Հովնանի մարգարեության մեկնություն 1:5

Ա. Պ. Լոպուխին (†1904)

«Նավաստիները խիստ վախեցան, և յուրաքանչյուրն իր աստծուն էր կանչում: Նրանք սկսեցին նավի բեռները գցել ծովը, որպեսզի թեթևացնեն այն: Իսկ Հովնանն իջավ նավի ներքնահարկը, պառկեց ու խորը քուն մտավ»: (Սինոդական թարգ․)[5]
   
   «Նավաստիները խիստ վախեցան, և յուրաքանչյուրն իր աստծուն էր կանչում»: Նավաստիները պատահական ուղևորներ չէին, այլ մարդիկ, որոնց համար ծովագնացությունը մասնագիտություն էր (եբրայերենում «malahim»−ը թարգմանվում է որպես «թիավարներ»): Նրանք, անկասկած, հեթանոսներ էին և հավանաբար ծագում էին փյունիկյան ծովափնյա քաղաքներից: Ծովափնյա բոլոր քաղաքների բնակիչների հավատալիքներում առանցքային տեղ էին զբաղեցնում ծովերի ու ջրերի աստվածները, որոնց օգնությանն էլ դիմում էին նավաստիները` փրկվելու ծովի փոթորկվող ալիքներից: Դրան զուգահեռ նրանք չէին անտեսում նաև փրկվելու բնական միջոցները. «սկսեցին նավի բեռները գցել ծովը, որպեսզի թեթևացնեն այն»:

    «Իսկ Հովնանն իջավ նավի ներքնահարկը, պառկեց ու խորը քուն մտավ»: Մարգարեի վարքագիծը տարօրինակ է թվում. մինչ նավի վրա գտնվողները, վախենալով իրենց կյանքի համար, աղոթում էին փրկության համար, նա իջնում է նավամասը և հանգիստ քնում: Սա տեղի է ունեցել այն պատճառով, որ գրքի հեղինակը սույն հատվածում հաջորդ պահը ներկայացրել է նախորդից առաջ և այստեղ բառային շրջապտույտ (υστερον προτερον) է կիրառվել, ինչին հանդիպում ենք նաև 1:10 և 4:5 համարներում: Իրականում Հովնան մարգարեն հանգստանալու էր գնացել փոթորկի սկսվելուց շատ ավելի վաղ: Իր մեջ տեղի ունեցող ներքին պայքարից և գուցե դեպի Հոպպե հապճեպ ճամփորդությունից հոգնած՝ մարգարեն, վերջապես, իր կողմից կայացված որոշմամբ հանդարտված «խորը քուն է մտնում»: Հետագա ամբողջ շարադրանքը, 2−րդ գլուխը ներառյալ, որոշ մեկնիչներ հասկանում են որպես մարգարեի տեսած երազ: Սակայն ուսումնասիրվող հատվածում որևէ հիմք չկա նմանատիպ ենթադրության համար, և 2−րդ համարի պատմական ճշգրտությունը փաստված է այն աստիճան, որքան որ գրքի մնացյալ հատվածները (այս մասին ընթերցի՛ր ներածության մեջ):

--------------------------------
[5](Էջմիածին թարգ․) Նաւավարները խիստ վախեցան, եւ իւրաքանչիւրը օգնութեան էր կանչում իր աստծուն: Նաւի վրայ եղած կարասին գցեցին ծովը, որպէսզի նուազեցնեն վտանգն իրենցից: Իսկ Յովնանը իջել էր նաւի մի խորշը, ննջում էր եւ խռմփացնում:
(Արարատ թարգ) Նավաստիները վախեցան, յուրաքանչյուրն իր աստծուն աղաղակեց։ Եվ նավի մեջ գտնվող առարկաները ծովը գցեցին, որպեսզի այն նրանցից թեթևացնեն։ Իսկ Հովնանն իջել էր նավի խորքը, պառկել ու խոր քնել։
(Գրաբար) Եւ երկեան նաւավարքն երկեւղ մեծ, եւ աղաղակէին առ իւրաքանչիւր Աստուածս իւր, եւ ընկեցին զկարասին՝ որ էր ի նաւին ի ծով անդր, զի թեթեւացուսցեն յինքեանց։ Եւ Յովնան իջեալ ի խորշ մի նաւին, ննջէր եւ խորդայր։