Գիրք` 4. Թուեր

Գլուխ 12

ՄԱՐԻԱՄԸ ՊԱՏԺՒՈՒՄ Է
   
1. Մարիամն ու Ահարոնը վատաբանեցին Մովսէսին, քանի որ նա կնութեան էր առել մի եթովպուհու: Մովսէսն, իրօք, եթովպացի կնոջ հետ էր ամուսնացել:
2. Նրանք ասացին. «Միթէ Տէրը միայն Մովսէ՞սի հետ խօսեց, նա նաեւ մեզ հետ չխօսե՞ց»: Տէրը լսեց դա:
3. Մովսէսը, սակայն, շատ աւելի հեզ էր, քան երկրի վրայ ապրող բոլոր մարդիկ:
4. Տէրը միաժամանակ ասաց Մովսէսին, Ահարոնին ու Մարիամին. «Դուք երեքդ էլ վկայութեան խորան գնացէք»: Նրանք երեքով գնացին վկայութեան խորան:
5. Տէրն իջաւ սիւնակերպ ամպի մէջ եւ կանգնեց վկայութեան խորանի դռան մօտ: Նա կանչեց Ահարոնին ու Մարիամին, եւ նրանք երկուսով դուրս եկան:
6. Տէրն ասաց նրանց. «Լսեցէ՛ք իմ խօսքերը. եթէ ձեզանից որեւէ մէկը Տիրոջ մարգարէ դառնայ, ես տեսիլքով կ՚երեւամ նրան եւ երազի մէջ կը խօսեմ նրա հետ:
7. Ո՛չ այնպէս, ինչպէս իմ ծառայ Մովսէսի հետ, որը իմ ամբողջ տան մէջ իմ հաւատարիմ մարդն է:
8. Ես նրա հետ դէմ առ դէմ, բացէիբաց եմ խօսելու եւ ոչ թէ առակներով: Նա ականատես է եղել Տիրոջ փառքին: Եւ ինչպէ՞ս դուք առանց երկիւղի վատաբանեցիք իմ ծառային՝ Մովսէսին»:
9. Տէրը խիստ բարկացաւ նրանց վրայ: Նրանք գնացին եւ
10. ամպը վերացաւ խորանի վրայից, իսկ Մարիամը բորոտ դարձաւ ձեան նման: Ահարոնը նայեց Մարիամին եւ տեսաւ, որ նա բորոտ է դարձել:
11. Ահարոնն ասաց Մովսէսին. «Խնդրում եմ քեզ, տէ՛ր, մեզ վրայ մեղքեր մի՛ բարդիր, որովհետեւ չիմացանք, որ մեղք գործեցինք:
12. Մարիամը թող չնմանուի այն մեռելածին երեխային, որը, որպէս վիժուածք, ելնում է մօր արգանդից, բայց կիսատ մարմնով:
12. Մովսէսը, աղերսելով Տիրոջը, ասաց. «Խնդրում եմ քեզ, Աստուա՛ծ, բուժի՛ր նրան»:
14. Տէրն ասաց Մովսէսին. «Եթէ Մարիամի հայրը թքէր նրա երեսին, մի՞թէ նա եօթը օր չէր ամաչելու: Ուրեմն եօթը օր նա թող հեռանայ բանակատեղիից եւ յետոյ վերադառնայ»:
15. Մարիամը եօթը օր հեռու պահուեց բանակատեղիից: Ժողովուրդը ճանապարհ չընկաւ, մինչեւ որ մաքրուեց Մարիամը: