Մեկնություն Ավետարան ըստ Ղուկասի 8:1

Ստեփանոս Սյունեցի

Դրանից յետոյ Յիսուս շրջում էր քաղաքներում եւ գիւղերում, քարոզում էր եւ աւետարանում Աստծու արքայութիւնը: Եւ նրա հետ էին Տասներկուսը։
   
   «Եվ Ինքն շրջում էր քաղաքներում և գյուղերում՝ քարոզելու և ավետարանելու Աստծու արքայությունը»:
Գյուղերում շրջելը, քարոզելն ու ուսուցանելը ցույց են տալիս անտունների, աղքատների և տառապյալների նկատմամբ [Նրա] մարդասիրությունը:
   

Մաղաքիա արք. Օրմանյան

1-3․ Դրանից յետոյ Յիսուս շրջում էր քաղաքներում եւ գիւղերում, քարոզում էր եւ աւետարանում Աստծու արքայութիւնը: Եւ նրա հետ էին Տասներկուսը եւ մի քանի կանայք, որոնք բժշկուել էին չար ոգիներից ու հիւանդութիւններից. Մարիամը, որ կոչւում էր Մագդաղենացի, եւ որից եօթը դեւ էր դուրս եկել, Յովհաննան՝ Հերովդէսի վերակացուի՝ Քուզայի կինը, եւ Շուշանն ու շատ ուրիշներ, որոնք իրենց ունեցուածքից մատակարարում էին նրան:
   
   Հիսուսի կյանքը մի շարունակվող շրջագայություն է Գալիլիայում, եթե մի պահ Կափառնայում է, եւ անմիջապես հետո շրջագայության է դուրս գալիս, պետք չէ որ քաղաքից մեկնելու ու վերադառնալու ժամանակացույց կազմենք, քանի որ ավետարանիչներն էլ այդ աշխատանքն չեն կատարել, ոչ էլ պետք է Կափառնայումում կամ Կափառնայումից դուրս կատարած գործերն օրերի հաջորդականությամբ իրար համեմատել։ Ավետարանիչներն մեզ կարեւոր դեպքերի ու գլխավոր քարոզների հավաքածուն են տալիս եւ իրենց կողմից յուրաքանչյուր հատվածի սկզբում նշում բառերը եւ եղեւ կամ Յետ այնորիկ, կամ Եւ իբրեւ, կամ Յաւուրն յայսոիկ եւ այլն, ընդհանուր իմաստով պիտի հասկանալ, ոչ թե երկու իրար ետեւից պատմվող եղելություններ, ինչպես որ եթե ասվեր․ Յիսուս այս գործն ալ ըրաւ կամ Հիսուս այս խոսքն էլ ասեց։ Այս առումով, Ղուկասի ասածն էլ, Եւ եղեւ յետ այնորիկ եւ ինքն շրջել, պարզապես Հիսուսի շարունակվող քարոզչական շրջագայությունները պիտի հասկանալ․ միայն թե Եւ երկոտասնքն ընդ նմա հավելվածը հայտնում է, որ Տասներկու առաքյալներ արդեն ընտրված, բայց դեռ ցրված չէին։ Հիսուսի շրջագայելու սահմանն էլ ընդարձակ է․ Ընդ քաղաքս եւ ընդ գեղս․ Հիսուսն հասնում էր Գալիլիայի բոլոր կողմերը՝ թե՛ գլխավոր եւ թե՛ աննշան տեղերը։ Իսկ քարոզածն էլ միշտ միեւնույնն էր․ Աւետարանէր զԱրքայութիւն Աստուծոյ․ հասել էր նրա Ուխտի կամ Ավետարանի ժամանակը եւ ծանուցում էր Մեսիայի գալուստի կատարված լինելը, մեկնում էր մարգարեությունները, բացատրում էր նրա օրենքները եւ կրկնում շարունակ այն նյութերը, որոնց ընդարձակ ամփոփումը տեսանք Լեռան քարոզում։ Մի անգամ էլ ենք կրկնում, որ Հիսուս շարունակ նույն քարոզներն էր խոսուն, եւ երբեք պետք չէ կարծել, թե մի նյութը միայն մի տեղ եւ միայն մի անգամ է խոսել։
   Ղուկասը այստղ բոլորովին մի նոր հանգամանք է մեզ ներկայացնում․ Հիսուսի շրջագայություններում նրան հետեւում էին ոչ միայն Տասներկու առաքյալները, այլեւ կանայք ոմանք․ Հիսուսի աշակերտների հետ աշակերտուհիներ էլ ուներ, հետեւորդներ ուներ ոչ միայն տղամարդկանցից, այլեւ՝ կանանցից, եւ որ ավելին է՝ այդ հանգամանքը Հիսուսի դեմ բամբասանքի կամ մեղադրանքի առիթ չէր տալիս։ Ավետարանիչները Հիսուսի դեմ խոսված բոլոր ամբաստանություններն ու զրպարտությունները համարձակորեն հիշեցնում են, բայց այս հարցի շուրջ որեւէ բան ասված լինելը բոլորովին չեն հիշատակում։ Վերոհիշյալ կանանց գործը՝ արտաքին միջոցներով Հիսուսին օգնելն էր։ Հիսուս իր օրապահիկը ճարելու արհեստը չուներ․ առաքյալները Հիսուսին հետեւելու համար նավակ ու կրպակ թողել ու գործից հեռացել էին, դրամագլխի հասույթով ապրող դասակարգից էլ չէին, իրենց ուտելիքն ու հագնելիքը ու պահեստայինը պիտի հայթայթվեր կամ հասարակության նպաստով, կամ բարեսերների նվերով, եւ հենց այդ վերջին ձեւով էլ այդ կանայք գործում էին, որք պաշտէին զնա յընչից իւրեանց։ Ուրեմն մի կողմից՝ ունեւոր եւ միջոցներ ունեցող կանայք էին, մյուս կողմից՝ երախտավորներ, որովհետեւ բժշկվել էին յայսոց չարաց եւ հիւանդութեանց․ եւ եթե այսահարների մեջ ընդունենք նաեւ կատաղի եւ մոլեգին ախտերից տառապողներին էլ, կունենանք արտաքին միջոցներից հուսահատ եւ Հիսուսի հրաշագործ բժշկությամբ առողջացած ախտավոր կանայք, որոնք Հիսուսի ձեռնարկած մեծ գործի եւ Հիսուսի քարոզած ավետարանի հաջողությանը ձեռք էին մեկնում, թեթեւացնելով նրա արտաքին հոգսերը, որպեսզի ոչ իր եւ ոչ իրենների սնվելու հոգսերով զբաղվի, ոչ էլ սրա ու նրա ձեռքին ստիպված նայի։
   Այդ կանանց առայժմ Յիսուսի հետեւող անվամբ ենք ներկայացնում, թեպետ եւ սրանք նույն իւղաբեր կոչված կանայք են, սակայն այդ անունը ստացան Հիսուսի մահվանից հետո՝ նրա մարմինը օծելու «համար իւղ բերելու» համար։ Հետեւաբար դեռ չենք կարող գործածել մի անուն, որ վերջում կատարված գործողության հետ է կապված։ Նույն պատճառով այստեղ չենք ուզում կանգ առնել Հիսուսին հետեւող կանանց հետ կապված բոլոր խնդիրներին, թողնելով, որ յուրաքանչյուրը հիշվի, երբ պատմական ընթացքն ու հանգամանքները դրանց կարգն ու տեղը ցույց տան։
   Այս կանանց թիվը որոշակի ասված չէ․ ավետարանիչը մի անգամ կանայք ոմանք ասելուց եւ միայն երեք անուն տալուց հետո, որոնք են
   1․ Մարիամ Մագդաղինացի,
   2․ Հովհաննա Քուղա եւ
   3․ Շուշան, ավելացնում է եւ այլոք բազումք, որ անորոշ լինելով հանդերձ, տասից ավելի թիվ է ցույց տալիս։ Ոչ միայն այստեղ, այլեւ ավետարանի ուրիշ տեղերում էլ այդ թիվը լրացնելու չափով անուններ չենք գտնում․ որովհետեւ յուղաբերության առիթով հիշվում են նաեւ Մարիան Կղեովպան եւ Սոլոմե Զեբեդեան, որով եւ հինգ անուն է հայտնի դառնում։ Ավանդությունը եւ այլոք բազումք արտահայտությունը բացատրելու, արդարացնելու համար, որքան որ Հիսուսի հանդեպ երախտավոր կանայք կան, բոլորին այդ շարքն է դասում, եւ այդ առումով հիշում է՝
   1․ Պետրոսի զոքանչին, որի բժշկությունը պատմեցինք (Մատթ․ 8։14-15)
   2․ Սամարացի կինը՝ Փոտինե կոչված, որի դարձը պատմեցինք(Հովհ․ 4։4-43)
   3․ Նայինցի այրին, որի որդու հարությունը հիշեցինք(Ղուկ․ 7։11-17 )․ այն կանայք եւս, որոնց բժշկությունները այս ժամկետից հետո տեղի ունեցան, ինչպիսիք են՝
   4․ Քանանացի կինը․ եւ սրանից բացի ո՛վ գիտի, թե էլ ո՛ր բարերարների կանայք կամ մայրերը։ Բայց մենք այստեղ այս բոլոր հարցերով զբաղվելու միտք չունենք եւ պետք չէ նախապես խոսել այնպիսի կետերի շուրջ, որոնց պիտի անդրադառնանք իրենց տեղում․ բավարարվենք միայն այն երեք անունների մասին խոսելով, որ այստեղ հիշվում են, եւ մանավանդ Մագդաղինացու մասին, որի անձը լուրջ հարցերի տեղիք է տվել։
   Լատինները սիրում են Մարիամ Մագդաղինացուն նույնացնել այն մեղավոր կնոջ հետ, որի մասին նախընթաց հոդվածի մեջ խոսվեց․ եւ այդ մեղավոր կնոջ կատարած օծումը նույնացնում են այն օծման հետ, որ Ղազարոսի քույրը կատարեց Սիմոն Բորոտի տանը Հովհ․ 12։3 եւ այսպիսով՝ երեքից մի անձնավորություն են կազմում։ Մագդաղինացու նկարագիրը՝ նախ գեղանի պոռնիկ, հետո՝ ճգնասուն ապաշխարող, ներշնչել է գեղեցիկ ստեղծգործություններ կերտել Եւրոպայի հմուտ նկարիչներին ու քանդակագործներին։
   Սակայն մենք պնդում ենք, որ Մագդաղինացի Մարիամը ոչ հիշված մեղավոր կինն է, եւ ոչ էլ Բեթանիայի Ղազարոսի քույր Մարիամն է, Մագդաղինացու անունը Մագդաղա քաղաքից է, որը գտնվում է Գալիլիայի ծովակի արեւմտյան ափին, եւ Մարիամը այդ անունը ստացել է, անշուշտ, այդտեղի ծնունդը կամ բնակիչը լինելով։ Սկզբում կյանքը ինչպիսին էր, ավետարանը չի ասում․ եթե նույնիսկ ընդունենք, որ պճնասեր ու աշխարհասեր կին էր, էլի պոռնիկ կին չի․ միայն ստույգ է, որ դիվահարված էր եւ Հիսուսի շնորհիվ եօթն դեւն ելել էր նրանից, ինչպես այստեղ գրում է Ղուկասը եւ ինչպես հիշվում է նաեւ Մարկոսի վերջին մասում Մարկ․ 16։6, բայց սա հրապարակային պոռնիկ եւ հասարակաց կին լինելուց բոլորովին տարբեր հանգամանք է։ Արդ, եթե իրոք Մագդաղինացին այդպիսի կին եղած լիներ, Հիսուսը կզգուշանար նրան իր հետ ունենալուց․ եւ եթե փարիսեցին մեղավար կնոջ պատահաբար մոտենալուց գայթակղվեց, ինքն բոլոր ու իր նման փարիսեցիները, ավելի շուտ գայթակղված պիտի լինեին եւ մեղավոր կնոջ պատահական մերձեցումը այլեւս նոր զարմանք պիտի չառաջացներ։
   Իրոք էլ, Հիսուս մեղավոր կնոջը ապաշխարելուց ու սրբելուց հետո իսկ, իրենից հեռացրեց, եւ Ե՛րթ ի խաղաղութիւն ողջույնով արձակեց Ղուկ․ 7։50։ Արդ՝ նա ով արձակվեց եւ հեռացավ, չենք կարող այլեւս ասել, թե՝ Հիսուսի հետ էր եւ չի կարող այդ կանանցից մեկը լինել, որոնք ընդ նմա էին։ Ղուկասի խոսքերը լավ զննելով, տեսնում ենք, որ Հիսուսին հետեւող կանայք ոչ թե մեղավոր կնոջ դեպքից հետո սկսեցին Հիսուսի հետ շրջել, այլ դրանից առաջ էլ արդեն Հիսուսի հետ էին․ ուրեմն Մագդաղինացին էլ, որ այդ խմբի առաջինն ու գլխավորն էր, նա մեղավոր կնոջ դեպքից առաջ Հիսուսի հետ էր, եւ չի կարող անարգ ու ընկած վիճակից հազիվ վերականգնված կինը լինել։ Ինչ որ լատիններն ստեղծեցին, ժամանակին կազմված պարզ երեւակայական տեսություն էր, որն այժմ նույնիսկ լատին լավագույն ու նորագույն հեղինակներն իսկ չեն պաշտպանում։
   Իսկ Մագդաղինացին նույն ինքը Ղազարոսի քույրը կարծելը, միմիայն երկու նման գործողությունների հետեւանք է․ որովհետեւ երկու տեղում էլ Հիսուսի ոտքերի օծում են տեսնում եւ ամենեւին չեն ուզում երկու նման գործողությունները տարբեր համարել․ այլ համարելով, որ Հիսուսի կյանքում ամեն գործ միայն մի անգամ է եղել, բոլոր նման դեպքերը նույնացնելու անհագ տենչով առաջ են գնում։ Սակայն բավական հանգամանքներ կան, որ Մարիամ Մագդաղինացուն եւ Մարիամ Բեթանիացուն իրարից զատում են, ենթադրելով իսկ, որ Հիսուսի ոտքը օծող մեղավոր կինը նույնինքը Մագդաղինացին լինի, ինչը որ արդեն մերժեցինք ու մերժումը հաստատեցինք։ Մագդալան ու Բեթանիան տարբեր տեղեր են, առաջինը՝ Տիբերիայի ծովափին, երկրորդը՝ Երուսաղեմի մոտ եւ Մագդաղինացին Բեթանիացի չի կարող լինել կամ կոչվել։ Առաջին օծումը Կափառնայումի մեջ է, երկրորդը՝ Բեթանիայում, թեպետ Սիմոն Փարիսեցին եւ Սինոն Բորոտը համանուն լինեն։ Առաջին օծունը կատարվել է դեռ Տասներկուսը պաշտոնի չեկած, երկրորդը՝ Հիսուսի խաչելությունից վեց օր առաջ։ Մեկը ապշխարութեան արտահայտություն էր, իսկ մյուսը՝ եղբոր հարութեան համար պատվելու երախտագիտություն։ Խոսքերս ավելի չերկարացնենք պտմականորեն հայտնի հարցի վրա, ինչ էլ որ լինի ոմանց կամ մասնավոր անձանց կարծիքը, քանի որ ավետարանը հստակորեն ցույց է տալիս, որ Մարիամ Մագդաղինացին, կամ Մարիամ Բեթանիացին եւ Կափառնիայումի մեղավորը երեք տարբեր կանայք են։
   Հովհաննան նշվում է իբր կին Քուզայ հազարապետին Հերովդի, այսինքն Գալիլիայի չորրորդապետ Հերովդես Անտիպասի ծառայության մեջ գտնվող Քուզա հազարապետի կինը, բայց Քուզա հազարապետը ոչ ավետարանի ուրիշ տեղում է հիշվում, ոչ էլ արտաքին պատմության մեջ է նշվում եւ մնում է անծանոթ մեկը։ Բայց հավանական մոտեցմամբ թվում է, թե նույն ինքը Կափառնայումի թագավորազնն է, ինչպես որ իր տեղում էլ ակնարկեցինք (Հովհ․ 4։46-54)։ Իսկ Հովհաննան մի անգամ էլ հիշատակվում է Հիսուսի գերեզմանին յուղ բերող կանաց հետ Ղուկ․ 24։10, որը ցույց է տալիս, որ այս բարեպաշտ կինը մինչեւ վերջ հավատարմությամբ Հիսուսին հետեւող է եղել։
   Իսկ Շուշանը հիշվում է այդքանով եւ այլեւս բոլորովին չի հիշվում, ուստի իր ինքնության ու անձի մասին ինչ էլ որ ասվի լոկ ենթադրություն է․ միայն Հիսուսին հետեւող կանանց մեջ երեք գլխավորներից մեկը լինելն իր համար գովեստի եւ արժանիքի փաստ է։