Սոփոնիայի մարգարեության մեկնություն 3:9

Ա. Պ. Լոպուխին. «Բացատրական աստվածաշունչ»

9-10․ «Այն ժամանակ Ես ժողովուրդներին դարձյալ մաքուր շուրթեր պիտի տամ, որպեսզի բոլորը կանչեն Տիրոջ անունը և ծառայեն Նրան միաբանությամբ»։ [9] «Եթովպիայի գետերից այն կողմ գտնվող երկրներից Ինձ երկրպագողները, Իմ ցրվածների զավակները, Ինձ ընծաներ պիտի բերեն»։ (Սինոդական թարգ․)
   
    Մեծագույն նշանակություն ունեցող այս իրադարձությունը՝ ժողովրդական լայն զանգվածների անցումը անհավատության խավարից դեպի ճշմարիտ աստվածգիտության լույսը, ստից դեպի հավիտենական ճշմարտությունը, մարգարեն ներկայացնում է որպես հատուկ արարչագործության բացառիկ գործողություն՝ ուղղված Աստծու կողմից անթիվ մարդկանց շուրթերի մաքրմանը. «ազ էհփոխ էլ ամմիմ սաֆա բերուրա»՝ «Այն ժամանակ ժողովուրդներին դարձյալ մաքուր շուրթեր պիտի տամ»:

    «Մաքուր շուրթեր» (եբր.՝ «սաֆա բերուրա», Վուլգաթա՝ «labium electum») արտահայտության ներքո շատ հրեա ռաբբիներ հասկանում էին եբրայերեն լեզուն, որով բոլոր ազգերը պիտի խոսեին Աստծուն դառնալուց հետո. «Ինչպես մինչև աշտարակաշինությունը բոլորը խոսում էին մեկ լեզվով, այնպես էլ երբ բոլորը դառնան ճշմարիտ Աստծու պաշտամունքին, պիտի խոսեն եբրայերեն, և ամբողջ աշխարհը պիտի երկրպագի Տիրոջը» (Երանելի Հերոնիմոս. «Ստեղծագործություն, Սոփոնիայի մարգարեության մեկնության մեկ գիրք», մաս 14, Կիև, 1898 թ., էջ 301):

    Իրականում մարգարեն, խոսելով Աստծու կողմից ժողովուրդներին մաքուր շուրթեր շնորհելու մասին (Ակյուղաս և Թեոդիտոն. «ընտրված շուրթեր»), Աստծու այս գործը պատկերացնում է այն սրբագործման նմանությամբ, որն ըստ Ես. 6:5-7-ի՝ Աստծու հրամանով կատարվեց Սերովբեներից մեկի կողմից Եսայի մարգարեի շուրթերի վրա. երբ Եսային գանգատվում էր իր և իր ժողովրդի շուրթերի անմաքրության համար, Սերովբեն ունելիով զոհասեղանից վերցրեց այրվող ածուխը և, դրանով մարգարեի շուրթերին դիպչելով, ասաց. «Քո անօրենությունները ջնջված են, և քո մեղքերը՝ մաքրված»: Այստեղ շուրթերի մաքրությունը ենթադրում է մտքերի, զգացմունքների և մարդու ողջ հոգևոր բովանդակության մաքրություն: Այս համեմատության մեջ պետք է հասկանալ նաև շուրթերի հավաքական մաքրությունը, որն Աստծու անունից Սոփոնիա մարգարեն հռչակում է ազգերին. նա նկատի ունի Աստծուց շնորհվող  հավատքի մաքրությունը: Հեթանոսների շուրթերը պղծվել և անմաքուր են դարձել սուտ աստվածներին փառաբանելու հետևանքով (Ովս. 2:19, Սաղմ. 115:4), իսկ «մաքուր շուրթեր» մարգարեն կոչում է այն շուրթերը, որոնք կանչում են ոչ թե աստվածների, այլ Աստծու անունը» (Թեոդորոս Կյուրացի. «Ստեղծագործություն, Սոփոնիայի մարգարեության մեկնություն», մաս 5. Մ., 1857 թ., էջ 53): «Տալ մաքուր շուրթեր» նշանակում է հեթանոսների ներքին տրամադրության մեջ այնպիսի փոփոխություն կատարել, որ նրանք բոլորը սրբորեն պատվեն Աստծուն և իրենց զգացմունքներն արտահայտեն ճշմարիտ բարեպաշտությամբ լի և բոլոր հեթանոսական սնահավատության հետքերից զերծ խոսքերով, ինչպես նաև համապատասխան կրոնաբարոյական կյանքով, «որպեսզի բոլորը կանչեն Տիրոջ անունը և միաբան ծառայեն Նրան»: Նման միտք Աստված արտահայտել է նաև Եսայու շուրթերով. «Թոթովախոս լեզուները շուտով կսովորեն խաղաղություն խոսել» (Ես. 32:4), և ավելին՝ «․․․և ծանրախոսների լեզուները հասկանալի կլինեն» (Ես. 35:6): Հետևաբար, բազմաստվածությանն ընտելացած ազգերին Նա պիտի փոխի և դարձնի ընտրյալ ու մաքուր այնպես, որ բոլորը կանչեն Տիրոջ անունը, և բոլոր ժողովուրդները ծառայեն Նրան մեկ լծի տակ» (Թեոդորոս Կյուրացի, նույն տեղում, էջ 53):

    Բոլոր ազգերի մեջ ճշմարիտ աստվածճանաչողության և աստվածպաշտության ապագա այս համընդհանուր տարածումը 10−րդ համարում հաստատվում է Եթովպիայի բնակիչների օրինակով: Սա այդ ժամանակաշրջանի աշխարհագրության մեջ հայտնի ամենահեռավոր հարավային երկիրն էր (Սոփ. 2:12, Ես. 18:1 և այլն), որը ոռոգվում էր «գետերով» (նեհարիմ)՝ Սպիտակ և Կապույտ Նեղոսներով: «Երկրի հեռավոր սահմաններում բնակվողները», ընդունելով Իմ կողմից ամենուրեք առաքված քարոզիչների ուսմունքը, Ինձ պիտի փառաբանության ընծա մատուցեն։ Այսպես է թարգմանել նաև Սյումմաքոսը. «Եթովպիայի գետերի ծայրերից անգամ Ինձ աղոթողները՝ Իմ ցրված որդիները, Ինձ ընծաներ պիտի բերեն, այսինքն՝ նրանք, դառնալով բոլոր ազգերի մեջ Իմ կողմից սփռված բարեպաշտության քարոզիչների զավակները, Ինձ հոգևոր ընծաներ պիտի մատուցեն» (Թեոդորոս Կյուրացի, նույն տեղում, էջ 53, 54):

    9−րդ և 10−րդ համարների միտքն ուրվագծվել է ավելի վաղ՝ դեռևս Սոփ. 2:11-ում և այժմ միայն ավելի ամբողջական ու լայն կերպով է բացահայտվում (Ես. 66:20, Մաղ. 1:11): Այստեղ առաջ է քաշվում այն միտքը, որ հեթանոսների հանդեպ Աստծու դատաստանի բարերար ազդեցությունը նույնպիսի բարերար անդրադարձ պիտի ունենա նաև հրեաների վրա: Ստորև՝ 11−13−րդ համարներում, նախ նկարագրվում է հրեական հասարակության բարոյական փոփոխությունը, և ապա 14−20−րդ համարներում տրվում է այն մեծ բարիքների հրաշալի պատկերը, որոնք Տեր Աստված պիտի հեղի Իր՝ գերության արհավիրքներով մաքրված ժողովրդի մնացորդի վրա:

--------------------------------
[9](Էջմիածին թարգ․) Այն ժամանակ ժողովուրդներին կը վերադարձնեմ իրենց լեզուն ըստ ազգի, որպէսզի բոլորը Տիրոջ անունը կանչեն, որպէսզի նրանք ծառայեն նրան մէկ լծի տակ:
(Արարատ թարգ.) Այն ժամանակ ժողովուրդների շրթունքները մաքուր պիտի դարձնեմ, որպեսզի ամենքը կանչեն Տիրոջ անունը՝ նրան համախոհ կերպով ծառայելու համար.
(Գրաբար) Զի յայնժամ դարձուցից ի վերայ ժողովրդոց լեզու յազգս նոցա՝ ի կարդալ ամենեցուն զանուն Տեառն, ի ծառայել նոցա նմա ընդ միով լծով։