Եզեկիելի մարգարեության մեկնություն 38։17

Ա. Լոպուխին

«Այսպես է ասում Տեր Աստված. «Մի՞թե դու նա չես, ում մասին Ես խոսել եմ հին օրերում Իմ ծառաների՝ Իսրայելի մարգարեների միջոցով, որոնք մարգարեանում էին այն օրերին, որ Ես քեզ նրանց դեմ եմ բերելու»»։ [17] (Սինոդական թարգ․)
   

   «Մի՞թե դու նա չես» - Յոթանասնից թարգմանության մեջ տարընթերցվում է՝ «դու ես», հավանաբար այն պատճառով, որ այս թարգմանության հեղինակներն անպատշաճ էին համարում, որ Աստված կարող էր թեական եղանակով խորհել Իր նախորդ կանխասացությունների մասին՝ դրանք արտացոլելով ոչ հաստատական նախադասության միջոցով:

   «Հին օրերում Իմ ծառաների՝ Իսրայելի մարգարեների միջոցով» - չնայած որ նախկինում մարգարեները Գոգին անվանապես չեն հիշատակել, սակայն Աստծո հանդեպ այն ամբողջ թշնամությունը, որի մասին հնում մարգարեները խոսում էին, ըստ էության, բնութագրական էր նաև Տիրոջ նկատմամբ Գոգի ցուցաբերած վերաբերմունքի պարագայում, ուստի և այս աշխարհի չարի դեմ Աստծո վերջին դատաստանի ժամանակ, որը մարգարեների կողմից կոչվում է «Տիրոջ օր» կամ «վերջին օր», իր կործանումն է գտնելու նաև ինքը՝ Գոգը: Մասնավորաբար, Եզեկիելն այստեղ կարող էր նկատի ունենալ Թվոց գրքի 24:7-րդ համարը («Ագագ», որն ըստ Հերոնիմոս Երանելու հենց Գոգն էր), ինչպես նաև Եսայու մարգարեության 10։5-34-րդ, 17:12-րդ համարները, Միքիայի մարգարեության 5:11-րդ, Սոփոնիայի մարգարեության 3:8-րդ համարները; Երեմիայի մարգարեության 3-4-րդ գլուխները։ Մարգարեությունն այստեղ ներկայանում է համեմատաբար ամբողջական և օբյեկտիվ վսեմությամբ, որից բխում է այն համոզումը, որ վաղ թե ուշ այն իր իրականացումը պիտի գտնի պատմության մեջ։ Այսօրինակ շեշտադրումը շատ բնական է Հին Կտակարանում մարգարեական շնորհի դադարեցման նախօրեին (հմմտ․ Զաք․ 1:4

   «Այն օրերին» - նկատի են առնվում անցած-գնացած հին ու երկարընթաց ժամանակները։
--------------------------------
[17](Էջմիածին թարգ․) Այսպէս է ասում Տէր Աստուած Գոգին. «Դու նա ես, ում մասին խօսել եմ հին օրերից, իմ ծառաներից՝ Իսրայէլի իմ մարգարէներից մէկի միջոցով, այն օրերին ու տարիներին, երբ քեզ նրանց դէմ էի բերելու:
(Արարատ թարգ․) Այսպես է ասում Տեր Աստված. «Մի՞թե դու նա ես, ում մասին ես խոսել եմ նախկին օրերին իմ ծառաների՝ Իսրայելի մարգարեների միջոցով, որոնք տարիներով մարգարեանում էին այն օրերին, որ քեզ նրանց դեմ եմ բերելու։
(Գրաբար) Ա՛յսպէս ասէ Տէր Տէր ցԳովգ. Դո՛ւ ես վասն որոյ խօսեցայ յաւուրցն առաջնոց ‘ի ձեռն ծառայիցն իմոց մարգարէիցն Իսրայէլի յաւուրսն յայնոսիկ՝ և յամսն, ածել զքեզ ‘ի վերայ նոցա: