Զաքարիայի մարգարեության մեկնություն 1։2

Ա․ Լոպուխին

2-8․ «Տերը մեծ ցասումով բարկացավ ձեր հայրերի վրա»: [2] «Դու կասես նրանց. «Այսպես է ասում Ամենակալ Տերը. «Դարձե՛ք դեպի Ինձ»,− ասում է Զորությունների Տերը,− «Եվ Ես պիտի դառնամ դեպի ձեզ»,− ասում է Զորությունների Տերը: «Մի՛ եղեք ձեր հայրերի նման, որոնց պախարակում էին առաջին մարգարեները` ասելով, թե այսպես է ասում Ամենակալ Տերը. «Ե՛տ դարձեք ձեր բոլոր չար ճանապարհներից ու ձեր չար ընթացքից: Բայց նրանք չլսեցին, ականջ չդրեցին` լսելու Ինձ»,− ասում է Տերը: «Ո՞ւր են ձեր հայրերը, մարգարեները, մի թե՞ հավիտյան ապրեցին»: «Բայց ընդունեցե՛ք Իմ խոսքերն ու Իմ օրենքները, որ Ես Իմ Հոգով պատվիրեցի Իմ ծառաներին` մարգարեներին, ու դրանք հասան ձեր հայրերին»: Նրանք պատասխան տվեցին ու ասացին. «Ինչպես որ Ամենակալ Տերը կարգադրել էր անել համաձայն մեր ճանապարհների և համաձայն մեր ընթացքի, այնպես էլ արեց մեզ»: Տասնմեկերորդ ամսին, որ նույն ինքը Արաց ամիսն է, ամսի քսանչորսին, Դարեհի երկրորդ տարում, Տիրոջ ձայնը հասավ Ադդովի որդի Բարաքեի որդի Զաքարիա մարգարեին, որն ասաց. «Գիշերը ես մի տեսիլք ունեցա. ահա մի մարդ, որ կարմիր ձի էր հեծած, կանգնած էր մրտենու խիտ անտառներով երկու անդունդների միջև, իսկ նրա հետևում կային կարմիր, պուտավոր և սպիտակ ձիեր»: (Սինոդական թարգ․)
   
   Տեսիլքների միջոցով տրվող հայտնությունը լինում է գիշերվա ժամերին։ Սրանք սակայն ոչ թե երազներ են, այլ արթուն վիճակում գտնվողի էքստատիկ խորհրդածություններ։ Մարգարեական մտքի այս պայծառացումը կարծես թե նման է մարդկային սովորական վիճակից արթնանալուն, որն ինքը մարգարեն համեմատում է քնի վիճակի հետ (Զաք. 4:1): Կարելի է ենթադրել, որ Զաքարիային նման վիճակի են հասցրել ընտրյալ ժողովրդի ապագայի վերաբերյալ լարված մտածումները, ինչպես դա եղավ այլ մարգարեների և անապատում Մովսեսի հետ: Մարգարեն տեսնում է «մրտենու խիտ անտառներով երկու անդունդների միջև կանգնած» մի մարդու, որը նստած է կարմիր ձիու վրա: Ուսումնասիրողները ցանկանում են պարզել հրեական եկեղեցու պատկերի իմաստով [հանդես եկող] մրտենիների նշանակությունը, որը համեստ և աննշմարելի է աչքի համար, սակայն ծաղկուն է և բուրավետ անգամ դժվարին ժամանակներում, ինչպիսիք էին բաբելոնյան գերության ժամանակները (Հովնաթանի Թարգումը բովանդակում է «մրտենու ծառերի մեջտեղում, որոնք Բաբելոնում են» արտահայտությունը, Keil C.F. Biblischer Commentar über die zwölf kleinen Propheten. Leipzig, 1866. S. 527; Ружемонт. 178, Глаголев А. Ветхозаветное библейское учение об Ангелах. Kиев, 1900. С. 170): Սակայն այստեղ ավելի հավանական է ընդունել մասորեթական տեքստի խեղաթյուրված լինելը, քանի որ Յոթանասնիցն այստեղ (ինչպես նաև 10−11−րդ համարներում) «hahad−hassim−heharim» (լեռներ) արտահայտության փոխարեն ընթերցում է «ana meson twn orewn twn kataskiwn»: Յոթանասնիցի նմանատիպ ընթերցումը բազմաթիվ ուսումնասիրողների կարծիքով կարելի է ավելի ճիշտ համարել նաև այն պատճառով, որ այս պարագայում ամբողջական համընկնում է ստացվում մարգարեի ութերորդ տեսիլքի հետ, որը վերաբերում է կառքերին, որոնք դուրս են գալիս երկու լեռների միջև ընկած կիրճից (Զաք. 6:1; Marti. Dodeka․ propheton erklärt. Tüb., 1904. S. 402): Հեծյալի հետևում կանգնած են կարմիր, պուտավոր (Վիեննական կանոնում` աշխետ) և սպիտակ ձիեր։ Հաջորդ համարից (համար 11) կարելի է ենթադրել, որ այդ ձիերը նույնպես հեծյալներ ունեին, թեև հենց ձիերի մեջ էլ կարելի է տեսնել Աստծո կամքը կատարողներին: Ձիերի գույներն, անկասկած, խորհրդանշական են. նրանք մատնանշում են այն աղետները, որոնցով Տերը պատժելու է այն ազգերին, որոնք ապահով և բարեկեցիկ կյանքով են ապրում և, այդ իսկ պատճառով, Տիրոջ հանդեպ երկյուղ չունեն (համար 15): «Կարմիր ձի հեծած անձը» իր ետևում գտնվող ձիերի առաջնորդը չէ. 10−րդ համարում նա իրեն չի ընդգրկում այն անձերի թվում, «որոնց Տերը ուղարկում է անցնել երկիրը»։ Իսկ 11−րդ համարից էլ երևում է, որ այդ անձը Տիրոջ Հրեշտակն է, որին ձիերը (կամ հեծյալները) հաշիվ են տալիս իրենց վստահված առաքելության կատարման վերաբերյալ (տե՛ս Глаголев А. Ветхозаветное библейское учение об Ангелах. Kиев, 1900. С. 169, прим. 1): Առաջին տեսիլքում ներմուծվում են տարբեր գունավորում ունեցող ձիերի տեսքով գործող Հրեշտակային զորություններ (Թեոդորոս Երանելի, Զաքարիայի մարգարեության մեկնություն // Творения. Ч. 5. С. Посад, 1907, էջ 71), որոնք, անկասկած, կանգնած են Տեր Աստծո Հրեշտակից ավելի վար և կատարում են Տեր Աստծու կամքը: Երկնային տարատեսակ ուժերի մեջ, որոնց մասին խոսվում է Զաքարիա մարգարեի գրքում, Տեր Աստծու Հրեշտակը ամենավերին, գերիշխող դիրքն է զբաղեցնում, ինչպես երևում է արդեն առաջին տեսիլքից: Պրոֆեսոր Գլագոլևի կարծիքի համաձայն` չորրորդ տեսիլքում (գլուխ 3) «Տեր Աստծու հրեշտակը, անկասկած, աստվածային անձնավորություն է, որն Աստծո նման մեղքերը ներելու իշխանություն ունի» (տե՛ս վերը հիշատակված ստեղծագործություն, էջ 171): Հինկտակարանյան Աստծո Հրեշտակի մասին հատուկ մենագրություն հեղինակած Ռոլինգն իր հետազոտության սկզբում, մատնանշելով Տեր Աստծու հրեշտակի մասին հինկտակարանյան ուսմունքի նշանակությունը, մեջբերում է Շտոլբերգի այն միտքը, որի համաձայն «հինկտակարանյան Եկեղեցին նույնպես մարդեղացած Աստծո Եկեղեցին է» (Rohling A. Über den Jehovaengel des Alten Testaments. Tübingen, 1866. S. 3): Զաքարիա մարգարեի գիրքը լիովին հաստատում է Շտոլբերգի այս միտքը. Տեր Աստծու Հրեշտակն այստեղ Աստվածային Անձ է, ժամանակների վերջում մարդեղացած Աստծո Որդին: Ըստ Հիերոնիմոս Երանելու՝ Զաքարիայի մարգարեության առաջին տեսիլքի մեկնաբանության. «կարմիր ձիուն հեծած անձը Փրկիչ Տերն է, Որը, ընդունելով մեր մարմնի տնօրինությունը, Եսայի մարգարեի գրքում լսում է. «Ինչու են քո հանդերձները կարմիր» արտահայտությունը» (Ես. 43:2, Զաքարիայի մարգարեության մեկնություն // Творения. Ч. 15. Kиев, 1900. էջ 12):
--------------------------------
[2](Էջմիածին թարգ․) Տէրը մեծ ցասումով բարկացաւ ձեր հայրերի վրայ:
(Արարատ թարգ․) «Տերը խիստ սրտմտած է ձեր հայրերի վրա։
(Գրաբար) Բարկացաւ Տէր ի վերայ հարցն ձերոց բարկութիւն մեծ