Գիրք` 26. Ժողովող

Գլուխ 10

  1. Սատկած ճանճերը ապականում են անուշ իւղերը: Սակաւ-ինչ իմաստութիւնն աւելի յարգի է, քան մեծ ու անմիտ փառքը:
  2. Իմաստունի սիրտը իր աջ կողմն է, յիմարի սիրտը՝ իր ձախ կողմը:
  3. Երբ յիմարը ճանապարհ գնայ, պիտի երեւայ, որ խելքը պակաս է, եւ ինչի մասին էլ նա մտածի՝ ամբողջն անմտութիւն է:
  4. Եթէ իշխանի զայրոյթը բռնկուի քո դէմ, դու մի՛ լքիր քո տեղը. քաղցր աղաչանքը կարող է կանխել մեծ մեղքերը:
  5. Մի չարիք էլ տեսայ արեգակի ներքոյ, որ ակամայ լինում է իշխանի պատճառով:
  6. Յիմարին բարձր դիրք է տրւում, իսկ հարուստներին ցածր տեղ են նստեցնում:
  7. Ես ծառաներ եմ տեսել, որ ձի հեծած են շրջել, եւ իշխաններ, որոնք երկրի վրայ քայլել են ծառաների նման:
  8. Հոր փորողն ինքը կ՚ընկնի հորի մէջ, ցանկապատ քանդողին կը խայթի օձը:
  9. Քար հանողին քարը վնաս կը տայ, փայտ ճեղքողին՝ փայտից վտանգ կը գայ:
  10. Եթէ կացինը բթանայ, եւ մարդը չսրի նրա բերանը, ապա պիտի աւելի շատ ուժեր վատնի, մինչդեռ յաջողութեան մեծ օգուտը իմաստութիւնն է:
  11. Եթէ հմայելիս օձը պիտի խայթի, դա առաւելութիւն չէ հմայողի համար:
  12. Իմաստունի բերանում խօսքերը շնորհ են, իսկ յիմարի շրթները կործանում են իրեն:
  13. Նրա խօսքերի սկիզբը յիմարութիւն է, եւ նրա խօսքի վախճանը՝ կատարեալ խենթութիւն:
  14. Յիմարը միայն խօսքերն է շատացնում: Մարդը չգիտէ, թէ ինչ է եղել եւ ոչ էլ իմանալու է, թէ ինչ է լինելու, քանի որ նրանից յետոյ ո՞վ կարող է պատմել նրան:
  15. Յիմարի աշխատանքը տանջում է իրեն, ինչպէս քաղաքի ճամփան՝ չիմացողին:
  16. Վա՜յ քեզ, քաղա՛ք, որ թագաւորդ մանուկ է, եւ իշխաններդ կերուխում են անում մինչեւ առաւօտ:
  17. Երանի՜ քեզ, երկի՛ր, որ թագաւորդ ազատորդի է, եւ իշխաններդ էլ ուտում են ժամանակին՝ ուժի համար եւ չեն ամաչելու:
  18. Ծուլութեան պատճառով շէնքի գերանները կ՚ընկնեն ցած, եւ ձեռքերի պարապութիւնից տունը կը կաթի:
  19. Հացը տալիս են խնդութեան համար, գինին եւ իւղն ուրախացնում են ապրողներին, բայց արծաթն է լուծում ամէն բան:
  20. Սակայն դու քո մտքում անգամ մի՛ նզովիր թագաւորին եւ քո ննջարանում էլ մի՛ անիծիր մեծաւորին, որովհետեւ երկնքի թռչունները ձայնդ կը տանեն, եւ թեւաւորները կը յայտնեն քո խօսքը: