Բացատրական աստվածաշունչ, Ա. Պ. Լոպուխինի (†1904)
12-15․ «Եվ ահա այն պատիժը, որով Տերը պիտի հարվածի բոլոր ազգերին, որոնք պատերազմել են Երուսաղեմի դեմ. յուրաքանչյուրի մարմինը պիտի հյուծվի, երբ նա դեռ կանգնած լինի իր ոտքերի վրա, և նրա աչքերը պիտի հալվեն ակնապիճներում, և նրա լեզուն պիտի չորանա նրա բերանում»։ [12] Եվ այն օրը Տիրոջից նրանց մեջ մեծ խուճապ պիտի լինի, այնպես որ մեկը պիտի բռնի մյուսի ձեռքը, և յուրաքանչյուրի ձեռքը պիտի բարձրանա իր մերձավորի ձեռքի վրա»։ «Բայց Հուդան ևս պիտի պատերազմի Երուսաղեմի դեմ, և պիտի հավաքվի շրջակա բոլոր ազգերի հարստությունը՝ ոսկի, արծաթ և հանդերձներ՝ մեծ առատությամբ»։ «Նման պատիժ պիտի լինի նաև ձիերի, ջորիների, ուղտերի, էշերի և նրանց ճամբարներում գտնվող բոլոր անասունների վրա»։ (Սինոդական թարգ․)
Սուրբ Կյուրեղ Ալեքսանդրացին, մեկնաբանելով 13−14−րդ համարները մեսիական ժամանակների առնչությամբ և այստեղ նկատի ունենալով Քրիստոսին հավատացողներին ու Նրա Եկեղեցու թշնամիներին, նշում է. «Պատերազմելով Երուսաղեմում, այսինքն` կհաղթեն թշնամիներին ու պարտության կմատնեն հակառակորդներին» (վերը հիշատակված ստեղծագործություն, էջ 220):
Երանելի Հերոնիմոսը, եբրայերենից թարգմանելով «Հուդան պատերազմ է մղելու Երուսաղեմի դեմ» արտահայտությունը, մեջբերում է նաև Յոթանասնիցի տարբերակը («և Հուդան պիտի պատրաստվի Եուսաղեմում» ՝ καὶ Ἰούδας παρατάξεται ἐν Ἰερουσαλήμ (Παρατάσσω բայը կրավորական սեռով նշանակում է՝ դառնալ, շարվել, հատկապես` մարտական գծով, պատրաստվել պատերազմի, կռվել): Նա առաջարկում է այս հատվածը հասկանալ երկու կերպ. կա՛մ այն իմաստով, որ Հուդան ժամանակին դավանեց Տիրոջ անունը, սակայն հալածանքների ժամանակ դրդվեց հալածել Քրիստոսի ժողովրդին, կա՛մ էլ այն իմաստով, որ Հուդան, այսինքն` յուրաքանչյուր հավատացյալ և հույս ունեցող անձ, չի պատերազմի Երուսաղեմի դեմ, այլ թշնամիների դեմ պատերազմելու համար կպատրաստվի Երուսաղեմում (վերը հիշատակված ստեղծագործություն, էջ 183-184):
Այս վերջին մեկնությունն ավելի է համապատասխանում համատեքստին: 12−14−րդ համարների մտքերի հաջորդականությունը հետևյալն է. հեթանոսները Աստծու կողմից հրաշքով պիտի պատժվեն. նրանց մարմինների քայքայումը կսկսվի դեռևս մահից առաջ՝ հանգեցնելով ֆիզիկական ուժի վերջնական թուլացման։ Հարձակվողների ճամբարում այնպիսի խառնաշփոթ պիտի լինի, որ նրանք կհարվածեն միմյանց: Այսպիսով, Հուդային կմնա միայն ավարտին հասցնել թշնամիների պարտությունը և տիրանալ հարուստ ավարին: Եթե նախկինում հեթանոսներն էին բաժանում Երուսաղեմի բնակիչներից թալանված ավարը, ապա այժմ, ընդհակառակը, շրջակա բոլոր ժողովուրդներից կվերցվեն ահռելի հարստություններ՝ որպես պատերազմական ավար: Հեթանոսների պարտությունը լիակատար կլինի, և նրանց բարօրությանը վերջնական հարված կհասցվի: Թշնամական բանակների ճամբարներում կոչնչացվեն բոլոր կենդանիները` թե՛ մարտական, թե՛ բեռնակիր և թե՛ զորքի պարենավորման համար անհրաժեշտ:
--------------------------------
[12](Էջմիածին թարգ․) Ահա սրանք են այն հարուածները, որ Տէրը հասցնելու է բոլոր ազգերին, որոնք պատերազմեցին Երուսաղէմի դէմ. նրանց մարմինները պիտի հալուեն իրենց ոտքերի վրայ կանգնած ժամանակ, նրանց աչքերը թարախի պէս պիտի ծորեն իրենց ակնակապիճների մէջ, եւ նրանց լեզուները պիտի նեխեն իրենց բերաններում:
(Արարատ թարգ․) Եվ սա պիտի լինի այն հարվածը, որով Տերը պիտի հարվածի բոլոր ժողովուրդներին, որոնք պատերազմեցին Երուսաղեմի դեմ. նրանց մարմինը պիտի հալվի, մինչ իրենց ոտքերի վրա կանգնած են, նրանց աչքերը պիտի հալվեն իրենց խորշերում, և նրանց լեզուն պիտի հալվի իրենց բերանում։
(Գրաբար) Եւ այս իցեն հարուածք զոր հարցէ Տէր զազգս ամենայն՝ որ զաւրաժողով եղեն ի վերայ Երուսաղէմի։ Հալեսցին մարմինք նոցա մինչդեռ կայցեն ի վերայ ոտից իւրեանց. եւ ծորեսցին աչք նորա ի կապճաց իւրեանց, եւ լեզուք նոցա հալեսցին ի բերանս իւրեանց։
Հաղորդում կայքում սխալի վերաբերյալ
Տվյալ հատվածում առկա է սխալ: