Բացատրական աստվածաշունչ, Ա. Պ. Լոպուխինի (†1904)
2-4. Տե՛ր, մինչև ե՞րբ պիտի աղաղակեմ, և Դու չլսես, բողոքեմ Քեզ բռնության համար, և Դու չփրկես: [2] Ինչո՞ւ ես թույլ տալիս, որ չարիք տեսնեմ և նայեմ թշվառությանը։ Իմ առջև կողոպուտ և բռնություն է, թշնամությունը ոտքի է ելնում, և խռովություն է բարձրանում։ Դրա պատճառով օրենքը կորցրել է իր ուժը, և արդար դատաստան չկա, քանի որ անօրենը հաղթում է արդարին, ուստի սխալ դատաստան է լինում: (Սինոդական թարգ․)
Այստեղ պատկերված մարգարեի գանգատները, որոնք ուղղված են ուխտի Աստծուն, ըստ որոշ հրեա մեկնիչների, ինչպես նաև երանելի Հերոնիմոսի և մի շարք նոր մեկնիչների (Ֆիլիպսոն, Մաուրեր, Ռոզենմյուլլեր, Էվալդ և այլն), պայմանավորված էին Հուդայում բաբելոնացիների կամ քաղդեացիների կողմից սպասվող կամ արդեն փաստացի տեղի ունեցող բռնություններով: «Մարգարեն,− ասում է Հերոնիմոսը,− աղաղակում է առ Աստված այն մասին, թե ինչո՞ւ պիտի Նաբուգոդոնոսորը կործանի տաճարը և Հուդան, ինչո՞ւ պիտի Երուսաղեմը ենթարկվի ավերածության, թեև այն Աստծու քաղաքն է: Ինչո՞ւ է մարգարեն կանչում, բայց Աստված չի լսում նրան: Նա, քաղդեացիների կողմից ճնշված, աղաղակում է Տիրոջը, բայց փրկություն չի ստանում» («Ամբակումի մարգարեության մեկնության երկու գրքեր», Կիև, 1898. էջ 133): «Անօրեն Նաբուգոդոնոսոր թագավորը հաղթանակ տարավ արդար Հուդայի հանդեպ (Դ Թագ. 24:1), արդար Հովսիա թագավորը կսպանվի Եգիպտոսի թագավորի կողմից (Դ Թագ. 23:29), Դանիելը, Անանիան, Միսայելը և Ազարիան կհայտնվեն գերության մեջ (Դան. 3), իսկ Բաբելոնի իշխանը տիրակալ կդառնա» (էջ 135): Այսպիսի ընկալման օգտին դրա նոր կողմնակիցները մատնանշում են, որ 2−րդ և 3−րդ համարներում հանդիպող «համաս»՝ բռնություն, և «ամալ»՝ ճնշում բառերը, գործածվում են նաև 9−րդ և 13−րդ համարներում, որտեղ դրանք անվիճելիորեն մատնանշում են քաղդեացիների բռնի գործողությունները: Սակայն, բացի այդ բառերից, քննարկվող հատվածի 3−րդ համարում մարգարեի կողմից գործածվում են «րիվ»՝ դատ, վեճ, և «մադոն»՝ կռիվ, երկպառակություն բառերը: Նաև՝ 4−րդ համարում ասվում է, որ Թորան՝ Օրենքը, կորցրել է իր ուժը («Թորա»−ն, ակնհայտորեն, Մովսեսի Օրենքն է), որ ճշմարտությունը չի հաղթում, և որ սխալ դատաստան է արվում: Անկասկած, այս բոլոր հատկանիշները կիրառելի են միայն Հուդայի ժողովրդի՝ որպես դրական−բարոյական օրենքը (Թորան) ստացած ժողովրդի ներքին կյանքի համար, որը, ընդ որում, մեղանչում էր վերջինից հաճախակի շեղումների հետևանքով: Եվ հակառակը, դրանք բոլորովին կիրառելի չեն քաղդեացիների համար, որովհետև սա մի ժողովուրդ է, որը չէր ճանաչում որևէ այլ օրենք, բացի իր կողմից աստվածացրած սեփական կամքից (7-րդ համար) և ուժից (11 և 16-րդ համարներ): Միևնույն ժամանակ, եթե նույնիսկ համաձայնենք մեր կողմից հերքվող 2−4-րդ համարների այդ մեկնությանը, ապա հաջորդող 5−10-րդ համարների հայտարարությունը քաղդեացիների ներխուժման մասին՝ որպես միանգամայն նոր և անհավատալի իրադարձության, ինչպես և դրա մանրամասն նկարագրությունը, կկորցնի իր իմաստը և լիովին անհասկանալի կմնա: Ընդհակառակը, երբ 2−4-րդ համարները բացատրում ենք որպես մարգարեի ժամանակակից հրեաների կյանքի կրոնա-բարոյական և իրավական կողմերի ներքին քայքայում, միանգամայն հասկանալի է դառնում այս հատվածի ընդհանուր կապը հաջորդող՝ 5−11-րդ համարների հետ: Դա պատճառի և հետևանքի, այսինքն՝ հանցանքի և պատժի կապն է: Մասնավորապես, հրեաների հանցանքների և քաղդեացիների գործողությունների պատկերների համար նշված (համաս, ամալ) միանման անվանումների կիրառումը խորապես հիմնված է աստվածային հատուցման և այն հարուցած մեղքի համապատասխանության գաղափարի վրա՝ ըստ Իմաստունի խոսքի. «Ինչով որ մեղանչում է մարդը, նույն բանով էլ պիտի պատժվի» (Իմաստ. 11:17)։ Հրեաների մեղքը ճնշումների և օրենքի ոտնահարման տարբեր ձևերի մեջ էր (2−4-րդ համարներ), ուստի նույնատիպ էլ՝ քաղդեացիների ներխուժման և բռնության տեսքով, Աստծու պատիժն է (5−11-րդ համարներ)։ Նույն կերպ էլ, Աստծու ժողովրդի նկատմամբ անօրեն բռնությունների համար (12-րդ համար և այլն), այս վերջիններիս՝ քաղդեացիներին, Աստծու դատաստանով նույնպիսի աղետալի ճակատագիր սպասվում (գլուխ 2) (տե՛ս պրոֆ. Գոլուբեև. «Ամբակում մարգարեի գիրքը», էջ. 699−701): Այսպիսով, Ամբակում մարգարեն 2−4-րդ համարներում Միքիա մարգարեի նմանողությամբ (գլուխ 7) խոր ցավ է արտահայտում իր ժողովրդի հասարակական կյանքում գերիշխող անօրենության համար: Որպես աստվածապետական հասարակության խոր հավատացյալ անդամ, ավելին՝ որպես աստվածապետության աստվածադիր պահապան ( Ամբ. 2:1)՝ մարգարեն «թմրած» (եբր.՝ pug) օրենքի և Աստծու ոտնահարված ճշմարտության համար (4-րդ համար) սրբազան նախանձախնդրությամբ և համարձակ աղոթքով (սաղմոսերգուի նման, ինչպես, օրինակ, Սաղմ. 21:2, 85:2 և այլն) աղաղակում է Տիրոջը՝ իր հայրենակիցների կյանքում երկար սպասված աստվածային միջամտության համար, որը չի համապատասխանում աստվածային օրենքին: Մարգարեն, իհարկե, բողոքում է կյանքի ընդհանուր ուղղության և ոչ թե առանձին անօրենների կամ էլ իրեն անձնապես ճնշողների դեմ:
--------------------------------
[2](Էջմիածին թարգ․) Մինչեւ ե՞րբ, Տէ՛ր, աղօթեմ, բայց դու չլսես, զրկուած՝ ձայն տամ քեզ, եւ դու չփրկես:
(Արարատ թարգ․) Ո՛վ Տեր, մինչև ե՞րբ պիտի աղաղակեմ, և դու չպիտի լսես, աղաղակեմ բռնության մասին, բայց դու չպիտի ազատես։
(Գրաբար) Մինչեւ յե՞րբ, Տէր, աղաղակիցեմ, եւ ոչ լուիցես. գոչիցեմ առ քեզ զրկեալ, եւ ոչ փրկիցես։
Հաղորդում կայքում սխալի վերաբերյալ
Տվյալ հատվածում առկա է սխալ: