ՈՒՐԻՇ ԴԱՏԱՒՈՐՆԵՐ. ԹՈՂԱ ԵՒ ՅԱՅԻՐ
1․ Աբիմելէքից յետոյ Իսրայէլը փրկելու համար մէջտեղ ելաւ Փուայի որդի Թողան, նրա հօրեղբօր որդին՝ Իսաքարի ցեղից: Նա բնակւում էր Սամարիայում, Եփրեմի լերան վրայ:
2․ Նա Իսրայէլում դատաւորութիւն արեց քսաներեք տարի եւ մեռաւ ու թաղուեց Սամարիայում:
3․ Նրանից յետոյ մէջտեղ ելաւ գաղաադացի Յայիրը եւ Իսրայէլում դատաւորութիւն արեց քսաներկու տարի:
4․ Նա ունէր երեսուներկու որդի, որոնք հեծնում էին երեսուներկու աւանակի վրայ: Նրանք ունէին երեսուներկու քաղաք: Նա դրանք կոչեց Յայիրի աւաններ, եւ այդպէս են կոչւում մինչեւ այսօր: Այդ քաղաքները գտնւում են Գաղաադում:
5․ Յայիրը մեռաւ եւ թաղուեց Կամոնում:
ԱՄՈՆԱՑԻՆԵՐԻ ՅԱՐՁԱԿՈՒՄԸ ԻՍՐԱՅԷԼԱՑԻՆԵՐԻ ՎՐԱՅ
6․ Իսրայէլացիները շարունակեցին Տիրոջ առաջ չարիք գործել եւ պաշտեցին Բահաղիմներին, Աստարոթին, ասորեստանցիների աստուածներին, Սիդոնի աստուածներին, Մովաբի աստուածներին, ամոնացիների աստուածներին եւ այլազգիների աստուածներին: Նրանք լքեցին Տիրոջը եւ չպաշտեցին նրան:
7․ Տէրը բարկութեամբ բորբոքուեց իսրայէլացիների վրայ եւ նրանց մատնեց այլազգիների ձեռքը ու ամոնացիների ձեռքը:
8․ Նրանք այն ժամանակ տասնութ տարի ճնշեցին եւ ճզմեցին իսրայէլացիներին, բոլոր իսրայէլացիներին, որոնք Յորդանան գետի այն կողմում, ամորհացիների երկրում, Գաղաադում էին:
9․ Ամոնացիներն անցան Յորդանան գետը՝ պատերազմելու Յուդայի դէմ, Բենիամինի դէմ եւ Եփրեմի տան դէմ: Իսրայէլացիները խիստ նեղութեան մէջ ընկան:
10․ Նրանք աղաղակեցին Տիրոջը եւ ասացին. «Մեղանչեցինք քո դէմ, որովհետեւ թողեցինք մեր Աստծուն եւ Բահաղիմներին պաշտեցինք»:
11․ Տէրն ասաց իսրայէլացիներին. «Չէ՞ որ եգիպտացիները, ամորհացիները, ամոնացիները, մովաբացիները, այլազգիները,
12․ սիդոնացիները, ամաղէկացիները, քանանացիները նեղում էին ձեզ, եւ դուք ինձ աղաղակեցիք, ու ես ազատեցի ձեզ նրանց ձեռքից:
13․ Իսկ դուք թողեցիք ինձ եւ օտար աստուածներ պաշտեցիք: Դրա համար այլեւս ձեզ չեմ փրկելու:
14․ Գնացէ՛ք, աղաղակեցէ՛ք այն աստուածներին, որ ձեզ համար ընտրեցիք, թող նրանք փրկեն ձեզ ձեր նեղութեան ժամանակ»:
15․ Իսրայէլացիներն ասացին Տիրոջը. «Մենք մեղանչեցիք, արա՛ դու մեզ այն, ինչ որ քեզ հաճելի է թւում, բայց միայն, Տէ՛ր, ազատի՛ր մեզ այսօր»:
16․ Եւ նրանք հեռացրին իրենց միջից օտար աստուածներին եւ միայն Տիրոջը պաշտեցին: Նա չհաշտուեց ժողովրդի հետ, բայց նրա սիրտը ցաւեց Իսրայէլի տառապանքի համար:
17․ Ամոնացիները վեր կացան եւ բանակատեղի դրին Գաղաադում. իսրայէլացիներն էլ վեր կացան եւ բանակատեղի դրին Դիտանոցում:
18․ Գաղաադի ժողովրդի իշխաններն իրար ասացին. «Այն մարդը, որ սկսի պատերազմել ամոնացիների դէմ, նա թող լինի Գաղաադի բոլոր բնակիչների գլխաւորը»:
Հաղորդում կայքում սխալի վերաբերյալ
Տվյալ հատվածում առկա է սխալ: