Ա. Պ. Լոպուխին (†1904)
«Եվ նա գնաց ու առավ Դաբելայիմի դուստր Գոմերին, և նա հղիացավ ու նրա համար որդի ծնեց» (Սինոդական թարգ․) [3]
Ովսեեի խորհրդանշական գործողությունները միայն այլաբանություն համարող մեկնիչները փորձում են 3−րդ համարում տրված անուններում (Գոմեր, Դաբելայիմ) այլաբանական իմաստ գտնել։ «Գոմեր» (Gomer) անունը բխեցնում են «gamar» արմատից, իսկ վերջինս հասկանում են կա՛մ «ավարտել, կատարել» (Սաղմ․ 56:3, 137:8), կա՛մ էլ «վերջանալ, դադարել» (Սաղմ․ 7:9 (Արարատ թարգ.), 11:2, 76:9) իմաստով։ իմաստով։ Այստեղից երանելի Հերոնիմոսը «Գոմերը» թարգմանում է «tetelesmenh»՝ «կատարյալ» բառով և ստանում է՝ «ցանկասիրության կատարյալ դուստր» արտահայտությունը: Այս կերպ են թարգմանում նաև Քեյլը, Հենգստենբերգը, Շոլցը։ Իսկ ուրիշ մեկնիչներ վերոհիշյալը թարգմանում են «կատարելություն» (Հիտցիգ), «կործանում», «մահ» (Հեզենիուս, Հոֆման) իմաստներով։ Ըստ երանելի Հերոնիմոսի՝ «Դաբելայիմ» անունը նշանակում է «παλαθας»՝ պաստեղ (զանազան պտուղների հյութից եփվող լավաշանման ուտելիք), իսկ մյուսների կարծիքով (Հեզենիուս, Հոֆման)՝ «թզե բլիթ», «թուզ»։ Մեկնությունների բազմազանությունը ցույց է տալիս, որ «Գոմեր» անվան մեջ դժվար է այլաբանական իմաստ գտնել, որը մարգարեի պատմության մեջ կհամապատասխանի Գոմերի ունեցած նշանակությանը։ Այստեղից եզրակացնում են, որ սա ոչ թե մարգարեի կողմից ստեղծված, այլ զուտ պատմական անուն է (Էվալդ, Նովակ, Բրոդովիչ, Յավրոսկի)։ Որոշ հեղինակներ ցանկանում են «Դաբելայիմ» անունը որպես Գոմերի ծագման վայրի աշխարհագրական տեղանուն հասկանալ և, միևնույն ժամանակ, Գոմերին մովաբացի համարել (Թվեր․ 33:46, Երեմ․ 48:22)։ սակայն պարզ է, որ այս անունը կարելի է դիտարկել որպես անձնանուն։
«Եվ նա հղիացավ ու նրա համար որդի ծնեց»: Մեկնիչները ոչ առանց հիմքի են ենթադրում, որ այս արտահայտվելու կերպը (հմմ-ով Ես․ 8:3՝ «և ես մերձեցա իմ մարգարեուհի կնոջը. նա հղիացավ ու մի որդի ծնեց») հուշում է, որ Հեզրայելը և նրան հաջորդած Գոմերի երեխաները մարգարեի երեխաները չեն։
--------------------------------
[3](Էջմիածին թարգ․) Նա գնաց ու առաւ Գոմերին՝ Գաբելայիմի աղջկան, որը յղիացաւ եւ որդի ծնեց նրա համար:
(Արարատ թարգ․) Եվ նա գնաց ու առավ Դաբելայիմի դուստր Գոմերին։ Նա հղիացավ ու նրա համար մի որդի ծնեց։ Եվ Տերն ասաց.
(Գրաբար) Եւ չոգա՛ւ ա՛ռ զԳոմեր՝ դո՛ւստր Դաբելայիմայ. և յղացաւ՝ և ծնաւ նմա որդի։

Հաղորդում կայքում սխալի վերաբերյալ
Տվյալ հատվածում առկա է սխալ: