Գիրք` 32. Ովսեե

Գլուխ 1

   
1․ Տիրոջ խոսքը, որ հասավ Բեերիի որդի Ովսեեին՝ Հուդայի թագավորների՝ Ոզիայի, Հովաթամի, Աքազի և Եզեկիայի օրերին և Իսրայելի թագավոր Հովասի որդի Հերոբովամի օրերին։
2․ Երբ սկզբում Տերը Ովսեեի հետ խոսեց, Տերն Ովսեեին ասաց. «Գնա՛, քեզ համար պոռնկաբարո մի կին և պոռնկության որդինե՛ր առ, որովհետև երկիրը հույժ պոռնկացել է՝ Տիրոջից հեռանալով»։
3․ Եվ նա գնաց ու առավ Դաբելայիմի դուստր Գոմերին։ Նա հղիացավ ու նրա համար մի որդի ծնեց։ Եվ Տերն ասաց.
4․ «Նրա անունը Հեզրայե՛լ դիր, որովհետև քիչ ժամանակ անց Հեուի տունը պիտի պատժեմ Հեզրայելի արյան համար և պիտի դադարեցնեմ Իսրայելի տան թագավորությունը։
5․ Եվ այդ օրը Իսրայելի աղեղը պիտի կոտրեմ Հեզրայելի հովտում»։
6․ Եվ նա դարձյալ հղիացավ և մի աղջիկ ծնեց։ Եվ Տերն ասաց նրան. «Դրա անունը Լո-րուհամա՛ դիր, որովհետև այլևս չեմ ողորմելու Իսրայելի տանը, որ ներեմ նրանց։
7․ Բայց Հուդայի տանը ողորմելու եմ և նրանց պետք է փրկեմ իրենց Տեր Աստծով և նրանց չեմ փրկելու աղեղով, ո՛չ սրով ու ո՛չ էլ պատերազմով. ո՛չ ձիերով, ո՛չ էլ ձիավորներով»։
8․ Երբ նա կաթից կտրեց Լո-րուհամային, հղիացավ ու մի տղա ծնեց։
9․ Տերն ասաց նրան. «Դրա անունը Լո-ամմի՛ դիր, որովհետև դուք իմ ժողովուրդը չեք, և ես էլ ձեր Աստվածը չեմ լինի։
   
Իսրայելը պետք է վերահաստատվի
   
10․ Եվ Իսրայելի որդիների թիվը ծովի ավազի պես պիտի լինի, որ չի չափվում և չի հաշվվում։ Այն վայրում, ուր նրանց ասվեց. “Դուք իմ ժողովուրդը չեք”, նրանց պիտի ասվի. “Կենդանի Աստծու որդիներ”։
11․ Եվ Հուդայի որդիներն ու Իսրայելի որդիները պիտի հավաքվեն մեկտեղ և իրենց վրա մի իշխանավոր կարգեն ու դուրս գան երկրից, որովհետև մեծ պիտի լինի Հեզրայելի օրը»։