Ա․ Լոպուխին
Նավավարները խիստ վախեցան, ու յուրաքանչյուրը դիմում էր իր Աստծուն: Նավի վրա եղած կարասին գցեցին ծովը, որպեսզի իրենցից նվազեցնեն վտանգը: Իսկ Հովնանը իջել էր նավի ներքին մասը, պարկել էր ու ամուր քնած էր: (Սինոդական թարգ․)[5]
«Նավավարները խիստ վախեցան, ու յուրաքանչյուրը դիմում էր իր Աստծուն»: Նավավարները նավի ոչ թե սովորական ուղևորներ են, այլ այն մարդիկ, որոնց համար ծովագնացությունը մասնագիտություն էր (եբրայերենում «մալլախիմ»−ը թարգմանվում է որպես «թիավարներ»): Նրանք, անկասկած, հեթանոսներ էին և ծագումով, հավանաբար, փյունիկյան ծովափնյա քաղաքներից էին: Ծովափնյա բոլոր քաղաքների բնակիչների հավատալիքներում առանցքային տեղ էին զբաղեցնում ծովերի ու ջրերի աստվածները, որոնց օգնությանն էլ դիմում էին նավաստիները` ծովի փոթորկվող ալիքներից փրկվելու համար: Սրա հետ մեկտեղ նրանք զանց չէին առնում նաև փրկվելու բնական միջոցները. «նավի վրա եղած կարասին գցեցին ծովը, որպեսզի իրենցից նվազեցնեն վտանգը»:
«Իսկ Հովնանը իջել էր նավի ներքին մասը, պառկել էր ու ամուր քնած էր»: Մարգարեի վարքագիծը տարօրինակ է թվում. մինչ նավի վրա գտնվող և իրենց կյանքի համար վախեցող մյուս մարդիկ աղոթում էին փրկության համար, նա իջնում է նավամբարը և հանգիստ քնում: Սա այն պատճառով է տեղի ունեցել, քանի որ գրքի հեղինակը սույն հատվածում հաջորդ պահի վերաբերյալ ավելի վաղ է խոսում, քան նախորդի և այստեղ բառային շրջապտույտ (usteron proteron) է կիրառում, ինչին հանդիպում ենք նաև 1:10 և 4:5 համարներում: Իրականում Հովնան մարգարեն փոթորկի սկսվելուց շատ ավելի վաղ է գնում հանգստանալու: Իր մեջ տեղի ունեցող ներքին պայքարից և, միգուցե, դեպի Հոպպե հապճեպ ճամփորդությունից հյուծված լինելով՝ մարգարեն, վերջապես, իր կողմից կայացված որոշման շնորհիվ, հանգստանում և «ամուր քուն է մտնում»: Հետագա ամբողջ շարադրանքը, 2−րդ գլուխը ներառյալ, որոշ մեկնաբաններ հասկանում են որպես մարգարեի տեսած երազ: Սակայն ուսումնասիրվող հատվածում որևէ հիմք չկա նմանատիպ ենթադրության համար, և 2−րդ համարի պատմական ճշգրտությունը փաստված է այն աստիճան, որքան որ գրքի մնացյալ հատվածները (այս մասին ընթերցի՛ր ներածության մեջ):
--------------------------------
[5](Էջմիածին թարգ․) Նաւավարները խիստ վախեցան, եւ իւրաքանչիւրը օգնութեան էր կանչում իր աստծուն: Նաւի վրայ եղած կարասին գցեցին ծովը, որպէսզի նուազեցնեն վտանգն իրենցից: Իսկ Յովնանը իջել էր նաւի մի խորշը, ննջում էր եւ խռմփացնում:
(Արարատ թարգ․) Նավաստիները վախեցան, յուրաքանչյուրն իր աստծուն աղաղակեց։ Եվ նավի մեջ գտնվող առարկաները ծովը գցեցին, որպեսզի այն նրանցից թեթևացնեն։ Իսկ Հովնանն իջել էր նավի խորքը, պառկել ու խոր քնել։
(Գրաբար) Եւ երկեան նաւավարքն երկեւղ մեծ, եւ աղաղակէին առ իւրաքանչիւր Աստուածս իւր, եւ ընկեցին զկարասին՝ որ էր ի նաւին ի ծով անդր, զի թեթեւացուսցեն յինքեանց։ Եւ Յովնան իջեալ ի խորշ մի նաւին, ննջէր եւ խորդայր։
Հաղորդում կայքում սխալի վերաբերյալ
Տվյալ հատվածում առկա է սխալ: