Դանիելի մարգարեության մեկնություն 4(3):35

Սուրբ Եփրեմ Ասորի

Եվ մի՛ հեռացրու քո ողորմությունը մեզանից հանուն քո սիրելի Աբրահամի, հանուն քո Իսահակ ծառայի և հանուն քո սուրբ Իսրաելի,
   
Տե՛ս Դանիելի մարգարեության մեկնություն գլուխ 4(3):23
   

Սուրբ Հովհան Ոսկեբերան

35-39․ Եվ մի՛ հեռացրու քո ողորմությունը մեզանից հանուն քո սիրելի Աբրահամի, հանուն քո Իսահակ ծառայի և հանուն քո սուրբ Իսրաելի, Որոնց ասացիր, թե պիտի բազմացնես նրանց որդիները երկնքի աստղերի չափ և այնքան, որքան ավազը ծովի ափին: Արդ, Տէ՛ր, բոլոր ազգերից ավելի տկարացանք մենք և այսօր տառապում ենք ամբողջ աշխարհում մեր մեղքերի պատճառով: Այժմ, այս ժամանակներում չկայ իշխան, մարգարե և առաջնորդ, ո՛չ ողջակեզ, ո՛չ զոհ, ո՛չ զոհաբերություն, ո՛չ խունկ։ Եվ ո՛չ էլ քեզ երախայրիք մատուցելու տեղ՝ ողորմություն գտնելու համար: Այլ կոտրված սրտով և տառապած հոգով թող ընդունելի լինենք։ 
   
   Երեք երիտասարդները, կրակի մեջ ու բոցի արանքում լինելով,  ի՞նչ էին ասում: Նրանք ասում էին. «Քանի որ քո դեմ ապստամբելով՝ մեղանչեցինք և անօրենություն գործեցինք,  մենք առավել մեղանչեցինք» (Դան. 3։29): Հենց սա է նշանակում կոտրված սիրտ ունենալ: Հետևաբար, նրանք կարող էին ասել. «Կոտրված սրտով և տառապած հոգով թող ընդունելի լինենք» (Դան. 3։39): Այսպիսով՝ նրանք հնոցի մեջ նետվելուց հետո ավելի խոնարհ եղան, քան նույնիսկ նետվելուց առաջ: Կատարված հրաշքը տեսնելով և ապա իրենց փրկությունը անարժան համարելով՝ նրանք խորապես խոնարհվում են, քանզի մենք հոգով ավելի շատ ենք տրտմում, երբ համոզվում ենք, որ մեր ստացած պարգևները մեր վաստակից շատ ավելի մեծ են: Միևնույն ժամանակ իրենց վաստակից վեր ինչպիսի՞ բարիքներ են նրանք ստացել: Նրանք իրենց հնոցը նետել թույլ տվեցին, դեռ իրենց պատանեկության հասակում գերեվարվեցին (սա եղավ այն դեպքում, երբ ոչ թե նրանք, այլ ուրիշներն էին մեղք գործում), սակայն չտրտնջացին, չվշտացան և չասացին. «Ի՞նչ օգուտ ունենք այն բանից, որ Աստծուն ենք ծառայում: Ի՞նչ ենք մենք շահել Նրան երկրպագելով: Ամբարիշտը դարձել է մեր տիրակալը. կռապաշտների հետ մենք տանջանքներ ենք կրում կռապաշտից. գերության ենք տարվել, զրկվել ենք հայրենիքից, ազատությունից և բոլոր հարազատ բաներից, դարձել ենք գերի ու ստրուկ և ծառայում ենք բարբարոս թագավորին»: Նրանք ոչ մի նման բան չասացին. Իսկ ի՞նչ ասացին: «Քանի որ քո դեմ ապստամբելով՝ մեղանչեցինք և անօրենություն գործեցինք,– ասացին նրանք և աղոթեցին ոչ թե իրենց, այլ ուրիշների համար:– Եվ մեզ հանձնեց,– ասացին նրանք,– անիրավ ու չար թագավորին» (Դան. 3։32): Նույն կերպ էլ Դանիելը մեկ ուրիշ անգամ, փոսը նետվելով, ասաց. «Հիշեցիր իմ մասին, ո՛վ Աստված» (Դան. 14։38): Ինչո՞ւ  Աստված  չհիշեց քեզ, Դանիե՛լ, երբ փառավորեցիր Նրան թագավորի առաջ և ասացիր. «Գաղտնիքը հայտնվեց ինձ ոչ այն պատճառով, որ իմ մեջ ավելի իմաստություն կա, քան բոլոր բանականների մեջ» (Դան. 2։30): Ինչո՞ւ այն ժամանակ Նա չհիշեց քեզ, երբ  պիղծ հրամանին չհնազանդվելու համար  քեզ նետեցին առյուծի որջը: Հենց այս նույն պատճառով: Արդյո՞ք կրկին Նրա համար չես նետված:  Դանիելը պատասխանում է. «Դա այն պատճառով է, որ ես նրա առաջ մեծ պարտապան եմ: Եթե ​​նա իր ունեցած այդքան մեծ առաքինություններով հանդերձ այսպես խոսեց, ապա ի՞նչ կարող ենք ասել մենք: Լսի՛ր նաև, թե իր անթիվ առաքինությունները մատնանշելու փոխարեն ինչ է ասում Դավիթը. «Բայց եթե ասի, թե՝ «Դու ինձ հաճելի չես, թող ինձ անի այն, ինչ նրա աչքին հաճելի է» (Բ Թագ. 15։16): Նույն կերպ էլ Եղիան է ասում. «Տերը թող անի այն, ինչ բարի է իր համար» (Ա Թագ. 3։18):

   

Ա. Լոպուխին

«Քո ողորմութիւնը մեզանից մի՛ հեռացրու հանուն Աբրահամի՝ Քո սիրելիի, հանուն Իսահակի՝ Քո ծառայի, և հանուն Իսրայելի՝ Քո սրբի»։ (Սինոդական թարգ․) [35]
   
Տե՛ս Դանիելի մարգարեության մեկնություն գլուխ 4(3):24
--------------------------------
[35](Էջմիածին թարգ․) եւ մի՛ հեռացրու քո ողորմութիւնը մեզանից յանուն քո սիրելի Աբրահամի, յանուն քո Իսահակ ծառայի եւ յանուն քո սուրբ Իսրայէլի,
(Արարատ թարգ․)
(Գրաբար) և մի՛’ի բացէ՛ առներ զողորմութիւնս քո’ի մէնջ։ Վասն Աբրահամու սիրելւոյ քոյ և վասն Իսահակայ ծառայի քոյ՝ և վասն Իսրայէլի սրբոյ քոյ.