ՑԵՂԵՐԻՆ ՏՐՈՒԱԾ ԿԱՐԳԱԴՐՈՒԹԻՒՆԸ ԻՋԵՒԱՆՈՒՄ
1. Տէրը խօսեց Մովսէսի ու Ահարոնի հետ եւ ասաց.
2. «Ամէն մէկը թող գնայ իր գնդի դրօշակի ետեւից, ըստ իր նահապետական տների: Իսրայէլացիներից իւրաքանչիւրը թող բանակատեղի հաստատի ըստ իր բանակի:
3. Արեւելեան կողմում առաջինը թող Յուդայի ցե՛ղը բանակատեղի հաստատի իր զօրքով: Յուդայի ցեղի գնդի հրամանատարը Ամինադաբի որդի Նաասոնն է:
4. Հաշուառման ենթարկուած նրա զօրքը բաղկացած է եօթանասունչորս հազար վեց հարիւր հոգուց:
5. Նրանցից յետոյ թող բանակատեղի հաստատի Իսաքարի ցեղը: Իսաքարի ցեղի գնդի հրամանատարը Սոգարի որդի Նաթանայէլն է:
6. Հաշուառման ենթարկուած նրա զօրքը բաղկացած է յիսունչորս հազար չորս հարիւր հոգուց:
7. Նրա կողքին թող բանակատեղի հաստատի Զաբուղոնի ցեղը: Զաբուղոնի ցեղի գնդի հրամանատարը Քելոնի որդի Եղիաբն է:
8. Հաշուառման ենթարկուած նրա զօրքը բաղկացած է յիսունեօթը հազար չորս հարիւր հոգուց:
9. Յուդայի ցեղի հաշուառման ենթարկուած ամբողջ զօրքը բաղկացած է հարիւր ութսունվեց հազար չորս հարիւր հոգուց: Ճանապարհ ընկնելիս նրանք իրենց զօրքով թող առաջինը գնան:
10. Ռուբէնի ցեղի գունդն ու զօրքը հարաւային կողմում թող լինեն: Ռուբէնի ցեղի գնդի հրամանատարը Սադիուրի որդի Եղիսուրն է:
11. Հաշուառման ենթարկուած նրա զօրքը բաղկացած է քառասունվեց հազար հինգ հարիւր հոգուց:
12. Նրա կողքին թող բանակատեղի հաստատի Շմաւոնի ցեղը: Շմաւոնի ցեղի գնդի հրամանատարը Սուրիսադայի որդի Սաղամիէլն է:
13. Հաշուառման ենթարկուած նրա զօրքը բաղկացած է յիսունինը հազար երեք հարիւր հոգուց:
14. Նրա կողքին թող բանակատեղի հաստատի Գադի ցեղը: Գադի ցեղի հրամանատարը Ռագուէլի որդի Եղիսափանն է:
15. Հաշուառման ենթարկուած նրա զօրքը բաղկացած է քառասունհինգ հազար վեց հարիւր յիսուն հոգուց:
16. Ռուբէնի ցեղի հաշուառման ենթարկուած ամբողջ զօրքը բաղկացած է հարիւր յիսունմէկ հազար չորս հարիւր յիսուն հոգուց: Ճանապարհ ընկնելիս նրանք իրենց զօրքով թող երկրորդը գնան:
17. Վկայութեան խորանը տեղափոխելիս ղեւտացիների բանակատեղին թող գտնուի բանակատեղիների մէջտեղում: Ինչ կարգով որ բանակատեղի են հաստատել, նոյն կարգով էլ իւրաքանչիւրն ըստ իր իշխանութեան 208թող ճանապարհ ընկնի:
18. Եփրեմի ցեղի գունդն իր սպառազինութեամբ հանդերձ թող բանակատեղի հաստատի արեւմտեան կողմում: Եփրեմի ցեղի գնդի հրամանատարը Էմիուդի որդի Եղիսաման է:
19. Հաշուառման ենթարկուած նրա զօրքը բաղկացած է քառասուն հազար հինգ հարիւր հոգուց:
20. Նրանցից յետոյ թող բանակատեղի հաստատի Մանասէի ցեղը: Մանասէի ցեղի հրամանատարը Փադասուրի որդի Գամաղիէլն է:
21. Հաշուառման ենթարկուած նրա զօրքը բաղկացած է երեսուներկու հազար երեք հարիւր հոգուց:
22. Նրանցից յետոյ բանակատեղի հաստատողը Բենիամինի գունդը թող լինի: Բենիամինի գնդի հրամանատարը Գեդէոնի որդի Աբիդանն է:
23. Հաշուառման ենթարկուած նրա զօրքը բաղկացած է երեսունհինգ հազար չորս հարիւր հոգուց:
24. Եփրեմի ցեղի հաշուառման ենթարկուած ամբողջ զօրքը բաղկացած է հարիւր ութ հազար երկու հարիւր հոգուց: Ճանապարհ ընկնելիս նրանք իրենց զօրքով թող երրորդը գնան:
25. Դանի ցեղի գունդն իր սպառազինութեամբ թող բանակատեղի հաստատի հիւսիսային կողմում: Դանի ցեղի գնդի հրամանատարը Ամիսադայի որդի Աքիեզերն է:
26. Հաշուառման ենթարկուած նրա զօրքը բաղկացած է վաթսուներկու հազար եօթը հարիւր հոգուց:
27. Նրանցից յետոյ բանակատեղի հաստատողը Ասերի ցեղը թող լինի: Ասերի ցեղի գնդի հրամանատարը Եքրանի որդի Փագիէլն է:
28. Հաշուառման ենթարկուած նրա զօրքը բաղկացած է քառասունմէկ հազար հինգ հարիւր հոգուց:
29. Նրանցից յետոյ բանակատեղի հաստատողը Նեփթաղիմի ցեղը թող լինի: Նեփթաղիմի ցեղի գնդի հրամանատարը Ենանի որդի Աքիրէն է:
30. Հաշուառման ենթարկուած նրա զօրքը բաղկացած է յիսուներեք հազար չորս հարիւր հոգուց:
31. Դանի ցեղի հաշուառման ենթարկուած զօրքը բաղկացած է հարիւր յիսունեօթը հազար վեց հարիւր հոգուց: Ճանապարհ ընկնելիս նրանք, ըստ իրենց գնդի կարգի, իրենց զօրքով վերջինը թող գնան»:
32. Այս է իսրայէլացիների զօրքի թիւն ըստ իրենց նահապետների ընտանիքների: Հաշուառման ենթարկուած զօրքերի ընդհանուր թիւը բաղկացած է վեց հարիւր երեք հազար հինգ հարիւր յիսուն հոգուց:
33. Ղեւտացիները, սակայն, վերոյիշեալ հաշուառման ենթարկուածների մէջ չեն մտնում, ինչպէս որ Տէրն էր պատուիրել Մովսէսին:
34. Իսրայէլացիներն արեցին այն ամէնը, ինչ Տէրը հրամայել էր Մովսէսին: Նրանք բանակատեղիներ հաստատեցին ըստ իրենց գնդերի, եւ ամէն մէկը ճանապարհ էր ընկնում իր ցեղի հետ, ըստ իր նահապետների ընտանիքների:
Հաղորդում կայքում սխալի վերաբերյալ
Տվյալ հատվածում առկա է սխալ: