Գիրք` 9. Թագավորություններ Ա

Գլուխ 8

ԻՍՐԱՅԷԼԱՑԻՆԵՐԸ ԹԱԳԱՒՈՐ ԵՆ ՊԱՀԱՆՋՈՒՄ
   
1․ Երբ Սամուէլը ծերացաւ, իր որդիներին Իսրայէլի դատաւորներ կարգեց:
2․ Սրանք են նրա որդիների անունները. անդրանիկը՝ Յովէլ, երկրորդի անունը՝ Աբիա: Նրանք դատաւորներ էին Բերսաբէէում:
3․ Նրա որդիները, սակայն, չգնացին իրենց հօր ճանապարհով, այլ, ընչաքաղցութեան յետեւից ընկնելով՝ կաշառք էին վերցնում եւ իրաւունքը թիւրում:
4․ Բոլոր իսրայէլացի տղամարդիկ հաւաքուեցին, եկան Սամուէլի մօտ՝ Արիմաթէմ, եւ ասացին նրան.
5․ «Դու, ահա, ծերացել ես, իսկ քո որդիները քո ճանապարհով չեն գնում: Արդ, մեզ վրայ մի թագաւոր դի՛ր, որ մեզ դատաւորութիւն անի, ինչպէս բոլոր ազգերի մօտ է»:
6․ Այս բանը Սամուէլին դուր չեկաւ, քանզի ասել էին, թէ՝ «Մեզ թագաւոր տո՛ւր, որ մեզ համար դատաւորութիւն անի»:
7․ Սամուէլն աղօթեց Տիրոջը, եւ Տէրն ասաց Սամուէլին. «Լսի՛ր ժողովրդի ձայնը, ինչ էլ որ նա ասի քեզ: Նրանք ոչ թէ քե՛զ անարգեցին, այլ չուզեցին, որ ե՛ս թագաւորեմ իրենց վրայ:
8․ Նրանց Եգիպտոսից դուրս գալու օրուանից մինչեւ այսօր նրանք ինձ լքեցին ու պաշտեցին օտար աստուածներ: Եւ ինչ որ արեցին իմ նկատմամբ, նոյնը կ՚անեն քո նկատմամբ:
9․ Արդ, դու լսի՛ր նրանց խօսքը, բայց նրանց տեղեակ պահի՛ր, բացատրի՛ր թագաւորի իրաւունքները, որ իշխելու է իրենց վրայ»:
10․ Սամուէլը Տիրոջ բոլոր պատգամները հաղորդեց իրենից թագաւոր խնդրող ժողովրդին
11․ Նա ասաց. «Ձեզ վրայ իշխող թագաւորը հետեւեալ իրաւունքներն է ունենալու. նա պիտի վերցնի ձեր որդիներին եւ նրանց կառապաններ, հեծեալներ ու իր մարտակառքերի առջեւից վազող սուրհանդակներ պիտի դարձնի:
12․ Նրանց իր հազարապետներն ու հարիւրապետները պիտի դարձնի, նրանք իր հունձը պիտի հնձեն, այգիները քաղեն, իր զէնքերն ու մարտակառքերի մասերը պիտի պատրաստեն:
13․ Ձեր դուստրերին անուշահոտութիւն պատրաստողներ, խոհարարներ ու հացթուխներ պիտի դարձնի,
14․ ձեր անդաստանները, ձեր այգիներն ու ձեր ընտիր ձիթենիները վերցնելով՝ իր ծառաներին պիտի տայ:
15․ Ձեր հանդերից ու ձեր այգիների բերքից նա տասանորդ պիտի ստանայ եւ տայ իր ներքինիներին եւ ծառաներին:
16․ Ձեր ծառաներն ու աղախինները, ձեր ընտիր արջառներն ու աւանակները ձեզնից պիտի վերցուեն եւ իր համար տասանորդ պիտի լինեն:
17․ Ձեր հօտերից նա տասանորդ պիտի ստանայ, եւ դուք նրա ծառաները պիտի դառնաք:
18․ Այն ժամանակ դուք բողոքելու էք ձեր ընտրած թագաւորի դէմ, սակայն Տէրը ձեզ չի լսելու այդ օրը, քանզի դուք ինքներդ ձեզ համար թագաւոր ընտրեցիք»:
19․ Ժողովուրդը չուզեց լսել Սամուէլին եւ ասաց նրան. «Ո՛չ, թող մէկը թագաւորի մեզ վրայ:
20․ Մենք եւս այլ ազգերի նման լինենք, թող մեր թագաւորը մեզ դատի, մեր առջեւից ընթանայ եւ մեզ պատերազմի առաջնորդի»:
21․ Սամուէլը լսեց ժողովրդի բոլոր ասածները եւ դրանք յայտնեց Տիրոջը:
22․ Տէրն ասաց Սամուէլին. «Լսի՛ր նրանց եւ նրանց վրայ թագաւո՛ր դիր»: Սամուէլն ասաց իսրայէլացիներին. «Թող ամէն ոք իր քաղաքը գնայ»: