Եզեկիելի մարգարեության մեկնություն 48։14

Ա. Լոպուխին

«Եվ այդ հողակտորից նրանք ոչ կարող են վաճառել, ոչ փոխանակել. և հողի առաջին պտուղները չեն կարող փոխանցել ուրիշներին, որովհետև այն Տիրոջ սրբավայրն է»։ [14] (Սինոդական թարգ․)
   

    Այն, ինչ նվիրված է Աստծուն, դրա նկատմամբ մարդը որևէ իրավասություն չունի. քանի որ որևէ բան սուրբ է այնքանով, որքանով այն հեռու է ամեն տեսակի անսուրբ բանի հետ շփումից և առանձնացված է այդ ամենից» (Բերթոլետ): Աստված է սրբազան բաժնի (հողաբաժնի, հողակտորի) տիրակալը (Եզեկ. 45:1 հմմտ. 44:28), և հասկանալի է, որ այդ հողաբաժնի սպասավորները, որոնք օգտագործում են միայն դրա տված արտադրանքը, չեն կարող օտարել այն (հմմտ. Ղևտ. 25:32-34):

    «Ոչ կարող են վաճառել, ոչ փոխանակել...չեն կարող փոխանցել (տեղափոխել)» - եբրայեցերեն «avar» - «փոխանցել» (տեղափոխել) բառն արդեն այն ժամանակ պետք է որ իրավական եզրույթ եղած լիներ։

    «Հողի առաջին պտուղները (երախայրիքները)» - այս արտահայտությունը, եբրայեցերենում դրված լինելով «փոխանցել» բառից հետո, վերաբերում է բոլոր երեք բայերին, իսկ «առաջին պտուղներ» ասելով էլ` նկատի է առնվում հենց հողը, և ոչ թե դրա տված արտադրանքը: Յոթանասնից թարգմանության մեջ` «protogennhmata», սլավոներենում` «առաջին կյանք» (ոչ ճշգրիտ):

    «Սրբավայրը» - և ոչ թե` «սրբավայրերի սրբավայրը», ինչպես 12-րդ համարում էր, քանի որ այստեղ խոսքը վերաբերում է նաև Ղևտական ​​հողաբաժնին, որն իրենից ավելի փոքր սրբություն էր ներկայացնում, քան Քահանայական հողակտորը:
   
Տե՛ս Եզեկիելի մարգարեության մեկնություն գլուխ 48:8
--------------------------------
[14](Էջմիածին թարգ․) Դա չի վաճառուի նրանց կողմից, ոչ էլ կը մասնատուի: Հողի առաջին բերքից չի վերցուի, որովհետեւ այն Տիրոջն է նուիրուած:
(Արարատ թարգ․) Եվ նրանից չպիտի վաճառեն ու չպիտի փոխանակեն. հողի ընտիր բաժինը ուրիշին չպիտի փոխանցեն, որովհետև այն սուրբ է Տիրոջ համար։
(Գրաբար) ո՛չ վաճառեսցի ‘ի նոցանէն, և ո՛չ չափեսցի, և ո՛չ առցի առաջին արդեանց երկրին. զի սրբութիւն Տեառն է։