը...» - Այստեղ Եսայի մարգարեն առաջին անգամ է, ինչ նմանատիպ վստահությամբ խոսում է Մեսիայի քավչարար տառապանքների կամավորական բնույթի մասին, որն էլ «ապահովում» էր դրանց փրկարար զորությունը։ Ճիշտ է, Եսային դրանց վերաբերյալ ակնարկներ է արել նաև նախկինում, օրինակ՝ այն հատվածում, որտեղ նա, նկարագրելով Տիրոջ Որդու խոնարհ կերպարը, Նրա մասին ասում է, որ «Նա չի աղաղակելու ու չի բարձրացնելու Իր ձայնը, և Իր ձայնը լսել չի տալու փողոցներում: Կոտրված եղեգը չի փշրելու և առկայծող պատրույգը չի հանգցնելու, այլ ճշմարտությամբ դատաստան է տեսնելու» (Ես. 42։2-3), կամ էլ, առավել քողարկված ձևով, մեկ այլ հատվածում․ «Տեր Աստված բացեց Իմ ականջը, և Ես չհակառակվեցի» (Ես. 50։5)։ Դեռ չենք խոսում այն մասին, որ այս տեքստերի իմաստը բավականին քողարկված է, դրանք ավելի շատ խոսում են կա՛մ Մեսիայի ուսմունքի և կյանքի համընդհանուր բնույթի, կա՛մ էլ Նրա՝ Երկնային Հոր կամքի հանդեպ լիակատար հնազանդության մասին: Մեր կողմից դիտարկվող հատվածում պարզ և հստակորեն ասվում է, որ Մեսիայի տառապանքները ոչ միայն պասիվ, այլ նաև ակտիվ բնույթ ունեին, դրանք միայն օտար կամքին հեզորեն հնազանդություն չէին ենթադրում, այլև դրա հետ մեկտեղ Նրա սեփական կամքի կենդանի արտահայտությունն էին, ինքնազոհողության բարձրագույն դրսևորում։
Այս համարի երկրոդ կեսը՝ «որպես մի ոչխար Նա տարվեց սպանդի, և ինչպես գառն է համր իրեն խուզողների առջև, այդպես էլ Նա Իր բերանը չբացեց», անմիջապես առաջ հնչած մտքի պատկերավոր, հիասքանչ արտահայտությունն է Մեսիայի ինքնակամ զոհողության և սարսափելի ու բոլորովին «չվաստակած» տառապանքները լռությամբ կրելու մասին։ Մարգարեն այդ պատկերը, վերցրել է առօրյա կյանքից, բայց այդ պատկերը ևս, ինչպես երևում է, զուրկ չէ փոխաբերականությունից, քանի որ ակնարկում է կա՛մ Զատկի գառան, կա՛մ զոհասեղանի գառան մասին, որին սպանելուց առաջ սովորաբար կապում էին, և նա այդ ամբողջ ընթացքը համբերատարությամբ և հեզությամբ էր անցկացնում։ Թե՛ այս, և թե՛ մյուս զոհերը նախատիպային նշանակություն ունեին Գողգոթայի մեծագույն Զոհի համար (Ա Կորնթ․ 5։7, Հովհ․ 1։29, Հայտ․ 5։6, 12)։ Սույն պատկերը ևս մեկ անգամ գրեթե տառացիորեն հանդիպում է Երեմիա մարգարեի գրքում (Երեմ. 11։19)․ «Իսկ ես՝ որպես խոնարհ գառ, որը սպանդի է տարվում...»։ Ինչ վերաբերում է այս համարի մարգարեության իրականացմանը, ապա գրեթե բոլոր մեկնաբանները համաձայնում են դրանում տեսնել անմեղ Տառապյալի հանդեպ դրսևորված ծաղրուծանակի զարմանալիորեն ճշգրիտ պատկերը, և իմիջիայլոց Նա հեզությամբ և համբերատարությամբ աչքի ընկավ Իր դեմ հարուցված քահանայապետական կողմնակալ դատավարության ժամանակ (Մատթ․ 26։62-63, 67-68, 27։12-14, Մարկ․ 15։3-5, Ղուկ․ 23։9, Հովհ․ 19։9-10)։ Այս հուզական դրվագը հիշատակված է նաև Պետրոս առաքյալի նամակում՝ հետևյալ բառերով․ «Նախատվելիս Նա չէր նախատում, տառապելով՝ չէր սպառնում, այլ այդ հանձնեց Արդար Դատավորին» (Ա Պետ․ 2։23)։ Իսկ հենց Եսայի մարգարեի գրքում այս համարին ամենից մոտ զուգահեռը հանդիսանում է մեզ արդեն հայտնի հատվածը․ «Ես Իմ թիկունքը տվեցի Ինձ հարվածողներին, և Իմ ծնոտները՝ Ինձ ապտակողներին. Իմ երեսը չծածկեցի նախատինքից ու թքից» (Ես. 50։6)։ Վերջապես չի կարելի լռել նաև ա՛յն իրողության մասին, որ Եսայու մարգարեության հատկապես այս հատվածը Փիլիպպոս առաքյալի խոսքի համար յուրահատուկ նյութ հանդիսացավ՝ ուղղված Եթովպիայի Կանթակա թագուհու ներքինուն, և այդ միջադեպն էլ ավարտվեց վերջինիս մկրտությամբ (Գործք․ 8։28-35)։
--------------------------------
[7](Էջմիածին թարգ․) Ու նա վշտից իր բերանն անգամ չի բացում: Ինչպէս ոչխար՝ նա մորթուելու տարուեց, եւ ինչպէս գառ՝ անմռունչ կանգնած է խուզողի առաջ եւ նրա նման իր բերանը չի բացում:
(Արարատ թարգ․) Նա ճնշվեց ու չարչարվեց, բայց չբացեց իր բերանը, ինչպես մի գառ, որ մորթվելու է տարվում, և մի մունջ ոչխարի պես, որ կանգնում է իրեն խուզողների առաջ, այնպես էլ նա չբացեց իր բերանը։
(Գրաբար) եւ նա առ վշտին ոչ բանայ զբերան իւր: Իբրեւ ոչխար ի սպանդ վարեցաւ. իբրեւ որոջ առաջի կտրչի անմռունչ կայ. այնպէս ոչ բանայ զբերան իւր:

Հաղորդում կայքում սխալի վերաբերյալ
Տվյալ հատվածում առկա է սխալ: