Ա. Լոպուխին
«Եվ Տիրոջ խոսքը հասավ ինձ»։ (Սինոդական թարգ․)[4]
Այս համարից սկսած մինչև 19֊րդ համարը ներառյալ, նկարագրվում է Երեմիային մարգարեական ծառայության կանչելու դրվագը։ Տեր Աստված ցրում է այն բոլոր կասկածները, որոնք այդ դժվարին առաքելության մասին խորհելիս առաջացել էին Երեմիայի մոտ, և նրա շուրթերին Իր ձեռքի հպումով՝ պատրաստում է նրան Իրեն ծառայելու համար։ Այնուհետև երկու խորհրդանշական տեսիլքներով Երեմիայի առջև բացահայտվում է նրա քարոզի գլխավոր բովանդակությունը, որով նա պետք է գնա իր ժողովրդի մոտ։ Եվ հետո՝ վերջաբանում, Աստված պատվիրում է մարգարեին առանց անհանգստության՝ Աստծո օգնության վրա հույս դնելով, սկսել իր գործունեությունը։
Հետագայում հաղորդվող աստվածային հայտնությունների համար այստեղ որպես նախաբան ծառայող ձևակերպումը զարմացնում է իր պարզությամբ, հատկապես եթե համեմատենք այն հանգամանալից նկարագրությնունների հետ, որոնք համապատասխան իրադրություններում հանդիպում են Եսայի (գլուխ 6) և Եզեկիել (գլուխ 1) մարգարեների մոտ։ Իր կոչումը պատկերելու ծայրահեղ զսպվածության բացատրությունը կարելի է համարել այն, որ Երեմիան իրենից ներկայացնում է հին մարգարեությունից նորին անցումը։ Հին մարգարեությունը, սկզբունքորեն, զուրկ չէր գուշակության հետ ունեցած որոշակի աղերսներից և հզոր անձինք, ինչպիսիք են՝ Եղիան, Ամոսը, Եսային ու Միքիան, կարող էին անվանվել Աստծո Հոգով «հափշտակվածներ», իհարկե, այդ բառի լավագույն և ազնվագույն իմաստով, որոնք իրենց բարձրագույն առաքելության գիտակցության մեջ առաջնորդվելով Աստծո Հոգով, խիզախ մարտիկների պես ներխուժեցին աշխարհ։ Բայց Երեմիան, չնայած պարզ գիտակցում է, որ պետք է բոլորի դեմ պայքարի դուրս գա, և որ նա դարերի խորքից դրա համար է նախասահմանված եղել, այնուամենայնիվ այդ հավիտենական նախասահմանումը նրա վրա չի ազդում որպես decretum absolutum (բացարձակ որոշում)։ Նա Աստվածությամբ «հափշտակված» չէ, այլ Աստծո դիմաց իրեն անհատականություն է զգում, որ ունի իր ցանկությունները, պահանջներն ու կարիքները։ Կարծես թե մարգարեի և Տեր Աստծո միջև մի տեսակ պայքար է տեղի ունենում։ Երեմիան ձգտում է իրականացնել աստվածային որոշումը՝ հաճախակի պայքարելով ինքն իր դեմ, իր անձնական համակրանքների և հակակրանքների դեմ։ Այնուհետև Երեմիան թերահավատորեն և քննադատաբար է մոտենում տեսիլքներին և հայտնություններին, էքստատիկ իրավիճակներին, ինչը հնագույն մարգարեների համար ներկայանում էր, կարելի է ասել, որպես իրենց մարգարեական ինքնագիտակցության անկյունաքար, բայց որոնք նրա համոզմամբ, որոշների մոտ զուտ սուբյեկտիվ ծագում ունեին՝ ինքնախաբեություն էին, այլ ոչ թե աստվածային ներշնչանքի նշան։ Իհարկե, իր ներքին անձնական կյանքում, մարգարեն կարողանում էր իր մտքերը տարբերել Աստծո հայտնությունից (հմմտ. Երեմ. 42։7), սակայն, ամեն դեպքում, նա նշանակություն չէր տալիս այս տեսիլքների նկարագրությանը, որոնց վրա սուտ մարգարեները հիմնում էին Աստծո անունից քարոզելու իրենց իրավունքը։
--------------------------------
[4] (Էջմիածին թարգ․) Տէրը խօսքն ուղղեց ինձ եւ ասաց.
(Արարատ թարգ․) Եվ Տիրոջ խոսքը հասավ ինձ՝ ասելով.
(Գրաբար) Եղեւ բան Տեառն առ իս՝ եւ ասէ.
Հաղորդում կայքում սխալի վերաբերյալ
Տվյալ հատվածում առկա է սխալ: