Ովսեեի մարգարեության մեկնություն 3:1

Բացատրական աստվածաշունչ, Ա. Պ. Լոպուխինի (†1904)

«Եվ Տերն ասաց ինձ.«Կրկի՛ն գնա և սիրի՛ր մի կնոջ, որը սիրելի է իր ամուսնուն, սակայն շնանում է, ինչպես որ Տերն է սիրում Իսրայելի որդիներին, իսկ նրանք դառնում են դեպի ուրիշ աստվածներ և սիրում են նրանց չամիչով կարկանդակները»»։ (Սինոդական թարգ․) [1]
   
   Նոր խորհրդանշական գործողությամբ մարգարեն կանխատեսնում է Տեր Աստծու կողմից հանցավոր ժողովրդին ներելու պարագան։
«Եվ Տերն ասաց ինձ․ “Կրկի՛ն գնա և սիրիր մի կնոջ, որը սիրելի է իր ամուսնուն, սակայն շնանում է”». մարգարեին տրված այս հրամանի իմաստը տարբեր կերպ է հասկացվում։ Շատ մեկնիչներ (Հենգստենբերգ, Քեյլ, Շոլց) համարում են որ առաջին համարում խոսք է գնում մարգարեի մի ինչ-որ  անհայտ անունով կնոջ հետ երկրորդ ամուսնության մասին։ Ընդ որում ենթադրվում է, որ Գոմերը կա՛մ մահացել է, կա՛մ էլ ապահարզան է ստացել։ Սակայն մեկնիչների մեծամասնությունը համարում են որ այն կինը, որին մարգարեին հրամայվում է սիրել, առաջին գլխում հիշատակված Գոմերն է։

   Այսպիսի ընկալումը հիմնվում է հետևյալ նկատառումների վրա․

   ա) եթե մարգարեն խոսում է ոչ թե Գոմերի այլ ուրիշ կնոջ մասին, ապա առավել հստակ տեղեկություններ կհաղորդեր նրա մասին, ինչպես արել է Ովս. 1։3 համարում,

   բ) չնայած որ «ischah»՝ «կին» բառը 3։1 համարում չունի, որն էլ տարակուսանք է առաջացնում, թե այդ բառը վերաբերում է նախկինում հիշատակված ու ընթերցողին արդեն հայտնի անձնավորությանը, սակայն այդ հոդի այսպիսի բացթողումը Ովսեե մարգարեի մոտ հաճախ է հանդիպում (Ովս.  5։11 «acharej zav»՝ «ըստ հաստատման» և 4։11

   ikkah lev»՝ «տիրում է սրտին», «zav» և «lev» բառերի դեպքում այստեղ պետք է լիներ հոդ),

   գ) համատեքստից երևում է, որ այս խորհրդանշական գործողությամբ մարգարեն ցանկանում է ցույց տալ Իսրայելի հանդեպ անսասան աստվածային սերը՝ չնայած վերջինիս դավաճանությանն ու անհավատարմությանը։ Այս միտքը կարելի է արտահայտել միայն այն դեպքում, եթե Ովս.  3:1-ում հիշատակված կինը համարենք Գոմերին, որը դավաճանել էր մարգարեին, բայց, այնուամենայնիվ, սիրված էր նրա կողմից, դ) կնոջ մասին ասվում է, որ նա «սիրելի է ամուսնուն», եբր.՝ «achubath rea», բառացի՝ «ընկերոջ կողմից սիրված» (սլավ.՝ «չարիքը սիրող», քանի որ Յոթանասնիցում «rеа»−ի փոխարեն ընթերցել են «ra»՝ անպիտանիություն)։

   Այստեղ «rea»−ն կարող է նշանակել սիրեկան կամ ամուսին (Եր․ 3։1, 20 ու Երգ Երգոց 5։16)։

   Քանի որ «rea»−ի՝ սիրած կնոջ մասին նշվում է, որ նա շնանում է (այլ ոչ թե պոռնկանում), ուստի, ըստ երևույթին, «rea»−ի ներքո, որի հանդեպ հավատարմությունը խախտվում է, պետք է հասկանալ ամուսնուն։ Այսպիսով, կինը  սիրված է «ամուսնու կողմից»։ Այդ նույն ժամանակ մարգարեին ևս պատվիրվում է սիրել կնոջը։ Անկասկած, մարգարեին ուրիշի կնոջը տիրանալ և ուրիշի ամուսնության սրբությունը խախտել չէր կարող հրամայվել։ Այդ պատճառով պետք է եզրակացնել, որ մարգարեին հրամայվում է սիրել սեփական կնոջը, այսինքն՝ Ովս.  3։1 ում կնոջ անվան ներքո հասկացվում 1−ին գլխում հիշատակված մարգարեի կին Գոմերը։ «Կնոջը սիրի՛ր» հրամանի իմաստը, այնուամենայնիվ, լիովին պարզ չէ։

   Սակայն այդ հրամանը չի կարող հասկացվել ամուսնանալու իմաստով, որովհետև Հին Կտակարանում ամուսնական միություն կնքելը սովորաբար արտահայտվում է «laqach ischah» ձևով՝ «կին առնել»։ Բացի այդ՝ մարգարեի երկրորդ ամուսնության գաղափարը բացառվում է այն հանգամանքով, որ ո՛չ Գոմերի մահվան, և ո՛չ էլ նրանից բաժանվելու մասին ոչ մի խոսք չկա: Հաշվի առնելով վերոնշյալը՝ «սիրի՛ր կնոջը» հրամանի մեջ հարկավոր է միայն ցուցում տեսնել «Գոմերի հետ մարգարեի ամուսնության պատմության մաս կազմող մի նոր դրվագի» վերաբերյալ (Բրոդովիչ)։

   Պետք է ենթադրել, որ Գոմերը ոչ միայն խախտել էր մարգարեի հետ ամուսնական միությունը, այլ նաև ամբողջովին լքել էր նրան, որպեսզի մեծագույն ազատությամբ տրվեր իր արատավոր հակումներին։ Այժմ մարգարեն «կրկին նրան սիրելու», այսինքն՝ նրան գտնելու, իր սիրո մասին կրկին վկայելու և «սիրո նշանները նորոգելու» հրաման է ստանում (Կուրտց, Նովակ, Ռուժեմոնտ, Բրոդովիչ)։

   «Սիրում են նրանց չամիչով կարկանդակները», «asihischej anavim» (սլավ.՝ «չամիչով խմորեղեն», հուն.՝«πέμματα μετά σταιριδος», չամիչով թխվածքաբլիթ)․ հավանաբար այդ թխվածքաբլիթները ընծայաբերվում էին կուռքերին և ճաշակում էին զոհաբերությունների ճաշկերույթների ժամանակ։

--------------------------------
[1](Էջմիածին թարգ․) Եւ Տէրն ասաց. «Դարձեալ դու գնա՛ եւ սիրի՛ր մի կին, որ սիրի չարութիւնը եւ շնացող լինի, ինչպէս որ Աստուած սիրեց իսրայէլացիներին, իսկ նրանք օտար աստուածներին էին նայում եւ սիրում էին չամիչով պատրաստուած բլիթներ»:
(Արարատ թարգ․) Եվ Տերն ասաց ինձ. «Նորից գնա՛, մի շնացող կնո՛ջ սիրիր՝ ընկերոջից սիրված, ինչպես որ Տերը սիրում է Իսրայելի որդիներին, նույնիսկ երբ նրանք դեպի ուրիշ աստվածներ են դառնում և չամիչով կարկանդակներ են սիրում»։
(Գրաբար) Եւ ասէ ցիս Տէր դարձեալ. ասէ. Ե՛րթ դու և սիրեա՛ կին մի որ սիրիցէ զչարութիւն՝ և իցէ շո՛ւն. որպէս սիրեաց Աստուած զորդիսն Իսրայէլի, և նոքա հայէին յաստուածս օտարս, և սիրէին կտապս չամչեղէ՛նս։