Մեկնություն Ավետարան ըստ Մատթեոսի 1:23

Սրբ. Հովհան Ոսկեբերան (†407)

«Ահա, կույսը կհղիանա և կծնի Որդի, և Նրա անունը կկոչեն «Էմմանուել», որ նշանակում է` «Աստված մեզ հետ է»»։
   
Տե՛ս Մեկնություն Ավետարան ըստ Մատթեոսի գլուխ 1:22
   

Սրբ. Ներսես Շնորհալի (†1173

«Ահա կույսը կհղիանա և որդի կծնի, և Նրա անունը կդնեն Էմմանուել»  44, որը թարգմանվում է «Աստված մեզ հետ»:
   
Տե՛ս Մեկնություն Ավետարան ըստ Մատթեոսի գլուխ 1:22
   

Ստեփանոս Սյունեցի (†735)

«Ահա կոյսը պիտի յղիանայ եւ մի որդի պիտի ծնի, եւ նրան պիտի կոչեն Էմմանուէլ, որ նշանակում է Աստուած մեզ հետ»:
   
    «Ահա կույսը պիտի հղիանա և որդի պիտի ծնի, և նրան պիտի կոչեն Էմմանուել»։
Թարգմանիչները «աաղամա» բառը եբրայերենից թարգմանեցին կույս, իսկ Ակյուղասն ու Սիմաքոսը՝ օրիորդ կամ մանկամարդ, իսկ Երկրորդ Օրենքում «ադաղամայ» բառը թարգմանեցին կույս [հետևյալ խոսքում]. «Եթե քաղաքում մի տղամարդ հանդիպի մարդու հետ նշանված կույս աղջկա և այլն» (Բ Օր․ 22։23):
   

Ա. Պ. Լոպուխին (†1904)

«Ահա, կույսը կհղիանա և կծնի Որդի, և Նրա անունը կկոչեն «Էմմանուել», որ նշանակում է «Աստված մեզ հետ է»»։ (Սինոդական թարգ․)[23]
   
    Հրեշտակի (կամ, մեկ այլ տեսակետի համաձայն, հենց ավետարանչի) մեջբերած խոսքերը հանդիպում են Ես. 7։14-րդ համարում։ Այդ խոսքերը մեջբերվում են Յոթանասնից թարգմանության կողմից թույլ տրված աննշան շեղումներով: Եսայի մարգարեն այդ խոսքերն ասաց հրեաների Աքազ թագավորին՝ ասորեստանյան և իսրայելական թագավորների կողմից Հուդա ներխուժելու առնչությամբ։ Մարգարեի այդ խոսքերն առավել սերտորեն մատնացույց էին անում իրեն ժամանակակից հանգամանքները: Եբրայերեն բնագրում և հունարեն թարգմանության մեջ գործածված «կույս» բառը բառացիորեն նշանակում է «կույս», որը պատրաստվում է որդի ծնել բնական եղանակով ու իր իսկ ամուսնուց (տե´ս Ես. 8։3), և Սուրբ Գրքում այդ նույն կույսը կոչվում է «մարգարեուհի»։ Սակայն այնուհետ մարգարեի միտքն ընդարձակվում է և նա սկսում է մտահայել գալիք իրադարձությունների մասին, որոնք տեղի են ունենալու իրեն ժամանակակից հանգամանքների ամբողջական փոփոխությամբ, ասել է թե` իսրայելական և ասորեստանյան թագավորների ներխուժման փոխարեն Ասորեստանի թագավորը հպատակեցնելու է Հրեաստանին: Ասորեստանյան թագավորը «պիտի ներխուժի Հուդայի երկիրը, պիտի ողողի այն ու հասնի մինչև նրա պարանոցը։ Տարածելով իր թևերը՝ պիտի լցնի քո երկրի ողջ լայնությունը, Էմմանուե՛լ ( Ես. 8։8 )։ Եթե առաջին մարգարեության մեջ պետք է հասկանալ սովորական կույս, սովորական ծնունդ և հրեա սովորական մի տղա` «Էմմանուել» անունով, ապա 8։8-րդ համարում, ինչպես երևում է մարգարեի խոսքերից, այս անվամբ կոչվում է Ինքը` Աստված։ Չնայած որ Թալմուդյան գրվածքներում սույն մարգարեությունը Մեսիային չի վերաբերում, սական պարզորոշ տեսանելի է, որ այն առավել կարևոր նշանակություն ունի (քրիստոնեական Ուղղափառ աստվածաբանական ավանդույթի մեջ հենց այս մարգարեությունն է, որ, ոչ առանց պատճառի, համարվում է դավանաբանական հիմնաքարային սյուներից մեկը, որը լիովին համընկնում է սույն հարցի վերաբերյալ հնում ապրած ամենահեղինակավոր սուրբ հայրերի տեսակետի հետ): Այս մարգարեության Մեսսիական կիրառությունն առաջին անգամ տեղի է ունեցել Մատթեոսի Ավետարանում։ Եթե 23-րդ համարի խոսքերը հնչել են հենց հրեշտակի շուրթերից, ապա «որ նշանակում է…» (և այլն) արտահայտությունը պետք է վերագրել հենց ավետարանչին: Սա հունարեն սովորական արտահայտություն է, որը մատնացույց է անում, որ եբրայերեն բառը կամ բառերը թարգմանվում կամ մեկնվում են եբրայերենից հունարեն թարգմանվելուց հետո: Որոշ մեկնիչների տեսակետի համաձայն` «որ նշանակում է…» խոսքերը ծառայում են որպես վկայություն այն բանի, որ Մատթեոսի Ավետարանը սկզբնապես գրվել է ոչ թե եբրայերեն, այլ հունարեն լեզվով։ Մյուս կողմից` կա տեսակետ, որ երբ Ավետարանը թարգմանվում էր հունարեն, այս արտահայտությունն հենց ա´յդ ժամանակ է հավելադրվել կա´մ թարգմանչի, կա´մ հենց իր` ավետարանչի կողմից:
   

Մաղաքիա արք. Օրմանյան (†1918)

«Ահա կոյսը պիտի յղիանայ եւ մի որդի պիտի ծնի, եւ նրան պիտի կոչեն Էմմանուէլ, որ նշանակում է Աստուած մեզ հետ»։
   
Տե՛ս Մեկնություն Ավետարան ըստ Մատթեոսի գլուխ 1:18

--------------------------------
[23](Էջմիածին թարգ․) «Ահա կոյսը պիտի յղիանայ եւ մի որդի պիտի ծնի, եւ նրան պիտի կոչեն Էմմանուէլ, որ նշանակում է Աստուած մեզ հետ»:
(Արարատ թարգ․) «Ահա կույսը կհղիանա և որդի կծնի, և նրան կկոչեն Էմմանուել» (Ես. 7.14), որ նշանակում է «Աստված մեզ հետ»։
(Գրաբար) Ահա կոյսն յղասցի՝ եւ ծնցի որդի, եւ կոչեսցեն զանուն նորա Է՛մանուէլ, որ թարգմանի՝ ընդ մե՛զ Աստուած: