Եսայու մարգարեության մեկնություն 55:1

Սրբ․ Գրիգոր Տաթևացի

«Ո՛վ դուք, որ ծարաւած էք, գնացէ՛ք ջրի, եւ դուք, որ բոլորովին արծաթ չունէք, գնացէք գնեցէ՛ք ու կերէ՛ք առանց արծաթի եւ առանց գինու համար վճարելու:
   
   Դուք, որ բոլորովին արծաթ չունեք, գնեցեք ու կերեք առանց արծաթի։
   Այս խոսքերն առաջին իմաստով լիության մասին են վկայում, որովհետև ամենուրեք լիություն էր, այնպես որ կարիք չկար միսն ու գինին արծաթով գնելու: Իսկ այս մարգարեության իրական, ճշմարիտ իմաստը հետևյալն է. դուք, որ չունեք արծաթ, այսինքն՝ Աստծո Բանը, և տգետ եք, գնացեք ու գնեցեք առանց արծաթի, այսինքն՝ առաքինությամբ, ինչպես ձկնորսներն իրենց առաքինության շնորհիվ ընդունեցին Սուրբ Հոգու պարգևները:
   

Ա. Լոպուխին

«Ծարավածնե՛ր, բոլորդ գնացե՛ք ջրերի մոտ, անգամ և դուք, որ արծաթ չունեք, գնացե՛ք, գնե՛ք և կերե՛ք, գնացե՛ք և առանց արծաթի ու առանց վճարի գինի և կաթ գնեք»։ [1] (Սինոդական թարգ․)
   
   1-3-րդ համարներում հնչում է հանդիսավոր առիթների պարագայում Եսայի մարգարեի համար սովորական եղող բանաստեղծական-պատկերավոր և այդ իսկ պատճառով էլ նաև բավականին բազմաբառ  ներածական մի խոսք կամ, ավելի ճիշտ, ուղերձ խոսքի հասցեատերերին՝ դրա թեմայի շուրջ ընդհանուր մատնանշում կատարելով։

   «Ծարավածնե՛ր, բոլորդ գնացե՛ք ջրերի մոտ․․․» - Պաղեստինի չոր և տաք կլիմայական պայմաններում (որտեղ ապրում և գործում էր Եսայի մարգարեն), որը սովորաբար տառապում էր սաստիկ երաշտներից և խոնավության պակասությունից, մաքուր, սառը աղբյուրի և դրա զովացնող ջրերի պատկերը հատկապես հասկանալի և համոզիչ էր բոլորի համար։ Սակայն այն, որ սա պարզապես մի պատկեր էր, որը պատկերացում էր տալիս մեկ այլ ջրի՝ «փրկության ջրի» մասին, դա երևում է հենց նույն Եսայի մարգարեի՝ ավելի վաղ արտաբերած խոսքերից․ «Եվ ուրախության ժամանակ պետք է ջուր վերցնեք փրկության աղբյուրներից» (Ես․ 12։3), որովհետև Ես ջուր պիտի հեղեմ ծարավածների վրա, և հեղեղներ՝ չորացած երկրի վրա: Իմ Հոգին պիտի հեղեմ քո սերունդների վրա (Ես․ 44։3 հմմտ․ 41։17 և այլ տեղիներ)։ Դա հատկապես պարզ է դառնում Տեր Հիսուս Քրիստոսի խոսքերից, Ով Տաղավարհարաց տոնին խոսած փրկության մասին Իր նշանավոր քարոզը սկսեց հենց նույն պատկերի բացահայտմամբ․ «Ով ծարավ է, թող գա Ինձ մոտ և խմի (Հովհ․ 7։37)։ Իսկ մյուս հատվածում՝ սամարացի կնոջ հետ խոսակցության ժամանակ, Նա բացատրում է, որ «այն ջուրը, որը Ես նրան տալու եմ, նրա մեջ կլինի բխող ջրի աղբյուր հավիտենական կյանքի համար» (Հովհ․ 4։14)։

   «Բոլորդ գնացե՛ք ջրերի մոտ, անգամ և դուք, որ արծաթ չունեք․․․» - Սա նորկտակարանյան Եկեղեցուն անդամագրվելու՝ ամենքին ուղղված համընդհանուր գաղափարի հիասքանչ և զորեղ արտահայտություն է․ չէ՞ որ այդ անդամագրությունը որևէ տեսակի կախում չուներ ո՛չ ունեցած հարստությունից, ո՛չ իշխանությունից, ո՛չ ծագումից, մեկ խոսքով ասած՝ որևէ մի արտաքին կարողությունից։

   «Սուրբ Հոգու շնորհները հավատացյալներին ոչնչի դիմաց են տրվում (Մատթ․ 10։8), քանի որ Տիրոջը հարկավոր չեն մարդու տվածները (Սաղմ․ 16։2)։ Մեկ ուրիշ հատվածում էլ՝ արդեն նորկտակարանյան գրքերում, հիանալի կերպով ասվում է, որ Աստված քաղցածներին լիացրեց բարիքներով և մեծահարուստներին ձեռնունայն արձակեց (Ղուկ․ 1։53)։ Մարդու կողմից ընդունվելով՝ դրանք նրա համար ունենում են նույն նշանակությունը, ինչպես որ գինին և կաթը՝ մարդկային ուժասպառ օրգանիզմի համար, այսինքն՝ ունենում են ամրացնող և սնուցող նշանակություն» (Յակիմով, Տրոիցկի, Ելեոնսկի, «Եսայի մարգարեի գիրքը», էջ 845)։
--------------------------------
[1](Էջմիածին թարգ․) «Ո՛վ դուք, որ ծարաւած էք, գնացէ՛ք ջրի, եւ դուք, որ բոլորովին արծաթ չունէք, գնացէք գնեցէ՛ք ու կերէ՛ք առանց արծաթի եւ առանց գինու համար վճարելու
(Արարատ թարգ․) Ո՛վ բոլորդ, ծարավածնե՛ր, եկե՛ք ջրերի մոտ, և դուք, որ փող չունեք, եկե՛ք, գնե՛ք ու կերե՛ք. եկե՛ք, գնե՛ք գինի և կաթ առանց փողի, առանց գնի։
(Գրաբար) Ոոր ծարաւիդ էք` երթայք ի ջուր. եւ որ մի անգամ ոչ ունիք արծաթ, երթայք գնեցէք. եւ կերիջիք առանց արծաթոյ` եւ գնոց գինւոյ: