Գիրք` 13. Ա Մնացորդաց

Ներածութիւն

   
   «Մնացորդաց»-ի երկու գրքերն էլ գրուել են Իսրայէլի նոյն միջավայրում, հաւանաբար քահանայական դասի կողմից, եւ կազմում են մի ամբողջութիւն։ Սա մի մեծակտաւ երկ է, ուր իւրայատուկ ձեւով շարադրուած է Աստծու ժողովրդի պատմութիւնը նրա ծագումից մինչեւ նրա գերութիւնը Բաբելոնում։
   Այս պատմութիւնը գրուել է ոչ թէ մի պատմագրի տեսանկիւնից՝ բառիս բուն իմաստով, այլ աւելի շուտ մի աստուածաբանի կամ մի քարոզչի, որը լայնօրեն օգտագործել է հնագոյն աղբիւներ, մասնաւորապես Սամուէլի եւ երրորդ, չորրորդ «Թագաւորութիւններ»-ի գրքերը։ Օգտագործուած աղբիւրների մէջ հեղինակի կատարած ընտրութիւնները յստակօրէն ցոյց են տալիս, թէ որն է այն ուսմունքը, որ առաւելապես մօտ է եղել նրա սրտին։ Դա այն է, որ միայն Աստուած պետք է կառավարի Իսրայէլի ժողովրդին․ թագաւորները սոսկ նրա սպասաւորներն են, որոնց պարտականութիւնն է ներկայացնել Նրա հեղինակութիւնը կյանքի բոլոր բնագաւառներում։ Այս տեսակէտից Դաւիթը Աստծուն կատարելապես հաւատարիմ թագաւոր է, որ նուաճել է Երուսաղէմը, որը յետագայում դառնում է սուրբ քաղաք այնտեղ կառուցուած տաճարի շնորհիւ։ Նա է նոյնպէս ղեկավարել Իսրայէլի քաղաքական կեանքը, կազմակերպել նրա կրօնական կեանքը։ Այս օրինակելի թագաւորի մահից յետոյ հեղինակն իր ուշադրութիւնը կենտրոնացնում է նրա յետնորդների վրայ, որոնք Յուդայի երկրի թագաւորութեան գլխաւորներն են եղել։
   «Մնացորդաց»-ի առաջին գիրքը մեզ վերյիշեցնում է Ադամից մինչեւ Դաւիթ թագաւորի ժամանակաշրջանն ընկած ամբողջ պատմութիւնը՝ շատ ամփոփ կերպով, ծննդաբանական ցանկերի ձեւով (1-9 գլուխները)։ Գրքի երկրորդ մասը (10-29 գլուխները) նուիրուած են Դաւթի թագաւորութեան պատմութեանը, ուր զանց են առնուած բազմաթիւ դրուագներ՝ Դաւթի պատանեկութիւնն ու երիտասարդութիւնը, նրա թափառական կեանքը, նրա բախումը Սաւուղի հետ, նար թագաւորութեան եօթը տարիները Հեբրոնում, Աբեսաղոմի ապստամբութիւնը եւ այլն։ Դրան հակառակ, հեղինակը կանգ է առնում այն բոլոր հանգամանքների վրայ, որոնք Դաւթին մղեցին նախապատրաստելու Երուսաղէմի տաճարի կառուցումը՝ ուխտի տապանակի վերադարձը հայրենիք, Իսրայէլի ժողովրդի չարաբաստիկ նախաձեռնութիւնը, դրան յաջորդող խորանի շինարարութիւնը ապագա սրբարանի տեղում, վերջապէս, կազմակերպումը այդ խորանի սպասարկող տարբեր դասի պաշտօնեաների՝ քահանաներ, դպիրների, երգեցօղներ, դռնապաններ եւ այլն։