Մաղաքիա արք. Օրմանյան
1-4. Ապա Յիսուս ասաց իր աշակերտներին. «Թող ձեր սրտերը չխռովուեն. հաւատացէ՛ք Աստծուն, հաւատացէ՛ք եւ ինձ: Իմ Հօր տան մէջ բազում օթեւաններ կան. թէ չէ ես ձեզ կ՚ասէի, թէ գնում եմ ձեզ համար էլ տեղ պատրաստելու. եւ եթէ գնամ եւ ձեզ համար էլ տեղ պատրաստեմ, դարձեալ կը գամ եւ ձեզ կը վերցնեմ ինձ մօտ, որպէսզի, ուր ես լինեմ, դուք եւս այնտեղ լինէք: Եւ թէ ուր եմ գնում, այդ գիտէք, գիտէք եւ ճանապարհը»:
Առաջին երեք ավետարանիչներն այլևս ուրիշ հիշատակություն չունեն վերջին ընթրիքի պատարագների մասին և Հիսուսի Վերնատունը թողնելու, Գեթսեմանի գնալու հիշատակությամբ ավարտում են, սակայն Հովհաննեսը շատ ընդարձակ կերպով ատմում է Վերնատան արարողությունները լրանալուց և Մարմնի ու Արյան խորհուրդը հաստատելուց հետո Հիսուսի տված վերջին խրատները, հորդորները, հանձնարարությունները և հայտնությունները։ Այս մասերը սովորաբար «Կտակ» անունով են կոչվում, իբրև կտակ մահամերձ անձի վերջին կամքի բացատրության, և Հիսուսի խոսքերն էլ Իր կտակն են կազմում, ոչ նյութական, այլ՝ բարոյական կտակի։ Համապատումը նպատակ ունենալով չորս ավետարանների բովանդակությունը հերթական կարգով շարադրել և բացատրել, պարտավոր ենք կտակի բովանդակությունն էլ լուսաբանել։ Նրա ընդհանուր գծերը հուզիչ են և սրտագրավ, սիրալիր և սիրահորդոր, և իրավացիորեն արժանի Սիրո Աշակերտի գրչին։ Ամբողջ խոսակցությունը, թե՛ խոսողի և թէ՛ գրողի կողմից գեղարվեստական կարգավորության չի վերածված, սիրով լեցուն, ցավով ցայտուն, զգացմամբ գեղուն սրտի ինքնաբեր բխումներ են, նյութերը հանկարծակի փոփոխվում են, նույն նյութը կրկնվում է նորից, բայց միասին վերցված այնպիսի գրավիչ ոճ ունի, որ այսօր էլ, այդքան դարեր անց, առանց հուզվելու դժվար է կարդալ։
Մենք որքան հնարավոր է, զանազան կետեր պարզաբանելու և խոսքերի ներքին իմաստները բացատրելու համար, հատվածների պիտի բաժանենք կտակի ամբողջությունը, և յուրաքանչյուր հատվածը պարզաբանելով պիտի թարգմանենք, ինչպես արեցինք միշտ, որքան որ Հիսուս ասածներն ու սովորեցրածը մեջ բերելու առիթն ունեցանք։
Չնայած մեր Եկեղեցին Ավագ Ուբաթի կտակի ավետարանի ընթերցումը ավելի վերևից՝ Հովհաննու 13:16 համարից է սկսում, սակայն նրա առաջին մասերը, զտնլվայի գործողության, մատնությունը հայտնաբերելու և Պետրոսի համարձակության պատմություն են պարունակում, և մենք ըստ այնմ զետեղեցինք (Մատթ. 26:21-25, 26:31-32, 26:33-35), իսկ բուն կտակը Հովհաննու 14:1 համարից է սկսում, ըստ այնմ էլ մենք սկսում ենք։
Հիսուս պատգամախոսական և վստահեցուցիչ շեշտով սկսում է Իր խոսքը․ «Մի՛ խռովեսցին սիրտք ձեր»։ Այնպիսի հուզիչ և չարչարող կետեր էր առաջ բերել Հիսուս, որ առաքյալները շփոթվելու իրավունք ունեին մոտալուտ մահվան և վերջնական բաժանման ցավերը բավական չէին, այդ մահվան միջնորդը և Հիսուսին Մատնողն էլ իրենցից մեկը պետք է լիներ, ուրիշը պտի չուրանար Հիսուսին, ամենքն էլ Հիսուսին պիտի լքեին ու փախչեին, զինվելու հրահանգ էր տրված հանկարծակի և նույնքան հանկարծակի էլ այն ետ էր վերցված։ Ի՞նչ պիտի լիներ բոլորի վերջը։ Մի՞թե բնական չէր, որ առաքյալների սիրտը ալեկոծվող ծովի նման տակնուվարա պիտի լիներ։ Եվ իրոք այդպես էլ էր, բոլորը շվարած ու շփոթված էին մնացել, ո՛չ անելիքները և ո՛չ էլ ասելիքները գիտեին, տատանվող և տատամսող վիճակում էին։ Հիսուս խղճում է և ամբողջ կտակի քարոզը միևնույն նպատակն ունի․ առաքյալներին ոգևորելու, մխիթարելու և հուսադրելու, դրա համար էլ հաստատ ձայով, վստահեցուցիչ ոճով է սկսում․ «Մի՛ խռովեսցին սիրտք ձեր»:
«Տխուր և կասկած հարուցող խոսքեր ասացի ձեզ, մտահոգության մեջ գցեցի ձեզ, ցավալի բաժանման հետևանքով ձեզ անպաշտպան թողնելս հայտնեցի, այլևս մի՛ շփոթվեք, մի՛ հուսահատվեք, այս բաները վերջնական չպիտի լինեն, բավական է, որ Աստծու նկատմամբ ունեցած ձեր հավատն ու վստահությունը ամուր պահեք»։
Այդ առաջաբանից հետո, որն առաքյալների զգացումները հանդարտեցնելու և ապագայում լավագույն արդյունքներ պիտի ունենար, Հիսուս սկսում է անցնել հավատքն ու վստահությունը զորացնելու փաստերը բացատրելուն։ Դրանցից առաջինը, գնացած տեղից ետ դառնալով, առաքյալներին Իր եղած տեղը տանելու խոստումն էր։ «Երբ այս աշխարհից կմեկնեմ, - ասում է, - դարձյալ իմ Երկնավոր Հոր մոտ կգնամ, որ ընդարձակ մի օթևանի տերն է, ուր շատ-շատերի համար տեղ կա։ Ես սկզբից եմ գնում, միայն ինձ համար չէ, այլ ձեր համար էլ է, որպեսզի ձեզ համար օթևաններ պատրաստեմ և երբ որ պետք եղած բաները կարգադրեմ, կրկին կգամ, ձեզ կվերցնեմ և մեկտեղ Երկնավոր Հոր օթևանը կգնանք։ Երբ սկզբում ասացի, որ ուր գնալս չգիտեք, այն ժամանակ արդեն ամեն ինչ կիմանաք, թե ուր եմ գնալու և այլևս չենք բաժանվի և ուր ես կլինեմ, դուք էլ միշտ ինձ հետ միասին կլինեք»։
Վերջնական բաժանման խոսքից հետո կրկին միանալու խոստումը իրավ որ մեծ մխիթարանք էր, և առաքյալների սիրտն էլ մի փոքր հանդարտվեց, բայց ի՞նչ էր արդյոք հասկանում Հիսուս վերադարձի խոստումով, կամ ի՞նչ իմացան արդյոք առաքյալները նույն վերադարձի խոստումով։
Ընդհանրապես խոսված էր Մեսիայի հաղթական գալստյան մասին, և Հիսուսի Մեսիայությունն ընդունողներն էլ տեսնելով Նրա սովորական և անշուք կացությունը, սպասում էին, որ կամ ինչ-որ հանկարծակի փոփոխությամբ հաղթական դիրք կընդունի և կամ այս վիճակի մեջ՝ մեկնելուց հետո, հաղթական կերպարանքով պիտի վերադառնա։ Հիսուսին հետևող հրեական բազմության մեջ առաջին գաղափարը զորավոր էր, և օր-օրի սպասում էին Հիսուսի դիրքի փոփոխվելուն։ Բեթսայիդայի անապատում տեղի ունեցած հացերի հրաշքից հետո (Մատթ. 14:22-23), և Զիթենյաց լեռան վրա վերջին Միաշաբաթի օրը (Մատթ. 21:4-5 և 8-9) տեղի ունեցած խանդավառությունները այդ ակնկալության հետևանքն էին։ Իսկ առաքյալների ակնկալությունն ավելի երկրորդն էր, այսինքն՝ մեկնելուց հետո փառավոր վերադարձը, վերստին գալստյան հայտնի խնդիրը, որ շատ անգամ կրկնվել էր։
Հիսուս այս կտակի խոսքերն էլ ինչ որ կերպով միևնույն իմաստն էին շոշափում և մինչև իսկ նույն համոզումն էին քաջալերում, բայց չենք կարող ասել, թե Հիսուսն էլ այսպիսի սխալ իմացություն էր հաստատում, այլ թե նա ավելի հեռու, և նույնքան ստույգ գալստյանն էի ակնարկում, այն կատարածի գալստյանը, որի մասին մի օր առաջ Զիթենյաց քարոզի մեջ էի խոսել (Մատթ. 25:31-46)։ Բայց երբ մի փոքր քողարկված էր խոսում, և առաքյալների սխալ իմացածը չէր ցանկանում ուղղել, ճշմարտության դեմ ոչինչ չկար այդ պարագայում, որը մյուս կողմից ավելի մոտիկից և ավելի ազդու կերպով առաքյալներին մխիթարելուն և քաջալերելուն կնպաստեր, ինչը Հիսուսի գլխավոր նպատակն էր։ Առաքյալները դեռ պատրաստ չէին վերին և աստվածային ստուգության փաստերով ազդվել, պետք էր նրանց տկարության համապատասխան միջոցներ գործածել, կամ Պողոսի բացատրությամբ, դեռ ստամոքսները հաստատուն կերակուրներով սնվելու չափ զորավոր չէին և միայն կաթով սնունդ պիտի ճարեին իրեն համար Ա Կորնթ․ 3:2:

Հաղորդում կայքում սխալի վերաբերյալ
Տվյալ հատվածում առկա է սխալ: