Բացատրական աստվածաշունչ, Ա. Պ. Լոպուխինի (†1904)
«Եվ նրա մեջ պիտի հանգստանան անասունների հոտերը և ամեն տեսակի կենդանիներ, հավալուսնը և ոզնին պիտի գիշերեն նրա քանդակազարդ խոյակների վրա, նրանց ձայնը պիտի լսվի պատուհաններից, ավերածություն պիտի երևա դռան սյուներին, որովհետև նրանց վրա չի մնա մայրի փայտից երեսպատումը»: (Սինոդական թարգ․)[14]
Նինվեին և ամբողջ Ասորեստանին սպասվող սարսափելի ամայացման հզոր և կենդանի գեղարվեստական պատկերը հիշեցնում է Բաբելոնի (Ես. 13−րդ գլուխ, հատկապես Ես. 13:20−22) և Եդոմի (Ես. 34:11−15) կատարյալ ամայացման մասին Եսայի մարգարեի նույնքան փառահեղ նկարագրությունը: Վայրի թռչուններն ու գազանները, ինչպես հավալուսնը և ագռավը, և այնպիսի կենդանիներ՝ ինչպինին ոզնին է, կլինեն երբեմնի ծաղկուն երկրի ավերակների միակ բնակիչները: «Յուրաքանչյուր խելամիտ մարդու համար կասկածից վեր է, որ ոզնիները տներում չեն ապրի, և կենդանիները իրենց համար քաղաքում գիշերվա կացարան չեն ընտրի, իսկ գիշերային ագռավները նրա դարպասներին հոժարությամբ չեն բնակվի, եթե այդ վայրերում նման բնույթ ունեցող էակների համար լիակատար անդորր չլինի։ Հիշյալ գազանները և կենդանիները մարդկանց հետ ապրել չեն սիրում, այլ փնտրում են այնպիսի վայրեր, որտեղ իրենց համար կատարյալ առանձնության և լիովին հանգիստ կյանքի հնարավորություն կլինի, և որտեղ հսկայական անապատը նրանց ապահովություն կտա ու կազատի ամեն տեսակ վախերից» (սուրբ Կյուրեղ Ալեքսանդրացի, նույն տեղում, էջ 367-368): «Բայց, - ասում է մարգարեն, - Նինվեն պիտի պատժվի իր հոգու հպարտության պատճառով, որովհետև նրա ամբարտավանությունը նմանվեց մայրի ծառի» (Երանելի Թեոդորիտոս. «Սոփոնիայի մարգարեության մեկնություն», մաս 5, Մ., 1857, էջ 51):
--------------------------------
[14](Էջմիածին թարգ․) կ՚արածեն նրա մէջ հօտերն ու երկրի բոլոր գազանները, գետնառիւծներն ու ոզնիները կ՚ապրեն նրա տներում, գազանները կ՚ոռնան նրա նկուղներում, եւ հաւալուսինները՝ նրա դռների մէջ, քանի որ նրա գոռոզութիւնը մայրի ծառի պէս բարձր է»:
(Արարատ թարգ.) Եվ նրա մեջ հոտերով պիտի մակաղեն ազգերի բոլոր գազանները, նրա խոյակների միջև պիտի օթևանեն հավալուսնը և ոզնին, ձայն պիտի հնչի պատուհաններում, ավերումը շեմում պիտի լինի, որովհետև նրա եղևնազարդը նա մերկացրեց։
(Գրաբար) եւ արածեսցին ի միջի նորա հաւտք եւ ամենայն գազանք երկրի, եւ գետնառեւծք՝ եւ ոզնիք ի յարկս նորա բնակեսցեն. եւ գազանք գոչեսցեն ի նկուղս նորա. եւ սակռուք ի դրունս նորա, քանզի իբրեւ զմայր է բարձրութիւն նորա։
Հաղորդում կայքում սխալի վերաբերյալ
Տվյալ հատվածում առկա է սխալ: