Գիրք` 48. Եզեկիէլ

Գլուխ 8

ԱՍՏԾՈՒ ԵՐԿՐՈՐԴ ՏԵՍԻԼՔԸ ԵԶԵԿԻԷԼԻՆ
(8.1-10:22)
ԿՌԱՊԱՇՏՈՒԹԻՒՆ ԱՍՏԾՈՒ ՏԱՃԱՐՈՒՄ
   
1. Վեցերորդ տարում, հինգերորդ ամսին, ամսուայ հինգերորդ օրը, ես նստած էի իմ տանը, Յուդայի երկրի տան աւագներն էլ նստած էին իմ առաջ: Ամենակալ Տիրոջ ձեռքը հանգչեց վրաս,
2. ու տեսնում էի մարդու նման մի կերպարանք, մէջքից ներքեւ՝ կրակ, մէջքից վեր՝ ասես օդի մէջ տեսիլք, ասես երփներանգ ակ:
3. Ձեռքի պէս մի բան պարզեց գցեց իմ գլխի գագաթին. Հոգին բարձրացրեց ինձ երկնքի ու երկրի միջեւ, տարաւ ինձ Երուսաղէմ՝ Աստծու տեսութեան, ու կանգնեցրեց Տիրոջ տան ներքին նախադռան մօտ, որ դէպի հիւսիս է նայում, եւ ուր գտնւում էր նախանձ գրգռող կուռքը:
4. Այնտեղ էր եւ Իսրայէլի Աստծու փառքը, ճիշտ այն տեսիլքի պէս, որ տեսել էի դաշտում:
5. Եւ ասաց ինձ. «Մարդո՛ւ որդի, նայի՛ր աչքերովդ դէպի հիւսիս»: Աչքերս բարձրացրի դէպի հիւսիս, եւ ահա հիւսիսային կողմում, խորանի դռան վերեւում, մուտքի մօտ, որ դէպի արեւելք էր նայում, կար նախանձի կուռքը:
6. Եւ ասաց ինձ. «Մարդո՛ւ որդի, տեսնո՞ւմ ես, թէ ի՛նչ մեծ անօրէնութիւններ է գործում այստեղ Իսրայէլի այդ տունը, որպէսզի հեռանամ իմ սրբավայրերից: Սրանցից է՛լ աւելի մեծ անօրէնութիւններ դարձեալ կը տեսնես»:
7. Եւ ինձ տարաւ գաւթի դռների առաջ. ահա պատի մէջ մի ծակ տեսայ:
8. Եւ ասաց ինձ. «Մարդո՛ւ որդի, փորի՛ր այդ պատը»: Փորեցի պատը: Եւ ահա մի դուռ:
9. Ասաց ինձ. «Մարդո՛ւ որդի, մտի՛ր, տե՛ս անօրէնութիւններն ու չարիքները, որ դրանք այստեղ գործում են»:
10. Մտայ ու տեսայ ամէն տեսակ սողուն ու անասուն, սնոտի գարշանքներ: Տեսայ եւ դրանց շուրջը քանդակուած՝ Իսրայէլի տան բոլոր կուռքերը:
11. Իսրայէլի տան նախնիներից եօթանասուն տղամարդիկ, որոնց մէջ էր նաեւ Սափանի որդի Յեզոնիան, որ կանգնած էր նրանց առջեւ: Իւրաքանչիւրի ձեռքում՝ բուրվառ: Խնկի ծուխն էլ ամպի պէս բարձրանում դիզւում էր:
12. Եւ Տէրն ինձ ասաց. «Մարդո՛ւ որդի, տեսնո՞ւմ ես, թէ Իսրայէլի այդ տան նախնիներն ինչե՛ր են անում այստեղ, խաւարի մէջ, իւրաքանչիւրն իր ծածուկ սենեակում: Նրանք ասում են, թէ Տէրը լքել է երկիրը, չի նայում երկրին»:
13. Եւ ասաց ինձ. «Էլի ուրիշ աւելի մեծ անօրէնութիւններ կը տեսնես, որ գործում են դրանք»:
14. Ու ինձ տարաւ Տիրոջ տան դռան առաջ, որ դէպի հիւսիս է նայում: Ահա այնտեղ նստած էին կանայք ու ողբում էին Թամուզին:
15. Եւ ասաց ինձ. «Տեսնո՞ւմ ես այդ, մարդո՛ւ որդի. բայց դեռ սրանից է՛լ աւելի մեծ չարագործութիւններ կը տեսնես»:
16. Եւ ինձ մտցրեց Տիրոջ տան ներքնասրահը: Ահա Տիրոջ տաճարի դռների վերեւում, խորանի ու պատշգամբի միջեւ, կային մօտաւորապէս քսանհինգ մարդիկ, որոնք թիկունքները շուռ էին տուել Տիրոջ տաճարի կողմը, երեսները՝ դէպի արեւելք ու երկրպագում էին արեւին:
17. Նա ասաց ինձ. «Տեսա՞ր այդ, մարդո՛ւ որդի: Մի՞թէ փոքր բան է Իսրայէլի այդ տան անօրէնութիւնը, որ դրանք այստեղ գործում են, որպէսզի այդ երկիրը լցուի անօրէնութիւններով, ու դրանք բարկացնեն ինձ: Ահա որթատունկի ճիւղն էլ քաշում են որպէս արհամարհանքի 868 նշան:
18. Ես էլ դրանց հետ բարկութեամբ եմ վարուելու. գթասիրտ աչքով չեմ նայելու, ոչ էլ ողորմելու եմ: Ականջիս գոռան էլ, չեմ լսելու դրանց»: