ՄՈՒՐԹՔԷԻ ՏԱԳՆԱՊԸ
1․ Երբ Մուրթքէն իմացաւ կատարուած դէպքերի մասին, պատռեց իր պատմուճանը, քուրձ հագաւ եւ իր գլխին մոխիր ցանեց ու ընթացաւ քաղաքի հրապարակով: Նա բարձր ձայնով աղաղակում էր եւ ասում. «Ինչո՞ւ էք իզուր եւ անտեղի վերացնում իմ ազգը, որ որեւէ չարիք չի գործել»:
2․ Նա եկաւ մինչեւ արքունի տան դռներն ու կանգնեց. եւ որովհետեւ նա քուրձ էր հագել եւ մոխիր ցանել գլխին, արժանի չէր արքունի գաւիթ իսկ մտնելու:
3․ Բոլոր գաւառներում, ուր որ կարդում էին հրովարտակը, հրեաները աղաղակ էին բարձրացնում, մեծ սուգ ու կոծ անում, քուրձ էին հագնում ու մոխիր լցնում իրենց վրայ:
4․ Տիկնանց տիկնոջ ներքինիներն ու նաժիշտները մտան ու այդ մասին պատմեցին Եսթերին: Երբ նա իմացաւ թագաւորի տուած հրամանի մասին, սաստիկ յուզուեց, ապա հագուստ ուղարկեց՝ Մուրթքէին հագցնելու եւ քուրձը նրա վրայից հանելու համար, բայց նա չհամաձայնեց:
5․ Եսթերը կանչեց իր ներքինի Առնաթեւին, որ մշտապէս լինում էր նրա մօտ, եւ նրան ուղարկեց Մուրթքէից ճշմարտութիւնն իմանալու, թէ իսկապէս դա այդպէ՞ս է:
6(7)․ Մուրթքէն իրազեկ դարձրեց նրան կատարուած դէպքերի մասին, ինչպէս որ դրանք եղել էին, նաեւ այն մասին, որ Համանը խոստացել էր տասը հազար քանքարի գանձ տալ արքային, որպէսզի կոտորի հրեաներին:
7(8)․ Եւ նա Սուսա քաղաքում նրանց կոտորելու մասին կարդացուած հրովարտակի պատճէնը տուեց ներքինուն, որպէսզի ցոյց տայ Եսթերին:
Հաղորդում կայքում սխալի վերաբերյալ
Տվյալ հատվածում առկա է սխալ: