Ա. Պ. Լոպուխին (†1904)
Դա՛տ արեք ձեր մոր հետ, դա՛տ արեք, որովհետև նա Իմ կինը չէ, և Ես նրա ամուսինը չեմ, թող նա իր երեսից հեռացնի պոռնկությունը և իր ստինքներից՝ շնությունը, (Սինոդական թարգ․) [2]
2−րդ համարից սկսվում է Իսրայելի հանցանքների բացահայտումը։ Ինչպես երևում է 3−րդ, 6−րդ և 8−րդ համարներից, խոսքը Տեր Աստծու անունից է, այլ ոչ թե մարգարեի։
«Դա՛տ արեք ձեր մոր հետ»։ Մարգարեն մոր կերպարի տակ ներկայացնում է Իսրայելի ողջ հասարակությունը, որի համեմատ այդ հասարակության առանձին անդամներ հանդիսանում են երեխաները։ Մարգարեի կոչն ուղղվում է այն անդամներին, որոնք ամբողջ ժողովրդի դեպի կռապաշտությունը շեղված ժամանակաշրջանում հավատարիմ մնացին Տեր Աստծուն։ «Դա՛տ արեք», այսինքն բողոքե՛ք, ընդդիմացե՛ք անօրենությանը, որպեսզի կանխեք պատիժը։ Կոչը երկու անգամ կրկնելով («դա՛տ արեք, դա՛տ արեք») մարգարեն բացահայտում է այդ կոչի հաստատուն լինելը և դրան շուտափույթ հետևելու անհրաժեշտությունը։
«Թող նա իր երեսից հեռացնի պոռնկությունը»․ դիմումը վեաբերում է և՛ Գոմերին, ով ակնհայտորեն խախտել էր մարգարեի հետ ամուսնական միությունը, և՛ Իսրայելին, ով պղծել էր Տեր Աստծու հետ ուխտը։ Իսրայելի պարագայում պոռնկությունը շեղվելը և Բահաղի պաշտամունքին ծառայելն է։ Հունարեն և սլավոներեն տեքստերում հրամայական եղանակի փոխարեն «թո՛ղ հեռացնի»−ն ընթերցվում է ապառնի ժամանակով՝ «և կհեռացնեմ»։
--------------------------------
[2] (Էջմիածին թարգ․) Դա՛տ արէք ձեր մօր հետ, դա՛տ արէք, քանի որ նա իմ կինը չէ, եւ ես նրա ամուսինը չեմ: Ես կը վերացնեմ նրա պոռնկութիւնը իմ ներկայութիւնից եւ շնութիւնը՝ իր ստինքների միջից,
(Արարատ թարգ․) Վիճե՛ք ձեր մոր հետ, վիճե՛ք, որովհետև նա իմ կինը չէ, և ես նրա այրը չեմ։ Թող նա իր դեմքից հեռացնի իր պոռնկությունները և իր շնություններն իր ստինքների մեջտեղից։
(Գրաբար) Դատեցարո՛ւք ընդ մօրն ձերում, դատեցարո՛ւք. զի այն ո՛չ է իմ կին, և ես ո՛չ եմ այր նորա. և բարձից զպոռնկութիւն նորա յերեսաց իմոց, և զշնութիւն նորա ի միջոյ ստեանց իւրոց։

Հաղորդում կայքում սխալի վերաբերյալ
Տվյալ հատվածում առկա է սխալ: