Բացատրական աստվածաշունչ, Ա. Պ. Լոպուխինի (†1904)
«Ահա Ես ուղարկում եմ Իմ Հրեշտակին, և նա ճանապարհ կպատրաստի Իմ առջև, և հանկարծ Իր տաճար կգա Տերը, Որին դուք փնտրում եք, և Ուխտի Հրեշտակը, Որին դուք ցանկանում եք․ ահա Նա գալիս է, - ասում է Զորությունների Տերը»։ (Սինոդական թարգ․) [1]
Ի պատասխան հրեաների Աստծու արդար դատաստանը տեսնելու ցանկության՝ մարգարեն հայտարարում է, որ Տեր Աստված՝ որպես Ուխտի Հրեշտակ, առաջին հերթին պիտի հայտնվի Ղևիի սերունդների դատաստանի համար, որպեսզի մաքրի նրանց իրենց անօրենություններից։ Այնուհետև նա դատաստան է տեսնելու բոլոր հրեաների հանդեպ, որոնք այժմ անարգում են Տեր Աստծուն՝ զոհաբերվող կենդանիների ընտրության մեջ դրսևորած շահամոլությամբ և տաճարի համար սահմանված տասանորդները և ընծաները թաքցնելով: Թող հրեաներն ուղղվեն, և միայն այդ դեպքում նրանք կարող են ապավինել Աստծու ողորմությանը:
2−րդ գլխի 17−րդ համարում տրված հարցին՝ «արդյո՞ք իրականում գոյություն ունի Աստծու արդարադատություն», մարգարեն պատասխանում է, որ այդ արդարադատությունը գոյություն ունի, և շուտով կհայտնվի Տեր Աստված, Ում հրեաներն այնքան ցանկանում են տեսնել որպես դատավոր անօրենների հանդեպ։
«Ահա, Ես ուղարկում եմ», ավելի ճիշտ՝ «ահա Ես՝ ուղարկողս»։ Եբրայերեն տեքստի այս հատվածում «ահա» մասնիկի հետ ներկա ժամանակի դերբայական դարձված է դրված։ Այսպիսի համադրությունը հաճախ գործածվում է ապագա իրադարձությունները մատնանշելու համար, որոնք վաղ թե ուշ պետք է իրականանան։ Այդ պատճառով էլ տվյալ դեպքում «Ես ուղարկում եմ»−ի փոխարեն ավելի լավ է կարդալ․ «Ես կուղարկեմ»։ «Ես»−ը, ինչպես երևում է համարի վերջին խոսքերից, հենց Ինքը՝ Զորությունների Տերն է։
«Իմ Հրեշտակին». եբրայերեն տեքստի այս հատվածում դրված «մալեահի» բառը կարող է նշանակել և՛ անմարմին հոգիներից մեկին, որն ուղարկվում է երկրի վրա՝ Տեր Աստծու հրամաններն իրականացնելու համար, և՛ սովորական մարդու, որը լիազորված է Տեր Աստծու կողմից՝ Նրա կամքը մարդկանց հայտնելու համար։ Սակայն Տեր Հիսուս Քրիստոս այդ անվանումը վերագրում է Իր Կարապետին՝ Հովհաննես Մկրտչին (Մատթ․ 11։10)։ Տվյալ անվանումը նույն կերպ են մեկնաբանում նաև ավետարանիչները (Մարկ․ 1։2−4)։ Ուստի, թյուրիմացություններից խուսափելու համար և, մասնավորապես, հաշվի առնելով այն հանգամանքը, որ համարի երկրորդ հատվածում կրկին խոսվում է «Հրեշտակի» մասին, Որի ներքո արդեն նկատի չի առնվում սովորական մահկանացու, պետք է այստեղ «Իմ Հրեշտակին» արտահայտության փոխարեն գործածել «Իմ պատգամաբերին» տարբերակը։ Թե «պատգամաբեր»−ի ներքո ո՞ւմ էին նկատի ունենում մարգարեին լսողները, առանձնապես նշանակություն չունի։ Միայն կարելի է ասել, որ, հիմնվելով 4−րդ գլխի 5−րդ համարի վրա, նրանք այստեղ կարող էին տեսնել Եղիա մարգարեի գալստյան մասին կանխատեսումը։ Մեզ համար կարևոր է այն, որ քրիստոնեական Եկեղեցու բոլոր հնագույն մեկնիչները, Ավետարանի համաձայն, այստեղ տեսնում են Հովհաննես Նախակարապետի գալստյան մարգարեությունը։ Արևմտյան նորագույն մեկնիչների տեսակետների վերլուծությունը ընթերցի՛ր Պ․ Վ․ Տիխոմիրովի «Մաղաքիա մարգարե» աշխատության մեջ (Սերգիևյան Պոսադ, 1903, էջ 422−431)։
«Եւ նա ճանապարհ կպատրաստի Իմ առջև». այսինքն՝ իր քարոզչությամբ կանի այնպես, որ բարոյական առումով հրեաները կարողանան ընդունել Տիրոջը։ Այս պատկերը փոխառված է այն սովորույթներից, որոնց հետևում էին Պարսկաստանում թագավորական այցելությունների ժամանակ. հատուկ սուրհանդակներն ազդարարում էին թագավորի այս կամ այն շրջան գալստյան մասին, որպեսզի դրա բնակիչները կարողանային արժանավայել դիմավորել նրան։
«Եվ հանկարծ», այսինքն՝ պատգամաբերի գործունեությունը բոլորին չի պատրաստի Տեր−Դատավորին ընդունելուն, և շատերի համար այդ գալուստը բոլորովին անսպասելի կլինի։
«Իր տաճարը»՝ ինչպես Իր պալատը (Հովել 3։5, Երեմ. 7։4)։ Աստված Իսրայելի թագավորն էր (Մաղ․ 1։14)։
«Տեր»−ը (եբր. «հա−Ադոն» ), անկասկած, Տեր Աստվածն է։
«Որին դուք փնտրում եք»․ սա ակնարկ է այն առարկությանը, որով հրեաները կասկածի տակ էին դնում արդար Հատուցողի գոյությունը (Մաղ․ 2։17)։ Թերևս այս խոսքերում նաև ակնարկ կա այն մասին, որ Մաղաքիայի ժամանակակից հրեաները դժգոհ էին այն բանից, որ նորակառույց տաճարում չկար ամպը՝ Տեր Աստծու ներկայության մասին վկայող տեսանելի նշանը, ինչպես նաև ուխտի տապանակը, որի վրա, նախկինում, խորհրդավոր կերպով բազմում էր Աստված։ Նրանց կարող էր թվալ, որ Տեր Աստված չի բնակվում Իր ժողովրդի մեջ (Տիխոմիրով, նույն տեղում, էջ 436)։
«Ուխտի Հրեշտակ». քանի որ այս անձին պետք է նախորդեր «պատգամաբերը» կամ Նախակարապետը, ապա պարզ է, որ այստեղ նկատի է առնվում ինչ−որ բարձրագույն Անձ, այլ ոչ թե Աստծու սովորական պատգամաբեր: Իսկ ո՞վ է այստեղ նկատի առնվում։ Ամենահավանական ենթադրությունն այն է, որ «ուխտի Հրեշտակ» արտահայտությունը նույնն է, ինչ Հին Կտակարանում հաճախ հանդիպող «Տիրոջ Հրեշտակ»−ը։ Ինչպես նորագույն շրջանի մեկնիչները «Տիրոջ Հրեշտակ» արտահայտության ներքո հասկանում են հենց Տեր Աստծուն, միայն ոչ ըստ Իր էության, այլ ըստ ընտրյալ ժողովրդի մեջ Իր հայտնության և կատարած գործունեության (Տիխոմիրով), այդպես էլ «Ուխտի Հրեշտակի» ներքո պետք է հասկանալ նույնպես Տեր Աստծուն, քանի որ Նա հանդես կգա որպես մի Անձ, Ով մի ժամանակ հրեաների հետ կնքած ուխտի ուժով առանձնահատուկ հարաբերությունների մեջ է հրեա ժողովրդի հետ։ Հրեաները պահանջում էին, որ Տեր Աստված հատուցի իրենց համբերության համար, ինչպես որ համաձայնեցված էր Սինայում կնքված ուխտում (Ելք 24։7)։ Այդ պատճառով էլ Տեր Աստված շուտով պիտի գա, որպեսզի կատարի դա և հրեաների հետ վարվի այնպես, ինչպես պահանջում է այդ ուխտը։ Նրանք պետք է սպասեն Նրան՝ հենց որպես ուխտի Հրեշտակի կամ էլ կատարողի, որում նշված էին և՛ Տեր Աստծու խոստումները, և՛ Իսրայելի պարտականությունները։ Սակայն, միաժամանակ ակնհայտ է, որ Տեր Աստված իրենից առանձնացնում է «Ուխտի Հրեշտակին»՝ որպես առանձին Անձի..․ Նա ուղարկողն է, իսկ Ուխտի Հրեշտակը՝ ուղարկվածը, թեև գործում է Տեր Աստծու պես՝ Նրա բոլոր իրավունքներով և զորությամբ։ Այդ պատճառով մարգարեության վերջին՝ «ահա Նա գալիս է» խոսքերը, չի կարելի որպես արտահայտման ինքնատիպ ձև հասկանալ, երբ խոսողն իր մասին երրորդ դեմքով է խոսում (Մաղաքիայի գրքում, օրինակ, «Աստված ասում է․ «աղոթե՛ք Աստծուն»՝ Մաղ․ 1։9), այլ, համաձայն Ավետարանի, պետք է որպես Աստծու Որդու մասին մատնանշում դիտարկել, Ով, Հայր Աստծու հետ էության միության ուժով (Հովհ․ 10։30) այստեղ հանդես է գալիս որպես Տեր Աստված և Ուխտի Հրեշտակ։
--------------------------------
[1](Էջմիածին թարգ․) «Ահա ես ուղարկում եմ իմ պատգամաբերին, եւ նա կը տեսնի իմ ճանապարհները՝ իմ առաջ. եւ յանկարծակի իր տաճարը կը գայ Տէրը, որին դուք փնտռում էք, եւ ուխտի պատգամաբերը, որին կամենում էք դուք:
(Արարատ թարգ.) «Ահա ես ուղարկում եմ իմ պատգամաբերին, որ ճանապարհ պատրաստի իմ առջևից, և Տերը, որին դուք փնտրում եք, հանկարծակի իր տաճարը պիտի գա. ուխտի պատգամաբերը, որին դուք հավանում եք, ահա գալիս է,- ասում է Զորքերի Տերը։
(Գրաբար) Ահա ես առաքեմ զհրեշտակ իմ. եւ տեսցէ զճանապարհս իմ առաջի իմ. եւ յանկարծակի եկեսցէ ի տաճար իւր Տէրն՝ զոր դուք խնդրէք, եւ հրեշտակն ուխտի՝ զոր դուք կամիք։
Հաղորդում կայքում սխալի վերաբերյալ
Տվյալ հատվածում առկա է սխալ: