Ա. Պ. Լոպուխին (†1904)
2-8․ «Տերը մեծ ցասումով բարկացավ ձեր հայրերի վրա»: [2] «Եվ դու ասա՛ նրանց. այսպես է ասում Զորությունների Տերը. «Դարձե՛ք դեպի Ինձ,- ասում է Զորությունների Տերը, - և Ես պիտի դառնամ դեպի ձեզ», - ասում է Զորությունների Տերը»։ «Մի՛ եղեք ձեր հայրերի նման, որոնց նախկին մարգարեներն աղաղակում էին՝ ասելով. «Այսպես է ասում Զորությունների Տերը. դարձե՛ք ձեր չար ճանապարհներից և ձեր չար գործերից»։ Բայց նրանք չլսեցին և Ինձ ականջ չդրին, - ասում է Տերը»։ «Ձեր հայրերը՝ որտե՞ղ են նրանք, և նաև մարգարեները, մի՞թե նրանք հավիտյան պիտի ապրեն»։ «Սակայն Իմ խոսքերն ու Իմ որոշումները, որ պատվիրեցի Իմ ծառաներին՝ մարգարեներին, մի՞թե չհասան ձեր հայրերին։ Եվ նրանք դարձան ու ասացին. «Ինչպես Զորությունների Տերը որոշել էր վարվել մեզ հետ՝ ըստ մեր ճանապարհների և ըստ մեր գործերի, այնպես էլ վարվեց մեզ հետ»»։ «Դարեհի երկրորդ տարվա տասնմեկերորդ՝ Շեբատ ամսվա քսանչորսերորդ օրը Տիրոջ խոսքը եղավ Ադդոյի որդի Բարաքիայի որդուն՝ Զաքարիա մարգարեին.»: «Գիշերը տեսա. ահա մի մարդ՝ հեծած աշխետ ձի, կանգնած է մրտենիների միջև, որ ձորում են, իսկ նրա հետևում կային աշխետ, պուտավոր և սպիտակ ձիեր»: (Սինոդական թարգ․)
Տեսիլքների միջոցով տրվող հայտնությունը տեղի էր ունենում գիշերը, սակայն դրանք ոչ թե երազներ էին, այլ արթուն վիճակում էքստատիկ 1 հայեցումներ։ Մարգարեական մտքի այս պայծառացումը կարծես թե արթնություն էր մարդու սովորական վիճակից, որն ինքը՝ մարգարեն, համեմատում է քնած վիճակի հետ (Զաք. 4:1):
Կարելի է ենթադրել, որ Զաքարիային նման վիճակի են հասցրել ընտրյալ ժողովրդի ապագայի վերաբերյալ լարված մտածումները, ինչպես դա եղավ Մովսեսի հետ անապատում և այլ մարգարեների հետ:
Մարգարեն տեսնում է մի մարդու՝ հեծած աշխետ ձի, որ «կանգնած էր մրտենիների միջև, որ ձորում էին»: Մեկնիչները ցանկանում են պարզել մրտենիների խորհրդանշական իմաստը՝ որպես հրեական եկեղեցու պատկեր, որը համեստ է և աչքի չընկնող, սակայն ծաղկուն և բուրավետ է անգամ դժվարին ժամանակներում, ինչպիսին բաբելոնյան գերության շրջանն էր (Հովնաթանի Թարգումը բովանդակում է «մրտենու ծառերի մեջտեղում, որոնք Բաբելոնում են» արտահայտությունը, Keil C.F. Biblischer Commentar über die zwölf kleinen Propheten. Leipzig, 1866. S. 527; Ружемонт. 178, Глаголев А. Ветхозаветное библейское учение об Ангелах. Kиев, 1900. С. 170): Սակայն ավելի հավանական է ընդունել աղավաղված մասորեթական տեքստը, քանի որ Յոթանասնիցը (LXX) այստեղ (և 10-11-րդ համարներում) ընթերցում է. «ana meson tōn oreōn tōn kataskiōn», այսինքն՝ hahadassim-ի (մրտենիներ) փոխարեն՝ heharim (լեռներ)»: Յոթանասնիցի նման ընթերցումը բազմաթիվ ուսումնասիրողների կարծիքով կարելի է ավելի ճիշտ համարել նաև այն պատճառով, որ այս դեպքում այն ամբողջապես համընկնում է մարգարեի ութերորդ տեսիլքի հետ, որը վերաբերում է կառքերին, որոնք դուրս են գալիս երկու լեռների միջև ընկած կիրճից (Զաք. 6:1, Marti. Dodeka․ propheton erklärt. Tüb., 1904. S. 402): Հեծյալի հետևում կանգնած են աշխետ, պուտավոր (Վիեննական կանոնում` աշխետ) և սպիտակ ձիեր։ Հաջորդ համարից (11-րդ համար) կարելի է ենթադրել, որ այդ ձիերը նույնպես հեծյալներ ունեին, թեպետ կարելի է նաև ձիերի մեջ ևս տեսնել Աստծու կամքը կատարողներին:
Ձիերի գույներն, անկասկած, խորհրդանշական են. նրանք մատնանշում են աղետները, որոնցով Տերը պատժելու է այն ազգերին, որոնք ապրում են ապահով ու բարեկեցիկ կյանքով և այդ պատճառով, Տիրոջ հանդեպ երկյուղ չունեն (15-րդ համար): «Աշխետ ձի հեծած անձը» իր ետևում գտնվող ձիերի առաջնորդը չէ. 10−րդ համարում նա իրեն չի ընդգրկում նրանց թվում, «որոնց Տերն ուղարկում է՝ շրջելու երկրի վրա»։ Իսկ 11−րդ համարից երևում է, որ այդ Անձը Տիրոջ Հրեշտակն է, որին ձիերը (կամ հեծյալները) հաշիվ են տալիս իրենց վստահված առաքելության կատարման վերաբերյալ (տե՛ս Глаголев А. Ветхозаветное библейское учение об Ангелах. Kиев, 1900. С. 169, прим. 1): Առաջին տեսիլքում տարբեր գույների ձիերի տեսքով գործող անձինք, անկասկած, հրեշտակային զորություններն են (Երանելի Թեոդորոս, Զաքարիայի մարգարեության մեկնություն // Творения. Ч. 5. С. Посад, 1907, с. 71), որոնք ստորադաս են Տիրոջ Հրեշտակին և կատարում են Տեր Աստծու կամքը: Զաքարիա մարգարեի գրքում հիշատակվող մյուս երկնային զորությունների մեջ Տիրոջ Հրեշտակը զբաղեցնում է գերագույն, նախապատիվ դիրք, ինչպես արդեն երևում է առաջին տեսիլքից: Պրոֆեսոր Գլագոլևի դիտարկմամբ՝ չորրորդ տեսիլքում (3-րդ գլուխ) «Տեր Աստծու հրեշտակը, անկասկած, աստվածային Անձ է, որն, ինչպես Աստված, ունի մեղքերը ներելու իշխանություն» (տե՛ս վերոհիշյալ ստեղծագործությունը, էջ 171): Հինկտակարանյան Աստծու Հրեշտակի մասին հատուկ մենագրություն հեղինակած Ռոլինգն իր հետազոտության սկզբում, մատնանշելով Տիրոջ Հրեշտակի մասին հինկտակարանյան ուսմունքի նշանակությունը, մեջբերում է Շտոլբերգի այն միտքը, որի համաձայն «հինկտակարանյան եկեղեցին նույնպես մարդեղացած Աստծու Եկեղեցին է» (Lie. Aug. Roling, Ueber den Iehovaongel des Alten Testaments, Tubingen, 1866. S. 3): Զաքարիա մարգարեի գիրքը լիովին հաստատում է Շտոլբերգի հետևյալ միտքը. Տիրոջ Հրեշտակն այստեղ աստվածային Անձ է՝ վերջին ժամանակներում մարդեղացած Աստծու Որդին: Ըստ երանելի Հերոնիմոսի՝ Զաքարիայի մարգարեության առաջին տեսիլքի մեկնության՝ «աշխետ ձի հեծած Անձը Փրկիչ Տերն է, Ով, ընդունելով մեր մարմնի բնությունը, Եսայի մարգարեի գրքում լսում է. «Ինչո՞ւ են Քո հանդերձները կարմիր» (Ես. 63:2)» (Զաքարիայի մարգարեության մեկնություն // Творения. Ч. 15. Kиев, 1900. էջ 12):
--------------------------------
[2](Էջմիածին թարգ․) Տէրը մեծ ցասումով բարկացաւ ձեր հայրերի վրայ:
(Արարատ թարգ․) «Տերը խիստ սրտմտած է ձեր հայրերի վրա։
(Գրաբար) Բարկացաւ Տէր ի վերայ հարցն ձերոց բարկութիւն մեծ
Հաղորդում կայքում սխալի վերաբերյալ
Տվյալ հատվածում առկա է սխալ: