Հովնանի մարգարեության մեկնություն 2:1

Ա. Պ. Լոպուխին (†1904)

«Եվ Տերը հրամայեց մի խոշոր կետ ձկան կուլ տալ Հովնանին. և Հովնանը երեք օր և երեք գիշեր այդ կետի փորում էր»: (Սինոդական թարգ․)[1]
   
   Հովնան մարգարեի՝ կետի փորում երեք օր մնալու հանգամանքը նրա գրքի առանցքային դրվագն է, որի շուրջ  ձևավորվում է մնացյալ ողջ բովանդակությունը: Միևնույն ժամանակ այս իրադարձությունն իր բնույթով կարծես թե դուրս է գալիս հավատքի բոլոր սահմաններից: Արժանանալով բազմաթիվ տարակուսանքների և սուր քննադատությունների` այն, թերևս, առավել քան մյուս  աստվածաշնչյան հատվածները, ենթարկվել է տարատեսակ մեկնաբանությունների և աղավաղումների: Ուստի, հաշվի առնելով այդ հանգամանքը` անհրաժեշտ է դրան անդրադառնալ ավելի մանրամասն:

   Քննադատների հիմնական ջանքերն ուղղված են նրան, որ Հովնանի` կետի փորում երեք օր գտնվելու հանգամանքը ներկայացվի որպես անհնարին, հերքվի իսկապես տեղի ունեցած պատմական իրադարձությունը և ապացուցվի, որ այն պետք է հորինվածք համարել: Այս նպատակին հասնելու համար նրանք փորձում են ամբողջ գիրքը ներկայացնել որպես այս կամ այն բարոյադաստիարակչական նպատակով գրված գեղարվեստական ստեղծագործություն և դրա գրական ոճը մոտեցնել մերթ առակի, մերթ ապոլոգի[1], երբեմն էլ այլաբանության:

   Կանգ չառնելով այն հարցի վրա, թե Հովնան մարգարեի գիրքը որքանով կարելի է նույնացնել հիշյալ և Աստվածաշնչի տարբեր հատվածներում հանդիպող գրական ոճերից որևէ մեկի հետ (այդ մասին տե՛ս Ներածությունը), առաջին հերթին մատնանշենք այն, որ Հովնանի` կետի փորում երեք օր մնալու պատմությունը հորինվածք անվանելը հարցի լուծում չէ: Պետք է նաև ասել, թե որտեղից է ծագել այդ հորինվածքը, քանի որ հորինված պատմությունները հենց այնպես չեն առաջանում. ամենավառ երևակայությունն անգամ իր կերպարներն ու պատկերները, իսկ, ավելի ճիշտ, հորինված պատմության տարրերը, ամեն դեպքում վերցնում է իրականությունից: Անհնար է հորինել մի բան, որն իրականության մեջ չի հանդիպում ինչ−որ կերպարով կամ ինչ−որ բանի նմանությամբ:

   Վերոշարադրյալ դիրքորոշումը շատ դժվար է վիճարկել, ինչի պատճառով էլ սույն ստեղծագործության՝ զուտ հորինվածք լինելու տեսակետն արդեն քիչ պաշտպաններ ունի: Սկսում է գերիշխել մեկ այլ տեսակետ, համաձայն որի՝ անհրաժեշտ է համարվում գրքի բովանդակությունն ինչ-որ կերպ կապել իրականության հետ։ Եվ ահա, այս զիջումն անելով, քննադատներն սկսում են Հովնանի գրքի պատմությունը որպես լեգենդ կամ առասպել հռչակել: Այս պարագայում ենթադրվում է, որ դրա հիմքում իրապես ընկած է պատմական ինչ−որ իրադարձություն կամ երևույթ, սակայն այն, երկար ժամանակ բանավոր ավանդության մեջ պահպանվելով, այնքան է ճոխացվել ու աղավաղվել ժողովրդական երևակայությամբ, որ այդ պատմական հիմքի մասին շատ դժվար է ենթադրություն անել: Առանց հիմնավորման չմնալու համար՝ այս տեսակետի պաշտպանները փորձում են Հովնանի գրքի բովանդակությունն ազատել հետագայում ի հայտ եկած երևակայական շերտերից և գտնել դրա պատմական հիմքը: Ընդ որում, որոշ ուսումնասիրողներ այդ պատմական հիմքը փորձում են գտնել Հովնան մարգարեի կյանքում կամ էլ, առհասարակ, հրեական պատմության մեջ, իսկ ոմանք էլ նույնիսկ դիմում են հեթանոսական ավանդություններին: Ըստ հրեա ռաբբիների, ապա բողոքական մեկնիչների՝ անհրաժեշտ է Հովնանի գիրքը պարզապես ազատել հրաշքի շուրջ մանրամասներից, և մեր առջև կհառնի իրական պատմությունը: Նրանք ասում են, որ Հովնանն իսկապես քարոզելու նպատակով ուղարկվել է Նինվե, սակայն չի հնազանդվել Աստծուն և նավարկել է Թարսիս։  Նավարկության ընթացքում իրոք փոթորիկ է եղել, սակայն այդ դեպքում որևէ հրաշք տեղի չի ունեցել, այլ պարզապես նավաբեկություն է եղել, իսկ Հովնանն էլ անսպասելիորեն փրկվել է: Այս նավաբեկությունն ու փրկությունը Հովնանն ընկալեց որպես ի վերուստ տրված նախազգուշացում, և նա ճանապարհվեց դեպի Նինվե: Որպեսզի մարգարեի փրկության դրվագը նմանեցնեն նրա գրքում նկարագրվող պատմությանը, ասում են, որ Հովնանին մեկ այլ նավ է փրկել, որը կրել է «Կետ» անվանումը, և դրա վրա Հովնանը մնացել է երեք օր, իսկ հետո ափ է դուրս եկել և ճանապարհվել դեպի Նինվե: Կամ էլ նավաբեկությունից հետո Հովնանը բռնվել է պատահաբար [ջրի] մակերևույթին լողացող սատկած կետից, և այնուհետև ալիքները նրանց միասին ափ են նետել: Մեկնիչների մեկ այլ խումբ Հովնանի գիրքը «մաքրում է» հրաշագործությանը վերաբերող տարրերից՝ դրանք երազների ոլորտին առնչելով. այս հեղինակներն ասում են, որ Թարսիս նավարկելու ճանապարհին Հովնանը քնել է (Հովն. 1:5), և փոթորիկ է եղել: Ինչպես հաճախ մենք ենք երազում արձագանքում մեզ շրջապատող իրականությունից ստացած տպավորություններին, այնպես էլ Հովնան մարգարեն է ալիքների աղմուկի և նավի տատանվելու հետևանքով սկսել փոթորիկի մասին երազ տեսնել: Աստծու առաջ իրեն մեղավոր զգալով՝ նա նաև երազում տեսնում է, թե ինչպես են փնտրում փոթորկի համար մեղավորին, վիճակ են գցում, և այն իրեն է ընկնում: Նրան ծովն են գցում, և մի ահավոր հրեշ  կարծես թե  կուլ է տալիս նրան, սակայն, ի զարմանս իրեն, նա ողջ է մնում այդ հրեշի որովայնում և իր փրկության համար սկսում է թախանձագին աղերսել Աստծուն, որից հետո հրեշը նրան ափ է նետում:

   Այստեղ Հովնանն արթնանում է։ Ծովում փոթորիկը դեռ մոլեգնում է, նավի վրա խառնաշփոթ է տիրում, ինչն էլ Հովնանի վրա ավելի է ուժեղացնում մղձավանջային երազի թողած տպավորությունը, և մարգարեն զղջում է Աստծուն իր անհնազանդության համար: Նշվածներից բացի՝ գոյություն ունեն նաև Հովնանի գրքի սյուժեն պարզ և բնական կերպով ներկայացնելու այլ փորձեր: Դրանք բոլորը ներկայացնելու հարկ չկա․ կարելի է սահմանափակվել միայն վերը շարադրված երկու ամենահաջող տարբերակներով: Որպես Հովնանի գրքի բացատրության փորձեր՝ ո՞րն է դրանց արժեքը: Անկասկած, դրանք կարող են գայթակղել իրենց պարզ և բնական թվացող բնույթով, սակայն դա բավարար չէ. փաստերի պարզեցված ներկայացումը հաճախ խեղաթյուրում է։ Անհրաժեշտ է, որ այս պարզեցումներն իրենց համար որևէ հիմք ունենան, այլ ոչ թե պայմանավորված լինեն միայն հրաշքներ չտեսնելու ցանկությամբ:

   Սակայն Հովնանի մարգարեության առասպելական բնույթը պաշտպանողները, մերժելով այն որպես պատմական վկայություն, իրենց խոսքը հիմնավորող ուրիշ ոչ մի փաստարկ չեն մատնանշում: Այսպիսով, հարցի լուծումը յուրովի ներկայացնելու փորձերը նրանց հաճելի ու պարզ ենթադրություններ են: Արդեն բազմաթիվ նման ենթադրություններ շատ են արվել, և կարելի է անել որքան ասես, սակայն դրանք չեն կարող մեզ մոտեցնել ճշմարտությանը, որը մեկն է:

   Հովնանի կյանքի դրվագներում նրա գրքի համար պատմական հիմք գտնելու անարդյունք փորձերը շատ մեկնիչների ստիպում է աղբյուրներ գտնել նույնիսկ հեթանոսական դիցաբանության մեջ: Այս պարագայում նրանք առավել հաճախ մատնանշում են Հերկուլեսի և Հեզիոնի մասին հունական, Պերսևսի և Անդրոմեդայի մասին փյունիկյան և Օհաննեսի մասին բաբելոնյան առասպելները: Ասում են, թե Հովնան մարգարեի գիրքը, հատկապես, կետի փորում երեք օր մնալու դրվագը, վերը հիշատակված այս կամ այն դիցաբանական պատմության վերաձևակերպումն է: Սակայն եթե Հովնանի մարգարեության բովանդակությունը համեմատենք վերոհիշյալ առասպելների հետ, ապա դրանց միջև շատ քիչ ընդհանրություններ կարող ենք գտնել: Մասնավորապես, Հերկուլեսի մասին առասպելում, ինչպես որ այն փոխանցվում է հնագույն հեթանոս հեղինակների կողմից (Ապպոլոդոր, Օվիդիյ, Դիոդոր Սիցիլիացի, Հոմերոս` Իլիական, XX 144–148), չկան այնպիսի մանրամասներ, որոնք կարող են հիմք դառնալ կետի՝ Հովնանին կուլ տալու պատմության համար։ Ծովային հրեշի հետ Հերկուլեսի պայքարը ներկայացվում է իբրև արտաքին մենամարտ։ Բացի այդ՝ հունական դիցաբանության հետ հրեաները կարող էին ծանոթանալ Ալեքսանդր Մակեդոնացու ժամանակներից ոչ շուտ, իսկ Հովնանի մարգարեությունը դրանից գրեթե հարյուր տարի առաջ արդեն մտել էր Սուրբ գրքերի կանոնի մեջ: Սակայն ամենամեծ հակադրությունը, որը հնարավոր է նկատել այն բոլոր փորձերի պարագայում, որոնց նպատակն է Հովնանի մարգարեության համար հիմք ծառայեցնել հեթանոսական դիցաբանությունը, այն չէ, որ հիշյալ առասպելների և Հովնանի մարգարեության բովանդակության մեջ քիչ նմանություններ կան, և ոչ էլ այն է, որ հիշյալ առասպելներից որոշներն ավելի ուշ ժամանակաշրջանի ծագում ունեն, քան Հովնանի մարգարեությունը, այլ այն է, որ անհնար է՝  հրեա հեղինակի բարոյական պատկերացումները թույլ տային նրան օգտվել հեթանոսական դիցաբանության առասպելներից՝ դրանք Տեր Աստծու մարգարեի մասին պատմություն դարձնելու համար: Թեև հրեաները տարվում էին հեթանոսությամբ (նրանք հրապուրվում էին հեթանոսական պաշտամունքի ձևերով և թեթև բարքերով), սակայն հեթանոսական բազմաստվածության և միակ Աստծու հանդեպ հավատքի գաղափարական հակադրությունը երբեք չէին մոռանում: Մասնավորապես, Հովնանի մարգարեության գրքի հեղինակը հաստատապես հավատում է միակ Աստծուն` տիեզերքի Արարչին (Հովն. 1:9), իսկ հեթանոս աստվածներին համարում է ունայն և սուտ (Հովն. 2:9): Ինչպե՞ս կարող էր գաղափարներով և զգացմունքներով ամբողջ հեթանոսությանը հակառակ մարդը վերցնել հեթանոս աստվածների մասին պատմությունը և իր կրոնական նպատակների համար ձևափոխել այն:

   Հովնանի՝ երեք օր կետի փորում մնալու պատմության աղբյուրները ժողովրդական ավանդության մեջ (որտեղ պարզ թվացող իրադարձությունները զարդարվում են հրաշալի մանրամասներով) և հեթանոսական դիցաբանության մեջ գտնելու փորձերի անհաջող ու անարդյունք լինելուց հետո, մենք ավելի ենք համոզվում, որ այն պետք է իրական պատմություն համարել և փորձել հնարավորինս հասկանալի դարձնել

   «Եվ Տերը հրամայեց մի խոշոր կետ ձկան կուլ տալ Հովնանին»:Ծովային կենդանին, որին Տերը հրամայում է կուլ տալ Հովնանին, եբրայերեն տեքստում կոչվում է «dag gadol», որը նշանակում է «մեծ ձուկ»: Ծովային կաթնասուններին (սակայն ոչ ձկներին) մատնանշելու համար եբրայերենում գործածվում են «levijatan» և «tanijm» արտահայտությունները (Հոբ 40:20, 7:12, Սաղմ. 103:26, Ծննդ. 1:21), սակայն չի օգտագործվում «dag» բառը, և այդ իսկ պատճառով այս պարագայում չի կարելի կարծել, որ Հովնանին կետն է կուլ տվել: Նմանատիպ ընկալման պարագայում հերքվում է այն առարկությունը, համաձայն որի՝ Հովնանի հետ պատահած հրաշքն անբնական է, քանի որ կետի կոկորդը շատ նեղ է:

   Ինչ վերաբերում է հունարեն ու սլավոներեն թարգմանություններին, ապա դրանք կիրառում են «κητος−կետ» բառը, քանի որ այդ ժամանակներում այս բառը չէր կապվում կաթնասունների հատուկ տեսակի հետ, այլ առհասարակ ուներ ծովային հրեշ իմաստը, որն իր մեջ ներառում էր նաև ծովային մեծ ձկանը («հրաշք ձուկ՝ կետ»): Տեքստում չի նշվում, թե Հովնան մարգարեին ինչ տեսակ ձուկ է կուլ տվել, սակայն կարելի է ենթադրել, որ դա շնաձուկ է եղել: Շնաձկների այն տեսակը, որ «squalus carcharias−մարդակեր շնաձուկ» է կոչվում, և որը հանդիպում է Միջերկրական ծովի ջրերում, հասնում է մինչև 32 ոտնաչափ երկարության և միանշանակ կարող է ամբողջությամբ կուլ տալ մարդուն:

   «Եվ Հովնանը երեք օր և երեք գիշեր այդ կետի փորում էր». աստվածաշնչյան լեզվով «Երեք օր և երեք գիշեր» արտահայտությունը պարտադիր չէ, որ նշանակի երեք ամբողջական օր (Ա Թագ. 30:12, 13, Եսթ. 4:15, 5:1), այլ կարող է նշանակել նույնիսկ 26−28 ժամ տևողությամբ ժամանակահատված (Մատթ. 27:46, Մարկ. 15:34), եթե այն սահմանափակվի առաջին օրվա ավարտով և երրորդ օրվա սկզբով: Եթե նույնիսկ Հովնանի՝ կետի փորում երեք օր մնալու ժամանակահատվածը դարձնենք 26−28 ժամ, ապա անգամ այս դեպքում սա շարունակում է մնալ հրաշք, այսինքն՝ մի իրադարձություն, որը հնարավոր չէ բացատրել միայն բնական ուժերի սովորական ներգործությամբ: Այդ պատճառով Փրկիչն այս իրադարձությունը «նշան» է անվանում՝ նմանեցնելով երեքօրյա մահից հետո Իր Հարության հրաշքին, ընդ որում  Հովնանի՝ կետի փորում մնալը համեմատվում է Փրկչի՝ գերեզմանում և դժոխքում գտնվելու հետ: Սա նշանակում է, որ կետի փորում Հովնան մարգարեն եղել է կարծես թե թաղված, և այն բնական պայմանները, որոնցում նա հայտնվել էր, նրան անխուսափելիորեն պիտի մահվան տանեին, և եթե նա ողջ է մնացել, ապա դա տեղի է ունենեցել բացառապես Տիրոջ ամենակարող ներգործության շնորհիվ: «Ուր որ Աստված կամենում է, այնտեղ հաղթվում են բնության օրենքները»: Մեզ տրված չէ իմանալ, թե Աստված ինչպես պահպանեց Հովնանի կյանքը կետի փորում. մենք չենք կարող հասկանալ, թե ինչպես են տեղի ունենում Աստծու կողմից կատարվող հրաշքները, սակայն մարդկային գիտակցությունն ամբողջովին չի հրաժարվում պատկերացնել այս կամ այն հրաշքի կատարման կերպը, դրա համար զուգահեռներ փնտրել բնական երևույթների մեջ և այդպիսով փորձել իր գիտելիքներով հավատքի համար հենարան գտնել: Կետի փորում ողջ մնալու հրաշքը բացատրող զուգահեռներ կարող են լինել մարդու ջրի տակ երկար ժամանակ գտնվելուց հետո կյանք վերադառնալը, թվացյալ մահվան (լեթարգիա) դեպքերը և, վերջապես, մոր որովայնում մանկան ինն ամիս մնալը: Բերված օրինակներից առաջին հերթին հետևում է, որ օդից զրկվելուց հետո մարդու մահը կարող է անմիջապես վրա չհասնել: Ճիշտ է, ջրի տակ գտնվող մարդու համար մահը հետաձգվում է կարճ ժամանակով, բայց կարևորն այն է, որ նման երևույթն այլևս բացարձակապես անհնար չի դառնում: Իսկ այն, ինչը բնական պայմաններում կարող է հնարավոր լինել թեկուզ մեկ ակնթարթ, հեշտ է պատկերացնել, որ Աստծու ամենազոր ազդեցությամբ կարող է շարունակվել և ավելի երկար տևել: Այդպիսի ազդեցությունը մեզ համար արդեն ոչ թե անբնական է, այլ գերբնական. դրանով բնության օրենքները չեն խախտվում, այլ Աստված դրանք օգտագործում է Իր նախախնամության նպատակներն իրականացնելու համար: Լեթարգիայի դեպքերը, երբ մահացած թվացող մարդուն թաղում են, և նա դեռ որոշ ժամանակ շարունակում է ապրել, վկայում են այն մասին, որ կենսագործունեության նվազման պարագայում մարդը համեմատաբար տևական ժամանակ կարող է գոյատևել առանց բավարար քանակությամբ օդի: Եթե դա հնարավոր է բնականորեն, ապա առավել ևս հեշտ է պատկերացնել, որ նմանատիպ իրողություն կարող է տեղի ունենալ հրաշքի ձևով: Վերջապես, բնական օրենքները, որոնց միջոցով մանկան կյանքը պահպանվում է մոր արգանդում, իրենց բնույթով մեզ համար ոչ պակաս արտասովոր և հրաշալի են, քան Հովնանի՝ կետի փորում լինելը: Եթե Արարիչն այնպիսի օրենքներ է ստեղծել, որոնց համաձայն մի էակի կյանքն ամիսներ շարունակ պահվում է մյուսի արգանդում, ապա մի՞թե Նա իշխանություն չունի այդ օրենքներն ու երևույթները համադրել այնպես, որ  ձկան փորում մարդու կյանքը պահվի երեք օր շարունակ:

[1] Համառոտ այլաբանական առակ կենդանիների մասին:

--------------------------------
[1](Էջմիածին թարգ․) Տէրը խոշոր կէտ ձկանը հրամայեց կուլ տալ Յովնանին: Երեք ցերեկ եւ երեք գիշեր Յովնանը կէտի փորում էր:
(Արարատ թարգ 1։17) Եվ Տերը մի մեծ ձկան հրամայեց, որ Հովնանին կուլ տա։ Եվ Հովնանը երեք օր ու երեք գիշեր ձկան փորում էր։
(Գրաբար) Եւ հրաման ետ Տէր կիտին մեծի կլանել զՅովնան. եւ էր Յովնան ի փոր կիտին զերիս տիւս եւ զերիս գիշերս։