Զաքարիայի մարգարեության մեկնություն 14։12

Ա․ Լոպուխին

12-15․ «Ահա թե ինչպիսի հարվածներով է Տերը հարվածելու այն բոլոր ազգերին, որոնք պատերազմի էին ելել Երուսաղեմի դեմ. նրանց բոլորի մարմինները հյուծվելու են դեռ այն ժամանակ, երբ նրանք կանգնած են լինելու իրենց ոտքերի վրա, ու նրաց աչքերը ծորելու են իրենց ակնապիճների մեջ, ու նրանց լեզուները չորանալու են իրենց բերաններում»: [12] «Այն օրը նրանց մեջ Տիրոջ կողմից մեծ սրբություն պետք է տեղի ունենա, այնպես որ մեկը բռնելու է մյուսի ձեռքը, ու նրանց ձեռքերը բարձրանալու են իրենց հարազատների վրա»: «Հուդան պատերազմ է մղելու Երուսաղեմի դեմ, ու շրջակա բոլոր ազգերի հարստությունները հավաքվելու են` ոսկին, արծաթն ու մեծ թվով հանդերձանք»: «Այդպես կոտորվելու են նաև ձիերերն ու ջորիները, ուղտերն ու ավանակները, ու այն բոլոր անասունները, որոնք կլինեն նրանց բանակների մեջ»: (Սինոդական թարգ․)
   
   Սուրբ Կյուրեղ Ալեքսանդրացին, 13−14−րդ համարները Մեսիայի ժամանակների վերաբերյալ բացատրելով և այստեղ Քրիստոսին հավատացողներին ու Նրա Եկեղեցու թշնամիներին նկատի ունենալով, նշում է. «Բնակություն կհաստատեն Երուսաղեմում, այսինքն` հաղթանակ կտանեն թշնամիների նկատմամբ ու պարտության կմատնեն հակառակորդներին» (Վերը հիշատակված ստեղծագործություն, էջ 220): Եբրայերենից «Հուդան պատերազմ է մղելու Երուսաղեմի դեմ» թարգմանելով հանդերձ` Երանելի Հիերոնիմոսը մեջբերում է նաև Յոթանասնիցի տարբերակը («Հուդան էլ է Եուսաղեմում պատրաստվելու» (kai  Ioudaj parataxetai en Ierousalm. paratassw) (դառնալ, շարվել. հատկապես` մարտական գծով, ​​պատրաստվել մարտի, կռվել) և առաջարկում է այս հատվածը երկու տարբերակով հասկանալ. կա՛մ այն իմաստով, որ մի ժամանակ Տիրոջ անունը խոստովանած լինելով հանդերձ՝ Հուդան հալածանքների ժամանակ դրդվելով հալածել է Քրիստոսի ժողովրդին, կա՛մ էլ այն իմաստով, որ Հուդան, այսինքն` յուրաքանչյուր հավատացյալ և հույս ունեցող անձ, չի կռվի Երուսաղեմի դեմ, այլ թշնամիների դեմ կռվելու համար կպատրաստվի Երուսաղեմում (Վերը հիշատակված ստեղծագործություն, էջ 183, 184): Այս վերջին իմաստով մեկնաբանությունն ավելի է համապատասխանում համատեքստին: 12−14−րդ համարների մտքերի հաջորդականությունը հետևյալն է. հեթանոսները Տիրոջ կողմից հրաշքով պատժվելու են դեռևս մահից առաջ սկսվող օրգանիզմի քայքայմամբ և ֆիզիկական ուժի վերջնական թուլացմամբ։ Հարձակվողների ճամբարում այնպիսի շփոթություն է լինելու, որ նրանք սկսելու են միմյանց հարվածել։ Այս պարագայում Հուդային միայն թշնամիների պարտությունն ավարտին հասցնելն ու հարուստ ավարը վերցնելն է մնալու: Եթե նախկինում հեթանոսներն էին բաժանում Երուսաղեմի բնակիչներից թալանված ավարը, ապա այժմ, ընդհակառակը, շրջակա բոլոր ժողովուրդներից որպես պատերազմական ավար հսկայական հարստություն է խլվելու: Հեթանոսների պարտությունը ամբողջական է լինելու, նրանց բարեկեցությանը վերջնական հարված է հասցվելու. թշնամիների բանակատեղիում ոչնչացվելու են բոլոր կենդանիները` թե՛ պատերազմական, թե՛ բեռնակիր և թե՛ զորքերի սննդի համար անհրաժեշտ:
--------------------------------
[12](Էջմիածին թարգ․) Ահա սրանք են այն հարուածները, որ Տէրը հասցնելու է բոլոր ազգերին, որոնք պատերազմեցին Երուսաղէմի դէմ. նրանց մարմինները պիտի հալուեն իրենց ոտքերի վրայ կանգնած ժամանակ, նրանց աչքերը թարախի պէս պիտի ծորեն իրենց ակնակապիճների մէջ, եւ նրանց լեզուները պիտի նեխեն իրենց բերաններում:
(Արարատ թարգ․) Եվ սա պիտի լինի այն հարվածը, որով Տերը պիտի հարվածի բոլոր ժողովուրդներին, որոնք պատերազմեցին Երուսաղեմի դեմ. նրանց մարմինը պիտի հալվի, մինչ իրենց ոտքերի վրա կանգնած են, նրանց աչքերը պիտի հալվեն իրենց խորշերում, և նրանց լեզուն պիտի հալվի իրենց բերանում։
(Գրաբար) Եւ այս իցեն հարուածք զոր հարցէ Տէր զազգս ամենայն՝ որ զաւրաժողով եղեն ի վերայ Երուսաղէմի։ Հալեսցին մարմինք նոցա մինչդեռ կայցեն ի վերայ ոտից իւրեանց. եւ ծորեսցին աչք նորա ի կապճաց իւրեանց, եւ լեզուք նոցա հալեսցին ի բերանս իւրեանց։