Սոփոնիայի մարգարեության մեկնություն 3:8

Ա․ Լոպուխին

Այսպիսով, սպասե՛ք Ինձ, ասում է Տերը, մինչև այն օրը, երբ ես ոտքի կելնեմ ամայացման համար, որովհետև Ես վճռեցի հավաքել ազգերին, կանչել թագավորություններին, որպեսզի իմ ցասումը թափեմ նրանց վրա, իմ բարկության ամբողջ սաստկությունը, որովհետև իմ նախանձախնդրության կրակով կսպառվի ողջ երկիրը: (Սինոդական թարգ․)[8]
   
   8−րդ համարը ներկայացնում է անցում սպառնալիքներից մխիթարական խոստումների, որը անսովոր է մարգարեական խոսքի համար (Ես. 10:24, 27:9, Եր. 16:1, Եզեկ. 39:25): Աստծո ժողովրդին ուղղված այս նախնական մխիթարության համար որպես բովանդակություն, ըստ մարգարեական վախճանաբանության, ծառայում է աշխարհի հանդեպ դատաստանի վերջին գործողությունը (Հով. 3−րդ (Եբր. 4) գլուխը, Եզեկ. 38, 39, Միք. 4:12)՝ Երուսաղեմի առջև բոլոր հեթանոսական ժողովուրդների վերջնական հավաքումը և վճռորոշ պայքարում նրանց վերջնական պարտությունը: Եթե ավելի վաղ (2:4 և այլն) մարգարեն խոսում էր անմիջապես իրենց բնակության վայրերում որոշ օտար ժողովուրդներին սպասվող առաջիկա պատժի մասին, ապա այժմ իր մտքում նա աշխարհի բոլոր ազգերին դեպի Երուսաղեմ է ձգում՝ Տեր Աստծու անունից հայտարարելով, որ «Նրա նախանձախնդրության կրակով կսպառվի ողջ երկիրը»։ Իհարկե, «ողջ երկիրը» (եբրայերեն՝ «кольхаарец») արտահայտությանն այստեղ սահմանափակ մեկնաբանություն պետք է տրվի։ Սա նշանակում է, որ կործանվելու են միայն հեթանոսության և հուդայականության մեջ առկա այն տարրերը, որոնք դեմ են Աստծուն և Նրա կրոնին: «Ամբողջ երկրի վրա կործանվելու են բոլոր երկրային բաները, այն ամենը, ինչը կապված է երկրային գործերին, այսինքն՝ մարմնին: Իմ նախանձախնդրության բոցը վերջում կլափի նրա բոլոր փշերը և փշոտ թփերը» (Երանելի Հերոնիմոս, Ստեղծագործություն, Սոփոնիայի մարգարեության մեկնության մեկ գիրք, Մաս 14, Կիև, 1898 թ., էջ 303): Մարգարեի հայացքը ոչ մի կերպ չի սահմանափակվում մեղավոր աշխարհի հանդեպ Տեր Աստծու դատաստանի մռայլ պատկերով։ Ընդհակառակը, նա ավելի խորն է ներթափանցում և ավելի լավ ապագայի արշալույս է տեսնում ոչ միայն Իսրայելի, այլ նաև ողջ մարդկության համար: Դատաստանից հետո երկրի վրա կվերանա չարիքը․ նախ՝ բարոյական, ապա՝ ֆիզիկական, և կսկսվի Աստծո ճշմարիտ արքայությունը: Աստծո դատաստանի առաջին բարիքը և անհամեմատ կարևորագույն հետևանքը դեպի Տեր Աստծու հավատը հեթանոսների ամբողջական դարձն է լինելու (9, 10 համարները):
--------------------------------
[8](Էջմիածին թարգ․) Դրա համար սպասի՛ր ինձ, - ասում է Տէրը, - այն օրը, երբ ոտքի կանգնեմ վկայելու: Ազգերի դէմ իմ դատաստանը կը լինի՝ բռնել թագաւորներին, նրանց վրայ թափել իմ բարկութիւնը, իմ ամբողջ բարկութիւնն ու սրտմտութիւնը, քանի որ իմ վրէժխնդրութեան կրակով պիտի մաշուի ամբողջ երկիրը:
(Արարատ թարգ․) «Ուրեմն ինձ սպասե՛ք,- ասում է Տերը,- մինչև իմ վկայության կանգնելու օրը. որովհետև իմ վճիռն է ազգերը ժողովել, թագավորությունները հավաքել, որ նրանց վրա թափեմ իմ ցասումը, իմ բարկության ամբողջ բորբոքումը, որովհետև իմ նախանձախնդրության կրակով պիտի սպառվի ամբողջ երկիրը։
(Գրաբար) Վասն այդորիկ սպասեա ինձ, ասէ Տէր՝ յաւուր յարութեան իմոյ ի վկայութիւն։ Զի դատաստանք իմ ի վերայ ազգաց յըմբռնել զթագաւորս՝ ի հեղուլ ի վերայ նոցա զբարկութիւն իմ՝ զամենայն բարկութիւն սրտմտութեան իմոյ, զի հրով նախանձու իմոյ մաշեսցի ամենայն երկիր։