Գիրք` 26. Ժողովող

Ներածութիւն

   
   Իր գրքի հէնց առաջին նախադասութիւնից Ժողովողի հեղինակը մեզ ներկայանում է որպէս մի իմաստուն մարդ։ Բայց, ի տարբերութիւն առակների գրքի իմաստունների, սրա հեղինակը մեզ փոխանցում է ոչ աւանդական մի իմաստութիւն։ Այն բազմաթիւ փորձառութիւններից, որ նա ձեռք է բերել կեանքում, յիրաւի յանգել է այն եզրակացութեան, որ երջանկութիւնը անկայուն մի բան է, եւ որ մարդկանց ջանքերը դրան հասնելու համար շատ յաճախ անօգուտ են։ Հետեւաբար նա իրեն հարց է տալիս, թէ կեանքը արդեօք որեւէ իմաստ ունի՞ եւ ընդհանրապէս արժի՞ այն ապրել։ Նա ստիպում է ընթերցողին եւս նոյն հարցերը տալ ինքն իրեն։ Ինչպէս Յոբի գրքում, այստեղ եւս հարցականի տակ են դրւում առաջադրուած հարցին տրուած հեշտ պատասխանները։ Տարբերութիւնը շեշտադրման մէջ է միայն։ Մինչ Յոբը բողոքում է մարդկային տառապանքի անհեթեթութեան դէմ, Ժողովողի գրքի Իմաստունը իր երկմտութիւնն է արտայայտում մարդկային երջանկութեան իմաստի մասին։
   Մարդու ուրախութիւնների եւ ձգտումների (երիտասարդութիւն, հարստութիւն, փառք, աշխատանք, իմաստութիւն, արդարութիւն եւ այլն) անհեթեթ եւ անօգուտ լինելու հաստատումը յանկերգի նման անցնում է գրքի մէկ ծայրից միւսը։ Մահուան յարատեւ սպառնալիքի եւ մարդկային կեանքում տիրող անարդարութեան պատճառով մարդու զգացած անապահովութիւնը, ինչպէս նաեւ Աստծու ծրագրերը ճանաչելու անհնարինութիւնը մարդու ճակատագիրը դարձնում են անհաստատ եւ անորոշ։ Այս ժխտական հաշուեկշիռը առիթ է հանդիսանում ընթերցողին մի շարք խորհրդածութիւններ անելու այն մասին, թէ ինչպիսի վարուելակերպ է հնարաւոր որդեգրել կեանքում։