Բացատրական աստվածաշունչ, Ա. Պ. Լոպուխինի (†1904)
«Եվ Տիրոջ խոսքը եղավ ինձ՝ ասելով». (Սինոդական թարգ․)[4]
Այս համարից սկսած մինչև 19-րդ համարը ներառյալ նկարագրվում է Երեմիայի մարգարեական ծառայության կոչվելը։ Տեր Աստված փարատում է այն բոլոր կասկածները, որոնք առաջացել էին Երեմիայի մեջ՝ այդ դժվարին առաքելության մասին խորհելիս, և Իր ձեռքով դիպչելով նրա շուրթերին՝ նրան ընծայում է Իր ծառայությանը։ Այնուհետև երկու խորհրդանշական տեսիլքների միջոցով Երեմիայի առջև բացահայտվում է նրա քարոզչության հիմնական բովանդակությունը, որով նա պիտի ներկայանար իր ժողովրդին։ Եվ, ի վերջո, Աստված պատվիրում է մարգարեին առանց շփոթության և Աստծու օգնության վրա հույս դնելով սկսել իր գործունեությունը։ Այն ձևակերպումը, որն այստեղ ծառայում է որպես նախաբան հետագայում հաղորդվող աստվածային հայտնությունների համար, զարմացնում է իր պարզությամբ, հատկապես եթե համեմատենք այն հանգամանալից նկարագրությունների հետ, որոնք համապատասխան իրավիճակներում հանդիպում են Եսայու (6-րդ գլուխ ) և Եզեկիելի (1-ին գլուխ ) մարգարեություններում։ Իր կոչման նկարագրության այս ծայրահեղ զսպվածությունը կարելի է բացատրել նրանով, որ Երեմիան ներկայացնում է անցումը հին մարգարեությունից դեպի նորը։ Հին մարգարեությունը, սկզբունքորեն, զուրկ չէր գուշակության հետ ունեցած որոշակի աղերսներից, և հզոր անձինք, ինչպիսիք էին Եղիան, Ամոսը, Եսային ու Միքիան, կարող էին կոչվել Աստծու Հոգով «համակվածներ», իհարկե, այս բառի լավագույն և ազնվագույն իմաստով: Նրանք, առաջնորդվելով իրենց բարձրագույն առաքելության գիտակցությամբ և Աստծու Հոգով, խիզախ մարտիկների պես նետվեցին աշխարհ։ Սակայն Երեմիան, թեև պարզ գիտակցում է, որ պետք է պայքարի դուրս գա բոլորի դեմ և որ դարերի խորքից նախասահմանված է եղել այդ նպատակին, այնուամենայնիվ այդ հավիտենական նախասահմանումը չի ընկալում որպես բացարձակ վճիռ (decretum absolutum)։ Նա «համակված» չէ աստվածությամբ, այլ Աստծու առջև իրեն զգում է մի անհատականություն, որն ունի իր ցանկությունները, պահանջներն ու կարիքները։ Կարծես թե պայքար է ընթանում մարգարեի և Տեր Աստծու միջև. Երեմիան ձգտում է իրականացնել աստվածային որոշումը՝ հաճախ պայքարելով ինքն իր դեմ, իր անձնական համակրանքների և հակակրանքների դեմ։
Այնուհետև Երեմիան թերահավատորեն և քննադատաբար է մոտենում տեսիլքներին, հայտնություններին և էքստատիկ վիճակներին, որոնք հնագույն մարգարեների համար, կարելի է ասել, մարգարեական ինքնագիտակցության անկյունաքարեր էին: Նրա համոզմամբ ոմանց մոտ դրանք կարող էին ունենալ զուտ սուբյեկտիվ ծագում և լինել ինքնախաբեություն, այլ ոչ թե աստվածային ներշնչանքի նշան։ Իհարկե, իր ներքին անձնական կյանքում, մարգարեն կարողանում էր տարբերել իր մտքերը Աստծուց ստացած հայտնություններից (հմմտ. Երեմ. 42։7), սակայն ամեն դեպքում նա նշանակություն չէր տալիս այն տեսիլքների նկարագրությանը, որոնց վրա հիմնվելով՝ սուտ մարգարեները փորձում էին հիմնավորել Աստծու անունից քարոզելու իրենց իրավունքը։
--------------------------------
[4] (Էջմիածին թարգ․) Տէրը խօսքն ուղղեց ինձ եւ ասաց.
(Արարատ թարգմ.) Եվ Տիրոջ խոսքը հասավ ինձ՝ ասելով.
(Գրաբար) Եղեւ բան Տեառն առ իս՝ եւ ասէ.
Հաղորդում կայքում սխալի վերաբերյալ
Տվյալ հատվածում առկա է սխալ: