Գիրք` 32. Օսէէ

Գլուխ 1

   
1․ Տիրոջ խօսքը, որ հասաւ Երիի որդի Օսէէին, Յուդայի երկրի թագաւորներ Օզիայի, Յովաթամի, Աքազի եւ Եզեկիայի օրերին եւ Իսրայէլի թագաւոր Յովասի որդի Յերոբովամի ժամանակ:
   
ՕՍԷԷԻ ԿԻՆՆ ՈՒ ԶԱՒԱԿՆԵՐԸ
   
2․ Օսէէին տրուած Տիրոջ խօսքի սկիզբը: Տէրը ասաց Օսէէին. «Դու գնա՛ եւ քեզ համար մի պոռնիկ կին ա՛ռ եւ պոռնկութեան որդիներ, որովհետեւ երկիրը չափից դուրս պիտի պոռնկանայ Տիրոջ դէմ»:
3․ Նա գնաց ու առաւ Գոմերին՝ Գաբելայիմի աղջկան, որը յղիացաւ եւ որդի ծնեց նրա համար:
4․ Եւ Տէրն ասաց նրան. «Նրա անունը Յեզրայէ՛լ դիր, որովհետեւ մի քիչ ժամանակ եւս, եւ ես Յեզրայէլի արեան վրէժը պիտի պահանջեմ Յէուիի տնից եւ պիտի դադարեցնեմ Իսրայէլի տան թագաւորութիւնը:
5․ Այն օրը պիտի խորտակեմ Իսրայէլի աղեղը Յեզրայէլի հովտում»:
6․ Գոմերը երկրորդ անգամ յղիացաւ եւ մի աղջիկ ծնեց, ու Տէրը ասաց նրան.
«Նրա անունը դի՛ր Չողորմած, որովհետեւ այլեւս պիտի չշարունակեմ ողորմել Իսրայէլի տանը, այլ նրանց դէ՛մ պիտի կանգնեմ հակառակութեամբ:
7․ Բայց Յուդայի որդիներին պիտի ողորմեմ եւ պիտի փրկեմ նրանց, ես՝ իրենց Տէր Աստուածը, բայց չեմ փրկելու նրանց աղեղով, ո՛չ սրով, ո՛չ պատերազմով, ո՛չ կառքերով, ո՛չ ձիերով եւ ո՛չ հեծեալներով»:
8․ Եւ Չողորմածին կտրեց կաթից: Գոմերը դարձեալ յղիացաւ եւ մի որդի ծնեց:
9․ Տէրը ասաց. «Նրա անունը դի՛ր Ոչ Իմ Ժողովուրդ, քանի որ դուք իմ ժողովուրդը չէք, եւ ես ձեր ոչ մի բանը չեմ»:
   
ԻՍՐԱՅԷԼԸ ՊԻՏԻ ՎԵՐԱՀԱՍՏԱՏՈՒԻ
   
10․ Բայց իսրայէլացիների քանակը ծովի աւազի պէս անչափ ու անթիւ կը լինի. եւ այնտեղ, որտեղ ասուեց՝ «Դուք իմ ժողովուրդը չէք», այնտեղ «Կենդանի Աստծու որդիներ կը կոչուեն»:
11․ Եւ Յուդայի ու Իսրայէլի որդիները միասին կը հաւաքուեն,
իրենց համար մի իշխանութիւն կը հաստատեն եւ կ՚ելնեն այն երկրից, քանի որ մեծ է Յեզրայէլի օրը: