Սոփոնիայի մարգարեության մեկնություն 2:14

Ա․ Լոպուխին

Եվ նրա մեջ կշրջեն հոտերը և բոլոր տեսակի կենդանիները, գետնառյուծը և ոզնին կգիշերեն նրա զարդարված հարկերում, նրանց ձայնը կլսվի պատուհաններից, դռների սեմերին ավերում կլինի, որովհետև նրանց վրա չի մնա մայրեփայտյա երեսպատումը: (Սինոդական թարգ․)[14]
   
    Նինվեին և ամբողջ Ասորեստանին սպասվող սարսափելի ամայացման ուժեղ և աշխույժ գեղարվեստական պատկերը հիշեցնում է Բաբելոնի (Ես. 13−ը, հատկապես 20−22 համարները)  և Եդոմի (Ես. 34:11−15) կատարյալ ամայացման մասին Եսայի մարգարեի նույնքան փառահեղ պատկերը: Գետնառյուծի և ագռավի նման վայրի գազանները, ինչպես նաև ոզնիանման կենդանիները կլինեն  երբեմնի ծաղկուն երկրի ավերակների միակ բնակիչները: «Յուրաքանչյուր խելամիտ մարդու համար կասկած չի մնում, որ ոզնիները տներում չեն ապրի, կենդանիները իրենց համար քաղաքում գիշերվա կացարան չեն ընտրի, իսկ գիշերային ագռավները նրա դարպասներին դժկամությամբ կապրեն, եթե այդ վայրերում ամբողջական և  շատ հաճելի հանգստություն չլինի նման բնույթ ունեցող էակների համար։ Հիշյալ գազանները և կենդանիները մարդկանց հետ ապրել չեն սիրում, այլ այնպիսի վայրեր են փնտրում, որտեղ նրանց համար կատարյալ առանձնության և լիովին հանգիստ կյանքի հնարավորություն կլինի, և որտեղ հսկայական անապատը, ասես, նրանց ապահովություն և բոլոր վախերից ազատում կտա» (սուրբ Կյուրեղ Ալեքսանդրացի, նույն տեղում, էջ 367, 368): Բայց այս ամենը, ասում է մարգարեն, Նինվեն կկրի հոգու ամբարշտության համար, որովհետև նրա ամբարտավանությունը նմանվեց մայրու (Թեոդորիտ, Սոփոնիայի մարգարեության մեկնություն, մաս 5, Մ. 1857, էջ 51):
--------------------------------
[14](Էջմիածին թարգ․) կ՚արածեն նրա մէջ հօտերն ու երկրի բոլոր գազանները, գետնառիւծներն ու ոզնիները կ՚ապրեն նրա տներում, գազանները կ՚ոռնան նրա նկուղներում, եւ հաւալուսինները՝ նրա դռների մէջ, քանի որ նրա գոռոզութիւնը մայրի ծառի պէս բարձր է»:
(Արարատ թարգ․) Եվ նրա մեջ հոտերով պիտի մակաղեն ազգերի բոլոր գազանները, նրա խոյակների միջև պիտի օթևանեն հավալուսնը և ոզնին, ձայն պիտի հնչի պատուհաններում, ավերումը շեմում պիտի լինի, որովհետև նրա եղևնազարդը նա մերկացրեց։
(Գրաբար) եւ արածեսցին ի միջի նորա հաւտք եւ ամենայն գազանք երկրի, եւ գետնառեւծք՝ եւ ոզնիք ի յարկս նորա բնակեսցեն. եւ գազանք գոչեսցեն ի նկուղս նորա. եւ սակռուք ի դրունս նորա, քանզի իբրեւ զմայր է բարձրութիւն նորա։