Գիրք` 24․ Սաղմոսներ

Գլուխ 11

Վստահություն Տիրոջ հանդեպ Երգողների գլխավորին։ Դավթի (սաղմոս)։
   
1․ Տիրոջն ապավինեցի. էլ ինչպե՞ս եք ասում իմ անձին, թե՝ «Թռչունի պես ձեր սարե՛րը փախիր»։

2․ Որովհետև ահա ամբարիշտներն աղեղ են լարում և իրենց նետերն են պատրաստում լարի վրա, որ խավարում խփեն նրանց, ովքեր ուղիղ են սրտով։

3․ Եթե հիմքերը քանդվեն, արդարն ի՞նչ պիտի անի։

4․ Տերն իր սուրբ տաճարում է, Տիրոջ գահը երկնքում է, նրա աչքերը տեսնում են, նրա հայացքը քննում է մարդկանց որդիներին։

5․ Տերը քննում է արդարին, բայց նրա անձն ատում է ամբարիշտին և բռնություն սիրողին։

6․ Նա որոգայթներ, կրակ և ծծումբ կտեղա ամբարիշտների վրա, և նրանց բաժակի բաժինը այրող մրրիկ կլինի,

7․ Որովհետև Տերն արդար է և արդարություն է սիրում. ուղիղները կտեսնեն նրա երեսը։