Ա․ Լոպուխին
Ահա, Ես ուղարկում եմ Իմ Հրեշտակին, և նա Իմ առջև ճանապարհ կպատրաստի, և հանկարծակի Իր տաճարը կգա Տերը, Որին դուք փնտրում եք, և ուխտի Հրեշտակը, Ում դուք ցանկանում եք, ահա, Նա գալիս է, ասում է Զորությունների Տերը։ (Սինոդական թարգ․) [1]
Ի պատասխան հրեաների Աստծո արդար դատաստանը տեսնելու ցանկության՝ մարգարեն հայտարարում է, որ Տեր Աստված՝ որպես Ուխտի հրեշտակ, առաջին հերթին Ղևիի սերունդների դատաստանի համար է հայտնվելու, որպեսզի մաքրի նրանց իրենց անօրենություններից։ Այնուհետև նա դատաստան է անելու բոլոր հրեաների նկատմամբ, որոնք այժմ, զոհաբերության կենդանիների ընտրության և տաճարի համար սահմանված տասանորդները և ընծաները թալանելու հարցերի վերաբերյալ դրսևորած իրենց շահամոլությամբ՝ վիրավորում են Տեր Աստծուն: Թող հրեաները ուղղվեն՝ միայն այդ դեպքում նրանք կարող են ապավինել Աստծո ողորմությանը:
2−րդ գլխի 17−րդ համարում դրված «արդյո՞ք իրականում գոյություն ունի Աստծո արդարադատությունը» հարցին ի պատասխան մարգարեն ասում է, որ այդ արդարադատությունը գոյություն ունի, և շուտով Տեր Աստված կհայտնվի, Ում հրեաները այնքան ցանկանում են որպես ամբարիշտների դատավոր տեսնել։
«Ահա, Ես ուղարկում եմ», ավելի ճիշտ՝ «ահա, Ես կուղարկեմ»։ Եբրայերեն տեքստի այս հատվածում «ահա» մասնիկի հետ ներկա ժամանակի դերբայական դարձված է դրված։ Այսպիսի համադրությունը հաճախ այն ապագա իրադարձությունները մատնանշելու համար է օգտագործվում, որոնք վաղ թե ուշ պետք է իրականանան։ Այդ պատճառով էլ տվյալ դեպքում «Ես ուղարկում եմ»−ի փոխարեն ավելի լավ է կարդալ․ «Ես կուղարկեմ»։ «Ես»−ը, ինչպես երևում է համարի վերջին բառերից, հենց Զորությունների Տերն է։
«Իմ Հրեշտակին»։ Եբրայերեն տեքստի այս հատվածում դրված «մալահի» բառը կարող է մատնանշել և՛ երկրի վրա Տեր Աստծու կամքը իրականացնելու համար ուղարկվող անմարմին ոգիներից մեկին, և՛ մարդկանց Իր կամքը հայտնելու համար Տեր Աստծու կողմից լիազորված սովորական մի մարդու։ Սակայն Տեր Հիսուս Քրիստոս այդ անվանումը առնչում է Իր Կարապետին՝ Հովհաննես Մկրտչին (Մատթ․ 11։10)։ Տվյալ անվանումը նույն կերպ են մեկնաբանում նաև ավետարանիչները (Մարկ․ 1։2−4)։ Թյուրիմացություններից խուսափելու համար և, մասնավորապես, հաշվի առնելով այն հանգամանքը, որ համարի երկրորդ հատվածում կրկին խոսվում է «Հրեշտակի» մասին, Որի ներքո արդեն սովորական մահկանացու նկատի չի առնվում, պետք է այստեղ «Իմ Հրեշտակին» արտահայտության փոխարեն տեղադրել «Իմ պատգամաբերին» տարբերակը։ Թե «պատգամաբեր»−ի ներքո ո՞ւմ էին նկատի ունենում մարգարեին լսողները, արդեն կարևոր նշանակություն չունի։ 4−րդ գլխի 5−րդ համարի հիման վրա կարելի է միայն ասել, որ նրանք այստեղ կարող էին Եղիա մարգարեի գալստյան մասին կանխատեսել։ Մեզ համար կարևոր է այն, որ քրիստոնեական եկեղեցու բոլոր հնագույն մեկնաբանները, Ավետարանի համաձայն, այստեղ կանխատեսում են Հովհաննես Մկրտչի գալուստը։ Նորագույն արևմտյան մեկնաբանների կարծիքների վերլուծությունը ընթերցի՛ր Պ․ Վ․ Տիխոմիրովի «Մաղաքիա մարգարե» աշխատության մեջ։ Սերգիևյան Պոսադ, 1903, էջ 422−431։
«Եւ նա Իմ առջև ճանապարհ կպատրաստի», այսինքն՝ իր քարոզով այնպես կանի, որ բարոյական տեսանկյունից հրեաները ի վիճակի կլինեն ընդունելու Տիրոջը։ Այս պատկերը փոխառված է այն սովորություններից, որոնց թագավորական ճանապարհորդությունների ժամանակ հետևում էին Պարսկաստանում։ Հատուկ սուրհանդակներն ազդարարում էին թագավորի այս կամ այն շրջան ժամանելու մասին, որպեսզի դրա բնակիչները կարողանային պատշաճորեն դիմավորել նրան։
«Եւ հանկարծակի», այսինքն՝ պատգամաբերի գործունեությունը բոլորին չի պատրաստի Տեր−Դատավորին ընդունելուն, և շատերի համար այդ գալուստը բոլորովին անսպասելի կլինի։
«Իր տաճարը»՝ ինչպես Իր դղյակը (Հով․ 4։5, Եր․ 7։4)։ Աստված Իսրայելի թագավորն էր (Մաղ․ 1։14)։
«Տեր»−ը (եբրայերեն «հա−ադոն» ), անկասկած, Տեր Աստվածն է։
«Որին դուք փնտրում եք»․ սա Արդար վրիժառուի գոյության վերաբերյալ հրեաների առարկության մասին ակնարկ է (Մաղ․ 2։17)։ Թերևս այս խոսքերում նաև ակնարկ կա, որ Մաղաքիայի ժամանակակից հրեաներն այն բանի համար էին դժգոհ, որ նորակառույց տաճարում առկա չէ ամպը՝ Տեր Աստծու տեսանելի ներկայության մասին վկայող նշանը, ինչպես նաև ուխտի տապանակը, որի վրա, նախկինում, խորհրդավոր կերպով նստում էր Աստված։ Նրանց կարող էր թվալ, որ Տեր Աստված չի ապրում Իր ժողովրդի մեջ (Տիխոմիրով, նույն տեղում, էջ 436)։
«Ուխտի Հրեշտակ»։ Քանի որ այս անձին պետք է նախորդեր «պատգամաբերը» կամ Նախակարապետը, ապա պարզ է, որ այստեղ նկատի է առնվում ինչ−որ բարձրագույն անձնավորություն, այլ ոչ թե Աստծո սովորական սուրհանդակ։ Իսկ ո՞վ է այստեղ նկատի առնվում։ Ամենահավանական ենթադրությունն այն է, որ «ուխտի Հրեշտակ» արտահայտությունը նույնն է, ինչ Հին Կտակարանում հաճախ օգտագործվող «Տեր Աստծու Հրեշտակ»−ը։ Ինչպես որ նորագույն շրջանի էկզեգետների մոտ «Տեր Աստծու Հրեշտակ» արտահայտության ներքո հասկացվում է հենց Տեր Աստվածը, միայն ոչ ըստ Իր էության, այլ ըստ ընտրյալ ժողովրդի մեջ Իր հայտնության և կատարած գործունեության (Տիխոմիրով), այդպես էլ «Ուխտի Հրեշտակի» փոխարեն նույնպես պետք է Տեր Աստված հասկացվի, քանի որ Նա մի ժամանակ հրեաների հետ կնքած ուխտի ուժով հանդես կգա որպես հրեական ժողովրդի հետ հատուկ հարաբերությունների մեջ գտնվող անձ։ Հրեաները պահանջում էին, որ Տեր Աստված համբերատարության համար հատուցի իրենց, ինչպես որ համաձայնեցված էր Սինայում կնքված ուխտում (Ելք 19։7)։ Այդ պատճառով էլ Տեր Աստված շուտով այն բանի համար կգա, որպեսզի կատարի դա և հրեաների հետ վարվի այնպես, ինչպես պահանջում է այդ ուխտը։ Նրանք պետք է սպասեն Նրան՝ հենց որպես Հրեշտակի կամ էլ ուխտի կատարողի, որում նշված էին և՛ Տեր Աստծու խոստումները, և՛ Իսրայելի պարտականությունները։ Սակայն, միաժամանակ, կասկած չկա, որ Տեր Աստված իրենից առանձնացնում է «Ուխտի հրեշտակին»՝ որպես հատուկ Անձի..․ Նա ուղարկողն է, իսկ Ուխտի Հրեշտակը՝ ուղարկվողը, թեև գործում է Տեր Աստծու պես՝ Նրա բոլոր իրավունքներով և զորությամբ։ Այդ պատճառով մարգարեության վերջին՝ «ահա, Նա գալիս է» խոսքերը, չի կարելի որպես արտահայտման ինքնատիպ ձև հասկանալ, երբ խոսողը իր մասին երրորդ դեմքով է խոսում (Մաղաքիայի մոտ, օրինակ, «Աստված ասում է․ «աղոթե՛ք Աստծուն»՝ Մաղ․ 1։9), այլ, համաձայն Ավետարանի, պետք է որպես Աստծո Որդու մասին մատնանշում դիտարկել, Ով, Հայր Աստծո հետ էութենական միության ուժով (Հովհ․ 10։30) այստեղ հանդես է գալիս որպես Տեր Աստված և Ուխտի Հրեշտակ։
--------------------------------
[1](Էջմիածին թարգ․) «Ահա ես ուղարկում եմ իմ պատգամաբերին, եւ նա կը տեսնի իմ ճանապարհները՝ իմ առաջ. եւ յանկարծակի իր տաճարը կը գայ Տէրը, որին դուք փնտռում էք, եւ ուխտի պատգամաբերը, որին կամենում էք դուք:
(Արարատ թարգ․) «Ահա ես ուղարկում եմ իմ պատգամաբերին, որ ճանապարհ պատրաստի իմ առջևից, և Տերը, որին դուք փնտրում եք, հանկարծակի իր տաճարը պիտի գա. ուխտի պատգամաբերը, որին դուք հավանում եք, ահա գալիս է,- ասում է Զորքերի Տերը։
(Գրաբար) Ահա ես առաքեմ զհրեշտակ իմ. եւ տեսցէ զճանապարհս իմ առաջի իմ. եւ յանկարծակի եկեսցէ ի տաճար իւր Տէրն՝ զոր դուք խնդրէք, եւ հրեշտակն ուխտի՝ զոր դուք կամիք։

Հաղորդում կայքում սխալի վերաբերյալ
Տվյալ հատվածում առկա է սխալ: