«Թագաւորութիւններ»-ի չորրորդ գիրքը շարունակութիւնն է նոյն անունը կրող երրորդ գրքի։ Այստեղ յիշատակւում են Յուդայի եւ Իսրայէլի թագաւորութիւնների վերջին միապետների իշխանութեան ժամանակաշրջանի դէպքերը։
Առաջին մասը մեզ տանում է մինչեւ Իսրայէլի թագաւորութեան կործանումը, թագաւորութիւն, որը վատ էր կառավարւում Աստծուն անհաւատարիմ թագաւորների կողմից։ Նրանց խստասրտութեան պատճառով Աստուած թոյլ է տալիս Ասորեստանի թագաւոր Սալմանասարին, որ գա եւ գրաւի Իսրայէլի հիւսիսային թագաւորութեան մայրաքաղաք Սամարիան շուրջ 722 թուականին (ն․ Ք․) եւ աքսորի նրա բնակիչների մի մասին։ Գրքի այս մասի բազմաթիւ գլուխներում, որպէս տիրական դէմք, հանդէս է գալիս Եղիսէ մարգարէն՝ Եղիա մարգարէի աշակերտն ու յաջորդը (գլ․ 2-13)։
Երկրորդ մասը վերաբերում է շուրջ 130 տարուայ մի շրջանի պատմութեան, որի ընթացքում Յուդայի թագաւորութիւնը միայնակ շարունակում է իր գոյութիւնը, մինչեւ որ Բաբելոնի թագաւոր Նաբուքոդոնոսորը գալիս գրաւում է Երուսաղէմը 578 թուականին (ն․ Ք․), կործանում տաճարը ու Յուդայի երկրի բնակչութեան ընտրանուն գերեվարում դէպի Բաբելոն։
Հաղորդում կայքում սխալի վերաբերյալ
Տվյալ հատվածում առկա է սխալ: