1․ Սրտիս մէջ ասացի. «Արի՛ քեզ փորձեմ նաեւ վայելքի տալով, տեսնեմ՝ ինչ ես դու բարիքների մէջ». եւ ահա դա էլ ունայնութիւն է:
2․ Տեսայ, որ ծիծաղը յիմար բան է, եւ ուրախութիւնը՝ անօգուտ:
3․ Եւ ես խորհեցի, որ սիրտս զուարթացնեմ, ինչպէս գինին զուարթացնում է մարմինս. եւ ես ինձ հաճոյքի տուի. սիրտս, սակայն, իմաստութեամբ առաջնորդեց ինձ մինչեւ որ տեսնէի, թէ որն է բարին մարդու որդիների համար, որպէսզի նրանք այն անեն արեգակի ներքոյ՝ իրենց պարգեւուած կեանքի օրերին:
4․ Ես շատ գործերի ձեռնամուխ եղայ, ինձ համար ապարանքներ շինեցի, ինձ համար այգիներ տնկեցի,
5․ ինձ համար պարտէզներ եւ ծաղկանոցներ շինեցի եւ ամէն տեսակ պտղաբեր ծառեր տնկեցի նրանց մէջ:
6․ Ջրաւազաններ շինեցի ինձ համար, որ ջրերը ոռոգեն մայրիների խիտ անտառները:
7․ Ծառաներ եւ աղախիններ ունեցայ, եւ նրանք ընդոծիններ ունեցան ինձ համար, եւ աւելի շատ նախիրներ ու հօտեր ունեցայ, քան բոլոր նրանք, որ եղել են ինձնից առաջ Երուսաղէմում:
8․ Ինձ համար արծաթ ու ոսկի կուտակեցի եւ թագաւորներից ու գաւառներից մեծ գանձեր դիզեցի: Գուսաններ եւ երգիչներ ու երգչուհիներ ունեցայ եւ մարդու որդու համար՝ ամէն մեղկութիւն: Տղամարդ եւ կին մատակարարներ բերեցի ինձ համար,
9․ եւ ես աւելի մեծ եղայ, քան բոլոր նրանք, որ ինձնից առաջ եղել են Երուսաղէմում. եւ աւելացաւ նաեւ իմ իմաստութիւնը:
10․ Ինչ որ աչքս ուզեց, ինձ չզրկեցի դրանից, եւ ոչ մի ուրախութեան համար սրտիս վրայ արգելք չդրի: Իմ սիրտն ուրախ եղաւ, որովհետեւ վայելեց իմ աշխատանքի պտուղները, եւ դա էլ իմ բաժինը եղաւ իմ բոլոր վաստակներից:
11․ Ես նայեցի իմ ձեռքերի արած բոլոր գործերին եւ դրանք անելու համար իմ քաշած չարչարանքներին, եւ, ահա՛ ամէն ինչ ունայնութիւն է եւ հոգու տանջանք, եւ ոչ մի օգուտ չկայ արեգակի ներքոյ:
12․ Ես դարձայ տեսնելու իմաստութիւնը, նաեւ յիմարութիւնն ու անմտութիւնը, թէ այն ո՞ր մարդն է, որ իր գործն անելիս միշտ հետեւում է իմաստութեան:
13․ Եւ տեսայ, որ իմաստութիւնն աւելի օգտակար է անմտութիւնից, ինչպէս լոյսը՝ խաւարից:
14․ Իմաստունի աչքերն իր գլխի մէջ են, իսկ անմիտը գնում է խաւարի միջով. բայց ես հասկացայ, որ նրանց բոլորին միեւնոյն դիպուածն է սպասում:
15․ Եւ սրտիս մէջ ասացի. «Եթէ նոյն դիպուածն է պատահելու ինչպէս անզգամին, այնպէս էլ ինձ, էլ ինչո՞ւ ես աւելի իմաստուն դարձայ»: Եւ մէկ անգամ եւս ասացի սրտիս մէջ, թէ սա նոյնպէս ունայնութիւն է, քանի որ անմիտն է աւելորդ խօսում,
16․ որովհետեւ թէ՛ յիմարի եւ թէ՛ իմաստունի համար յաւիտենական յիշատակ չկայ: Արդարեւ, գալիք օրերին մոռացուելու է ամէն բան, եւ իմաստունը եւս պիտի մեռնի ինչպէս յիմարը:
17․ Ես ատեցի իմ կեանքը, որովհետեւ ինձ համար չար էին այն գործերը, որ կատարուել են արեգակի ներքոյ, քանի որ ամէն ինչ ունայնութիւն է եւ հոգու տանջանք:
18․ Ես ատեցի իմ ամբողջ վաստակը, որ արել էի արեգակի տակ, քանի որ ես այն թողնելու եմ մի մարդու, որ գալու է ինձնից յետոյ:
19․ Եւ ո՞վ գիտէ, իմաստո՞ւն է լինելու նա, թէ՞ յիմար, կամ՝ տիրելո՞ւ է արդեօք իմ բոլոր վաստակին, որ ես վաստակեցի եւ որի շնորհիւ էլ իմաստուն դարձայ արեգակի ներքոյ. սակայն սա եւս ունայնութիւն է:
20․ Ի սրտէ ես հրաժարուեցի իմ բոլոր վաստակներից, որ վաստակեցի արեգակի ներքոյ.
21․ որովհետեւ մարդ կայ, որի վաստակը իմաստութեամբ, գիտութեամբ եւ առաքինութեամբ է լինում, մարդ էլ կայ, որ ոչինչ չի արել, բայց այդ վաստակը բաժին է ընկնում նրան: Սակայն սա եւս ունայնութիւն է եւ մեծ չարիք:
22․ Ուստի ի՞նչ է մնում մարդուս իր բոլոր չարչարանքից եւ սրտի տանջանքից, որ ջանք է թափել արեգակի ներքոյ,
23․ որովհետեւ նրա բոլոր օրերը ցաւերով են լի եւ հաճոյքը՝ տրտմութեամբ, եւ գիշերն էլ նրա սիրտը չի ննջում: Սակայն սա եւս ունայնութիւն է:
24․ Մարդուս համար չկայ ուրիշ լաւ բան, բացի ուտելուց, խմելուց եւ իր վաստակով իր հոգուն հաճոյք պատճառելուց: Բայց ես տեսայ, որ այդ եւս լինում է Աստծուց,
25․ քանզի ո՞վ կարող է ուտել եւ խմել առանց Նրա:
26․ Աստուած իմաստութիւնը, գիտութիւնը եւ ուրախութիւնը տալիս է այն մարդուն, որը հաճելի է իր առջեւ, իսկ մեղաւորին տալիս է հաւաքելու եւ դիզելու հոգս, որպէսզի նա ձեռք բերածը տայ այն մարդուն, որը հաճելի է Աստծու առջեւ: Բայց սա եւս ունայնութիւն է եւ հոգու տանջանք:
Հաղորդում կայքում սխալի վերաբերյալ
Տվյալ հատվածում առկա է սխալ: