Ա. Պ. Լոպուխին. «Բացատրական աստվածաշունչ»
2-3. «Լսվում են մտրակի շաչյունը և պտտվող անիվների դղրդյունը, ձիու վրնջյունն ու սլացող կառքի աղմուկը»: [2] «Սլանում է հեծելազորը, փայլատակում է սուրը, և շողշողում են նիզակները․ սպանվածների բազմություն և դիակների կույտեր. դիակներին վերջ չկա, սայթաքում են նրանց դիակների վրա»: (Սինոդական թարգ․)
Սակայն Նինվեի կործանման պատճառների շուրջ մարգարեի մտորումներն ընդհատվում են թշնամու բանակի մոտեցմամբ, որն ասես արդեն լսելի ու տեսանելի է, և նա ներկայացնում է անօրեն Նինվեի վրա Աստծու դատաստանն իրականացնողների սրընթաց շարժման գեղեցիկ, կենդանի և արտահայտչականությամբ անկրկնելի պատկեր (եթե, իհարկե, մարգարեի խոսքն ընթերցվի եբրայերեն բնօրինակով)։ Լսվում է ձիերի մտրակի շաչյունը, երկրաշարժի նմանվող մարտակառքերի անիվների աղմուկը, ձիերի դոփյունն ու վրնջյունը, մարտկառքերի արագ և սրընթաց շարժումը (տե՛ս 2-րդ համար), իսկ հետո հայտնվում է ինքը՝ թշնամին։ Բոցերի պես շողացող սրերով և կայծակի պես փայլփլող նիզակներով (տե՛ս 3-րդ համար, Ա) կարգապահ և անհաշվելի շարքեր կազմած սլանում են հեծյալները, իսկ այս ամենի վերջում, որպես նախորդի արդյունք, նոր, սարսափելի պատկեր է հայտնվում․ մարգարեն արյունահեղության մի ահավոր վայր է տեսնում, իսկ դրա վրա՝ նախ բազմաթիվ ընկածներ՝ մահացու վիրավոր և հոգեվարքի մեջ, իսկ հետո՝ դիակների ամբողջական կույտեր, մարմինների անթիվ բազմություն, որոնց վրա հնարավոր չէ չսայթաքել (տե՛ս 3-րդ համար, Բ)։ Այսպիսով, ցանկացած սպանության, (Ծննդ․ 9։6) առավել ևս թափված արյան ծովերի համար, «արյան քաղաքի» վրա կիրականանա Աստծու կողմից սահմանված փոխհատուցման օրենքը։
--------------------------------
[2](Էջմիածին թարգ․) Հարուածների ձայն, անուի շարժման ձայն, կառքերի շաչիւն, հեծեալների դոփիւն,
(Արարատ թարգ․) Ահա խարազանի շաչյունը և անիվի շռինդը, սրընթաց ձին և ցնցվող կառքը,
(Գրաբար) Ձայն հարուածոյ, ձայն շարժման անուոյ, շաչիւն կառաց, շահատակիւն հեծելոց.
Հաղորդում կայքում սխալի վերաբերյալ
Տվյալ հատվածում առկա է սխալ: