Գիրք` 6. Յեսու

Գլուխ 16

ԵՓՐԵՄԻՆ ԵՒ ՄԱՆԱՍԷԻՆ ՅԱՏԿԱՑՈՒԱԾ ԵՐԿԻՐԸ
   

1. Յովսէփի որդիների սահմանները եղան. Յորդանան գետից, Երիքովի դիմացից՝ Երիքովի դիմացի ջրի արեւելեան կողմից դէպի անապատ: Երիքովից սահմանները բարձրանում են անապատի լեռնակողմը՝ Բեթէղղուզ.
2. Բեթէղղուզից բարձրանում եւ անցնում են Արքիատարոթի սահմանների մօտով,
3. դուրս են գալիս ծովի կողմը, Յեփաղթիի սահմանները, մինչեւ Ներքին Բեթորոնի սահմաններն ու մինչեւ Գազեր եւ վերջանում են ծովի կողմում:
4. Սա ժառանգութիւն ստացան Յովսէփի որդիները՝ Եփրեմը եւ Մանասէն:
   
ԵՓՐԵՄ
   
5. Եփրեմի որդիների սահմանները եղան ըստ իրենց տոհմերի. այսինքն՝ նրանց ժառանգութեան սահմաններն եղան արեւելքից Աստարոթ Ադարը մինչեւ Վերին Բեթորոնը եւ Գազերը.
6. սահմաններն անցնում են հիւսիսից դէպի ծովի կողմը՝ Մաքոթ եւ պտտւում են արեւելեան կողմից Թենաթսելով, անցնում են արեւելքից Յանովի մօտով:
7. Յանովից իջնում են Աստարոթ եւ Նաարաթա, նրանց աւաններն անցնում են Երիքովի մօտով ու հասնում Յորդանան գետը.
8. Թափուայից սահմաններն անցնում են արեւմուտք՝ Կանայի հեղեղատը եւ վերջանում են ծովակողմում: Այս է Եփրեմի ցեղի ժառանգութիւնն ըստ իրենց տոհմերի:
9. Եփրեմի որդիների համար առանձնացուած քաղաքները Մանասէի որդիների ժառանգութեան մէջ են, բոլոր քաղաքներն իրենց աւաններով:
10. Եփրեմեանները չհալածեցին Գազերում բնակուող քանանացիներին, եւ քանանացիները բնակուեցին եփրեմեանների մէջ, ու այդպէս է այսօր էլ, մինչեւ որ եգիպտացիների փարաւոն արքան ելաւ գրաւեց քաղաքը, այրեց այն հրով, ջարդեց Գազերում բնակուող քանանացիներին ու փերեզացիներին, այն օժիտ տուեց իր դստերը, եւ նրանք դարձան հարկատու ծառաներ: