Մեկնություն Ավետարան ըստ Հովհաննու 14:8

Մաղաքիա արք. Օրմանյան

8-11. Փիլիպպոսն ասաց նրան. «Տէ՛ր, Հօրը մեզ ցո՛յց տուր, եւ այդ բաւական է մեզ»: Յիսուս նրան ասաց. «Այսքան ժամանակ ձեզ հետ եմ, Փիլիպպո՛ս, եւ ինձ չճանաչեցի՞ր. ով ինձ տեսաւ, տեսաւ Հօրը. իսկ դու ինչպէ՞ս ես ասում, թէ՝ Հօրը մեզ ցո՛յց տուր: Չե՞ս հաւատում, որ ես Հօր մէջ եմ, եւ Հայրը՝ իմ մէջ: Այն խօսքերը, որ ես ասում եմ ձեզ, ինքս ինձնից չեմ խօսում, այլ Հայրը, որ բնակւում է իմ մէջ, նա՛ է անում գործերը: Հաւատացէ՛ք ինձ, որ ես Հօր մէջ եմ, եւ Հայրը՝ իմ մէջ. եթէ ոչ՝ գոնէ գործերի՛ համար հաւատացէք ինձ:
   
    Ասում են խոսքը խոսք է բերում․ Թովմասի տված բացատրության մեջ Հիսուս ասում էր, թե որովհետև Իրեն տեսել են, ուրեմն Երկնավոր Հորն էլ են տեսել․ «Տեսէք զնա»։ Փիլիպպոսը մտածում է, թե իրենք երբեք Երկնավոր Հորը չեն տեսել, և մեկի տեսնելով, մյուսի իմանալը՝ իր խելքով երբեք տեսնել չի լինի, դրա համար առաջ անցնելով, և ուրիշների մտքով անցածը հայտնելով, ասում է «Տե՜ր, մեկ անգամ Երկնավոր հորը տեսնենք, էլ ուրիշ ոչինչ չենք պահանջում, հավատքներս կատարյալ դարձնելու համար միայն այս էլ բավական է մեձ»։
    Այս անգամ Հիսուս ուղղակի պատասխանում է Փիլիպպպոսի առաջարկին և ավելի մանրամասնորեն բացատրում իր և Երկնավոր Հոր ունեցած նույնության գաղափարը։ «Այսքան ժամանակ, - ասում է, - ձեզ հետ եմ և դու դեռ ինձ չե՞ս ճանաչել, Փիլիպպոս։ Ինձ տեսնողը Երկնավոր Հորը տեսած կլինի, և եթե տակավին Երկնավոր Հորը տեսնել ուզես, պետք է ասել, որ ինձ էլ չես տեսել և չես ճանաչել։ Ինձ տեսա՞ր ու ճանաչեցի՞ր, ուրեմն Երկնավոր Հորն էլ տեսար ու ճանաչեցիր։ Ուրեմն ինչու՞ ես խնդրում Երկնավոր Հորը տեսնելու։ Մի՞թե չես հավատում, որ Երկնավոր Հայրը և ես միևնույնն ենք, Նա ես եմ, ես Նա եմ, Նրա խոսքը իմ խոսածն է, իմ խոսածը՝ նրա խոսքը, որովհետև ես երբեք իմ կողմից և իմ մտքով չեմ խոսում, այլ Երկնավոր Հոր տվածն է, որ խոսում եմ, Նա իմ ներսում է, և նա է, որ ինձնով խոսում է։ Ինչպես որ իմ գործերը Երկնավոր Հոր գործերն են, ես ինձանից և ինձանով չեմ անում, այլ Երկնավոր Հայրը, որ իմ ներսում է, Նա է բուն գործողը։ Այս ամենին դեռ չե՞ք հավատում։ Արդ, եթե երբեք խոսքերիս չեք հավատում, գոնե գործերին հավատացեք։ Մի՞թե այն բոլոր սքանչելիքներն ու հրաշքները, որոնք անցյալ ամանակներում տեսաք, հնարավո՞ր էին, որ առանց Աստծու կատարվեին։ Բայց քանի որ կատարվեցին, իմացեք, թե Աստծով կտարվեցին, թե ասածներս ճիշտ են, թե Աստծու հետ միացած եմ, թե ես և Երկնավոր Հայրը միևնույն բանն է»։
    Այդ վարդապետությունը ուրիշ առիթով էլ էր Հիսուս ասել, և մենք էլ իրենց տեղում բացատրել ենք (Հովհ. 5:19-47 և Հովհ. 10:22), հետևաբար նորից ներկայացնել չենք ուզում․ միայն նշենք, որ այստեղ Հիսուս առաքյալների նեղ խմբի մեջ շատ ավելի հստակ բացատրություններ է գործածում։