Եսայու մարգարեության մեկնություն 7։14

Սրբ․ Գրիգոր Տաթևացի

Դրա համար էլ Տէրն ինքը ձեզ նշան է տալու: Ահա կոյսը պիտի յղիանայ ու որդի ծնի, եւ նրա անունը պիտի լինի Էմմանուէլ
   
   Հարց․ Ի՞նչ է նշանակում այն խոսքը, որն ասում է. «Ահա Կույսը պետք է հղանա և որդի ծնի».
Պատասխան. Հրեաները հերքում են, որ այս խոսքը վերաբերում է Տիրոջ Մոր կուսական ծննդյանը:
Նախ պատրվակ են բռնում՝ ասելով, թե առհասարակ բոլոր կանայք սկզբից կույս են լինում, և ապա՝ հղանում ու ծննդաբերում: Ըստ այդմ ասում են, որ խոսքը վերաբերում էր առհասարակ բոլոր կանանց, և այդ երևույթը համաձայն էր բնության օրենքին, ուստի դա հրաշք չէր, քանզի հրաշքը վեր է բնությունից: Սակայն մարգարեն ասում է, թե Տերը մեզ ըստինքյան նշան (հրաշք) է տալու (7։14), այսինքն՝ նույն Ինքը՝ Տերը նշան եղավ և մեզ փրկեց՝ մարդանալով ու ծնվելով, ապա ուրեմն հայտնի է, որ այս խոսքը ընդհանուրին չի վերաբերում: Հրեաները նաև ասում են, որ ըստ որոշ թարգմանիչների «Աղջիկը պիտի հղանա և ծնի» է, ուրեմն խոսքը Կույսի մասին չէ, այլ՝բոլոր կանանց, որոնք հղանում և ծնում են: Սրա վերաբերյալ կասենք հետևյալը. նախ՝ քանի որ որևէ տղամարդու չի հիշատակում, հետևաբար երբ ասում է «կույս», կամ «աղջիկ», կամ «կին», բացորոշ կերպով ցույց է տալիս առանց տղամարդու սերմի [եղած] ծնունդը: Հիշե՛նք նաև, որ Ռեբեկայի համար նրա եղբայրներն ասում են հարսնատեսներին. «Աղջիկը թող գա և խոսի» (Ծննդ. 24։57): Ինչպես այնտեղ է կույսը «աղջիկ» կոչվում, այնպես էլ՝ այստեղ: Դարձյալ հրեաները հակառակվում են՝ ասելով, թե՝ սա ասվեց Աքազի կնոջ համար, որը ծնեց Եզեկիային: Սրա վերաբերյալ հետևյալը կասենք: Եզեկիան այդ ե՞րբ «Էմանուել» կոչվեց, կամ արդյո՞ք«սկզբից ճանաչեց բարին կամ չարը. անարգեց չարը և ընտրեց բարին» (7։16): Նաև ժամանա՛կն է հանդիմանում նրանց, որովհետև Աքազը թագավորեց տասնվեց տարի, և նրա թագավորության ժամանակ կատարվեց այս մարգարեությունը: Իսկ Եզեկիան թագավորեց քսանհինգ տարեկան հասակում, ինչից հայտնի է դառնում, որ Աքազի թագավորելու ժամանակ Եզեկիան արդեն ինը տարեկան էր: Բայց արդ, թողնե՛նք հրեաների բարբաջանքը և քննե՛նք մարգարեի այս խոսքը, որն ասված է սուրբ կույս Մարիամի մասին: Չէ՞ որ ասում է. Դու քեզ համար Տիրոջից նշան խնդրիր խորխորատում լինի թե բարձունքում (7։11), այսինքն՝ Բանն Աստված, որ բարձունքում էր՝ Հոր ծոցում, խոնարհեցրեց իրեն, մարդ դարձավ՝ երկրի վրա բնակվելով, ու եղավ նշան՝ մարդկային ցեղի փրկության համար, որի մասին կանխասում է մարգարեն՝ ասելով. «Ահա կույսը պիտի հղանա» (7։14): «Ահա» բառը ցույց է տալիս խոսքի ստուգությունը : Այն ասես մատով ցույց տալու նշան է, ինչպես Հովհաննեսն էլ էր ասում. «Ահա Աստծո գառը» (Հովհ. 1։29), և Զաքարիան. «Ահա քո թագավորը գալիս է» (Զաք. 9-9): Որովհետև թեպետ մենք այժմ աչքերի զգայությամբ ենք տեսնում, մարգարեներն ապագան տեսնում էին առավել անսխալ մտքով , որովհետև աչքերի զգայական տեսողությունը սխալվում է չորս պատճառով. նախ՝ հեռավորության, երկրորդ՝ շարժման, երրորդ՝ գույները խառնելու, չորրորդ՝ միջնորդավորված [լինելու]: Բայց մարգարեների տեսության մեջ այսպիսի սխալմունքներ չկային: Եվ «Կույս» է ասում ոչ հախուռն կերպով, այլ հրաշալին ու բացառիկը ցույց տալու համար, այդ իսկ պատճառով էլ ասում է «Կույսը»: Քանզի հոդը, որ ավելացված է վերջում, այսինքն՝ ը-ն, մեկին զատում է մյուսներից։ Այդպես նաև Ավետարանիչը չասաց, թե՝ «Ի սկզբանե էր Բան», այլ թե՝ «Բանն» (Հովհ. 1։1): Իսկ փարիսեցիներն էլ Հովհաննեսին հարցնում են. «Քրիստոսը դո՞ւ ես, մարգարեն դո՞ւ ես» (Հովհ. 1։21): Սակայն գիտենանք, որ անվանը կից հոդը ցույց է տալիս եզակիությունը, ինչպես նշեցինք վերևում: Հակառակ դեպքում միտքը կարտահայտեր հոգնակիության իմաստ, և ոչ թե եզակիության։ Ինչպես, օրինակ, երբ ասում ենք «գոյություն ունի», «ապրում է», «խոսում է» և «գնում է», նկատի ունենք եզակի անձի Իսկ արգարեն ինչու՞ հայտնապես չի ասում, թե՝ «Պիտի Սուրբ Հոգով հղանա» (Մտթ. 1-18), ինչպես Գաբրիելն ավետեց: Սա երկու պատճառով էր. նախ՝ որովհետև մարգարեն զգուշացավ չար հրեաներից, որպեսզի չայրեն գրքերը, ինչը սովոր էին անել: Երկրորդ՝ որպեսզի առարկայորեն ցույց տար, որ երբ կույսը հղանում է՝ առանց տղամարդու, ուրեմն դա ինչի՞ց է, եթե ոչ Սուրբ Հոգուց: Իսկ երբ դու լսես, թե Սուրբ Հոգուց հղացավ, չկարծես, թե ինչ-որ անմարմնական խառնակումից եղավ այդ բանը, այլ ինչպես առաջին Ադամը Աստծուց և հողից ստեղծվեց՝ առանց որևէ խառնակության, այլ արարչությամբ, նույնպես երկրորդ Ադամը Սուրբ Հոգուց և Կույսից եղավ: «Էմանուել»-ը թարգմանվում է «Աստված մեզ հետ»: Աստծո՝ մեզ հետ լինելը չի սահմանափակվում վայրով, որովհետև երկինքն ու երկիրը լի է Նրանով, և ոչ էլ նկատի է առնվում խնամարկությամբ մեզ հետ լինելը, ինչպես Մովսեսի, Հեսուի և առաքյալների պարագայում էր, այլ մեզ հետ լինելը մարդանալն ու մարմնով երկրի վրա երևալն էր, ինչպես Բարուքն է ասում. «Դա մեր Աստվածն է, որի հետ ոչ ոք չի կարող համեմատվել, դրանից հետո իմաստությունը հայտնվեց երկրի վրա ու շրջեց մարդկանց մեջ» (Բար. 3։36, 38): Դա եղավ հետևյալ կերպ․ նախևառաջ՝ Բանն Աստված մեր բնությանը միացավ, և Աստված մարդ դարձավ մեր նմանությամբ, ըստ այն խոսքի, թե՝ «Բանը մարմին եղավ» (Հովհ. 1։14): Երկրորդ՝ որովհետև Նա մեր նմանությամբ ենթարկվեց բնության օրենքքին և «հասավ կատարյալ մարդու աստիճանին» (Եփես. 4։13), այսինքն՝ անցավ արգանդում հղանալու, իննամսյա սպասումի, ծնվելու, աճելու և մնացյալ բոլոր փուլերով: Երրորդ՝ քանզի Նա մեզ հետ շրջեց, խոսեց, կերավ մաքսավորների, մեղավորների հետ, մեր մեջ զանազան բժշկություններ կատարեց, մեզ լցրեց ամենայն բարությամբ ու շնորհով. սա է «Էմանուել»-ի թարգմանությունը: Եվ երբ կոչվեց «Էմանուել», ցույց տվեց ապագայում տեղի ունենալիք իրադարձությունները. որովհետև թեպետ անունով «Էմանուել» չկոչվեց, սակայն Իր կատարած փրկաբեր տնօրինությամբ հայտնապես ճանաչվեց, թե ճշմարիտ Աստված է:
   

Ա. Լոպուխին

Այսպիսով Տերն Ինքը ձեզ նշան է տալու. ահա Կույսը պետք է հղիանա ու Որդի պետք է ծնի, և Նրան «էմմանուել» պետք է կոչեն: (Սինոդական թարգ․) [14]
   
   «Այսպիսով…». եբրայերեն՝ «լահեն», որ բառացիորեն թարգմանաբար նշանակում է «այդ իսկ պատճառով»:

   «Նշան». եբրայերեն «օտ» բառը, որ տեղ է գտել տեքստի այս հատվածում, Սուրբ Գրքում հետևյալ իմաստներն ունի.

   1. հրաշք (Ես. 38:7, 22, Ելք. 4:8-9),

   2. խորհրդաբանական մի նշան կամ գործողություն, որն ամրապնդում է որևէ ճշմարտության մեջ (Ելք. 20:3, Ծննդ. 9:13),

   3. բնական իրադարձություն, որը, սակայն, մարդկանցից ոչ ոք չէր կարող կանխատեսել և որի իրագործումը երաշխիք է տալիս այն բանի համար, որ դրա հետ կապված հաջորդ գործողությունը նույնպես կիրականանա (Ա Թագ. 2:34, 10:1, 7, 9);

   4. իրադարձություն, որը ծառայում էր որպես իրադարձությունների ճշմարտացիությունը հավաստող կնիք՝ նախքան դրանք իրականություն կդառնային (Ելք. 3:12, Ես. 37:30):

   Տվյալ պարագայում եբրայերեն «օտ» բառն ունի վերջին իմաստի նշանակությունը: Գալիք իրադարձությունը՝ Դավթի արքայական տնից Մեսիայի (Էմմանուելի) ծնունդը, պետք է ծառայեր որպես ապացույց և վերահաստատում այն բանի, որ անգամ պատմական տվյալ (ներկա) իրավիճակում Դավթի տունը չի կործանվելու: Սակայն քանի որ այդ ծնունդը հեռավոր ապագայում տեղի ունենալիք մի իրադարձություն էր և Աքազից ու նրա ամբողջ ընտանիքից պահանջում էր ամբողջանվեր հավատք այն խոստման հանդեպ, որը տրվել էր նախահայր Դավթին, ուստի մարգարեի կողմից բարձրաձայնված այդ նշանը, չնայած իր ողջ մխիթարական հանգամանքին, մի ծանր փորձություն է դառնում Աքազի համար, որն աչքի չէր ընկնում հավատքի մեջ իր հաստատակամությամբ: Այդպիսով՝ Աքազը պատժվում է Աստծո պատվիրանները գործադրելուց հրաժարվելու պատճառով:

   «Ահա» բառը եբրայերեն «գիննե» բառն է: Մարգարեն իր կանխատեսումների մեջ այդ հեռավոր ապագայում կայանալիք իրադարձությունը տեսնում է իբրև արդեն իսկ տեղի ունեցած եղելություն (հմմտ. Ես. 42:1):

   «Կույսը...». եբրայերեն «հաալմա» բառն է: Այդ «հա» նախդիրը, որ դրված է «ալմա» բառից առաջ, ցույց է տալիս, որ մարգարեն ի նկատի ունի մեկ, բոլորին հայտնի ինչ-որ մի կուսի, մի կույսի, որը եզակի է իր տեսակի մեջ: Սակայն արդյո՞ք դրանից կարելի է եզրակացնել, որ այդ «Կույս» անվան տակ պետք է ի նկատի ունենալ Ամենասուրբ Կույս Մարիամին: Այդ տեսակետի մեջ մեզ վստահեցնում են թե՛ հենց մարգարեի խոսքերը, և թե՛ Աստվածաշնչի հնագույն թարգմանությունները, ինչպես նաև Եկեղեցու հայրերի և ուսուցիչների մեկնությունները:

   Եբրայերեն «ալմա» բառն ինքն իրենով այս դրվագում ոչ մի որոշիչ նշանակություն չունի, քանի որ այդ բառի ծագումնաբանությունը հայտնի չէ: Ոմանք այդ բառը թարգմանում են «թաքնված» իմաստով (այսինքն՝ թաքնված տղամարդկանց հայացքներին): Այս տեսակետի կողմնակիցները «հաալմա» բառը բխեցնում են «ալամ» բառից՝ «գործող» նշանակությամբ, որը, սակայն, այս հատվածում չունի տվյալ իմաստը: Ուրիշները այս «ալամ» բառի մեջ տեսնում են «հասունացող կույս» արտահայտության իմաստը: Այսպես խորհողներն էլ այդ իմաստը բխեցնում են «ալամ» բառի մեկ այլ արմատից, որ նշանակում է «հասունանալ, ֆիզիկապես ամրապնդվել», ընդ որում որպես իրենց թարգմանության ճշմարտացիության հիմնավորում այս տեսակետի կողմնակիցները հղում են անում «ալամ» բառի՝ Սուրբ Գրքի այլ հատվածներում առկա կիրառություններին (Ծննդ. 24:43, Ելք. 2:8, Սաղմ. 77:63 և այլ տեղիներ):

   Հաշվի առնելով «ալամ» բառի ծագումնաբանական և բանասիրական անհստակության հանգամանքը՝ հարկ է հատուկ ուշադրություն դարձնել աստվածաշնչյան հնագույն թարգմանությունների՝ Յոթանասնիցի և Պեշիթոյի վրա: Յոթանասնից թարգմանության մեջ «ալամ» բառը մեզ է փոխանցվում «պարթենոս» ձևով, որը Յոթանասնից թարգմանության մեջ նշանակում է «կույս»՝ ամենաուղիղ իմաստով: Պեշիթոյում նույնպես կիրառված է այդ բառը, որը բոլոր տեղերում նշանակում է «կույս»: Սակայն հետագայում Նոր Կտակարանում Մատթեոս ավետարանիչը, խոսելով Մեսիայի անսերմ, կուսական հղացման մասին, ասում է, որ դա տեղի ունեցավ որպես Եսայի մարգարեի մարգարեացման ճշմարիտ իրականացում (Մտթ. 1:18-25): Հստակ է, որ ավետարանիչն այդ պարագայում փոխանցում է իրեն ժամանակակից հրեաների՝ այդ վիճելի հարցի շուրջ ունեցած համընդհանուր պատկերացումը: Badham անունով մի գիտնական ռաբբինիստական գրականությունից մի շարք տեղիներ է մեջբերում և մի քանի ակնարկներ է անում Փիլոն Ալեքսանդրացուց՝ առ ի վկայություն այն բանի, որ Մեսիայի հրաշալի ծնունդն ակնկալելի էր նաև հրեաների կողմից (The Academy, 8 Հունիս, 1895, էջ 485-487):

   Քրիստոնյա մեկնիչները (երկար ժամանակ՝ անգամ բողոքականները) միաբերան ընդունում էին, որ Եսային այս հատվածում խոսում է Կույսի՝ Մեսիայի Մոր մասին: Միայն XVIII դարում բողոքական էկզեգետները սկսեցին համառորեն պնդել, որ մեր կողմից քննության առարկա դարձած այս հատվածում ոչ մի ակնարկ չկա Մեսիայի կուսական հղացման և Նրա Մոր հավերժական կուսության մասին, սակայն նրանց ապացույցները բավականաչափ հիմնավոր չեն (տե՛ս Никольский Е., Предсказание пророка Исаии о Деве и Еммануиле // Чтение в Обществе Любителей духовного просвещения, 1885): Մարգարեի խոսքի համատեքստն ինքնին ենթադրել է տալիս, որ այստեղ խոսքը անարատ Կույսի մասին է, որը պահպանել է իր կուսությունն անգամ իր Որդու ծննդից հետո: Որպես մի յուրահատուկ հրաշալի, համոզիչ և մխիթարիչ նշան կարող էր լինել միայն Կույսի՝ որդի ունենալու դեպքը: Քանի որ մարգարեն արքային առաջարկել էր որևէ նշան հայցել, ուստի այն նշանը, որն Աստված Ինքն էր տալիս, միայն մի մեծագույն հրաշք պետք է լիներ: Այստեղից հետևում է, որ մարգարեն, խոսելով Մեսիայի՝ Կույսից ծննդյան մասին, ի նկատի կարող էր ունենալ միայն իսկապես կուսական, բնության օրենքները զանցառող հղություն՝ այդպիսով մատնացույց անելով Փրկչի մոր կուսությունը նախքան ծնունդը և այդ կուսության մշտնջենավորությունը նաև որդեծնությունից հետո:

   Մարգարեի խոսքերը եբրայերենից ուղղակի թարգմանության դեպքում այսպես պետք է ստացվի. «Ահա, Կույսը հղիացել է»: Մարգարեն իր մարգարեական կանխագուշակության մեջ Կույսին տեսնում է արդեն իսկ հղիացած և այդուամենայնիվ նրան կոչում է «կույս»:

   «Էմմանուել». եբրայերենում «Էմմանուել» բառը նշանակում է «Աստված մեզ հետ է»: Այս անունը Մեսիայի հատուկ անունը չէ: Ոմանք այն ընկալում են որպես աստվածային օգնության ցուցում, որը հրեաները պետք է ստանային երկու դաշնակից թագավորների կողմից իրենց սպառնացող վտանգի մեջ (Հերոնիմոս, Եվսեբիոս և այլք): Ուրիշների կարծիքով այս անունը ցույց է տալիս ա՛յն անձի բնույթը, որին այն տրվում է, և այդ անունն ակնարկում է մարդացած Աստծուն (սուրբ Իրինեոս, Տերտուղիանոս, Բարսեղ Մեծ և այլք): Ավելի լավ է բառի այս երկու իմաստները միավորել այդ անվան մեկնաբանության համար, ինչպես որ անում է Հովհան Ոսկեբերանը: Ինչ վերաբերում է այս բառի առաջին իմաստին, ապա բոլոր մեկնիչներն էլ միասնաբար ընդունում են նմանատիպ նշանակության ճշմարտացիությունը: Սակայն ինչ վերաբերում է երկրորդ մեկնաբանությանը, որը դեռևս հնուց ընդունված է եղել քրիստոնեական Եկեղեցու կողմից, ռացիոնալիստ- էկզեգետները մեծավ մասամբ իրենց անվստահությունն են հայտնում դրա հանդեպ: Չներթափանցելով այդ բացասական կարծիքների հորձանուտի մեջ՝ այժմ արձանագրենք, թե ինչպես է հնարավոր փաստել այս հատվածի մեսիականության մասին (Մեսիական՝ այդ բառի բուն իմաստով, և դա այն դեպքում, երբ Մեսիան համարվում է Մարմնացած Աստծո Որդի): Այդ փաստարկումները հետևյալն են.

   1. 8:8-րդ համարում Հուդայի երկիրը կոչվում է Էմմանուելի երկիր: Արդյո՞ք այս հատվածից պարզ չի դառնում, որ այստեղ Եսայի մարգարեն «Էմմանուել» ասելով ի նկատի է ունեցել ապագա Մեսիային: Ընդ որում, այստեղից կարելի է եզրակացնել, որ այդ Մեսիան պետք է աստվածային արժանիքներ ունենար, պետք է մարմնացած Աստված լիներ: Սակայն իրականության մեջ շատ այլ տեղիներում Եսային Հուդայի թագավորության իրական Թագավոր և Տիրակալ է կոչում հենց Իրեն՝ Աստծուն: Հետևաբար Աստված և Էմմանուելը Եսայու համար համարժեք են:

   2. 9-րդ գլխում (1-7-րդ համարներում) հանդես եկող մանուկը, որն, իհարկե, պետք է ծնվեր Դավթի տնից, որևէ կասկածի տեղիք կամ գայթակղության առիթ չի տալիս: Այստեղից կարելի է ենթադրել, որ մարգարեի ունկնդիրները գիտեին և բավականաչափ պատկերացում ունեին Նրա արժանիքների մասին ու նույնքան էլ պատկերացնում էին Նրա ծննդյան իրողությունը: Սակայն նրանք որտեղի՞ց կարող էին իմանալ այդ ամենը, եթե մարգարեն Նրա մասին խոսած չլիներ այն ժամանակ, երբ մարգարեացավ Դավթի տանը Էմմանուելի ծննդյան մասին: նրա մոտ խոսք չգնար մարգարեի մոտ, երբ որ նա կանխագուշակում էր Դավթի տան համար Էմմանուելի ծնուդը: Հարկ է հավելել նաև, որ այդ Մանկան բոլոր զարմանահրաշ անունները, որոնք հիշատակվում են 9-րդ գլխում, դյուրությամբ կարելի է ամփոփել Էմմանուելի անվան մեջ:

   3. Միքիա մարգարեն (5:1-5), մարգարեանալով Մեսիայի ծննդյան մասին, ամենայն հավանականությամբ ի նկատի ունի Եսայու մարգարեությունը՝ 7:14-րդ և 9:5-6-րդ համարները: Եվ Միքիայի մոտ էլ Մեսիան պատկերագրվում է որպես հավիտենապես գոյություն ունեցող մեկը (5:1), այն է թե՝ իբրև մարմնացած Աստված:

   4. Մատթեոս ավետարանիչը Եսայի մարգարեի՝ Էմմանուելի մասին արված այս մարգարեացումը վերագրում է Քրիստոսին, Որը ծնվելու էր Ամենասրբուհի Կույս Մարիամից (Մտթ. 1:22-23): Ավետարանիչն այդ իրադարձության առնչությամբ ոչ միայն կիրառում է Եսայու խոսքերը, ոչ միայն Եսայու մարգարեությունը համեմատում է Մեսիայի ծննդյան դրվագի հետ, այլ նաև հստակորեն վկայում է այն մասին, որ Ամենասրբուհի Կույս Մարիամից Հիսուս Քրիստոսի ծննդյամբ իրականանում է Եսայու մարգարեությունը, և հետևաբար Եսային Էմմանուել անվան տակ ի նկատի ուներ ճշմարիտ Աստծուն, Որը մարմնացած հայտնվեց երկրի վրա:

   Սակայն այդ Մեսիա-Աստվածորդու ծնունդն ի՞նչ ձևով կարող էր նշան հանդիսանալ Եսայի մարգարեի ժամանակշրջանի համար:

   Առաջին հերթին՝ Եսային, մարգարեանալով Աստծո վսեմ բարերարության մասին, որն էր՝ մարդկանց փրկության համար Աստծո Որդու մարմնացումը, այդպիսով ցանկանում էր ասել, որ հրեաները և Դավթի տունը առավելաբար կարող էին հույս ունենալ ավելի «չնչին» մի բարերարության, այն է թե՝ երկու դաշնակից թագավորների սպառնալիքից ազատագրվելու վրա:

   Երկրորդ՝ Դավթի տնից Մեսիայի ծնունդն անհրաժեշտաբար ենթադրել էր տալիս, որ չի իրականանալու երկու դաշնակից թագավորների նպատակը, այսինքն՝ Դավթի տան ոչնչացումը: Հակոբ նահապետը պարզորոշ կանխասել էր, որ մինչև Մեսիայի ծնունդը գավազանը չէր վերցվելու Հուդայի տնից, և հետևաբար նաև՝ Դավթի տնից (Ծննդ. 49:10):
--------------------------------
[14](Էջմիածին թարգ․) Դրա համար էլ Տէրն ինքը ձեզ նշան է տալու: Ահա կոյսը պիտի յղիանայ ու որդի ծնի, եւ նրա անունը պիտի լինի Էմմանուէլ.
(Արարատ թարգ․) Դրա համար Տերն ինքը ձեզ նշան կտա։ Ահա կույսը կհղիանա ու մի որդի կծնի և նրա անունն Էմմանուել կդնի։
(Գրաբար) Վասն այդորիկ տացէ ձեզ Տէր ինքնին նշան: Ահա կոյսն յղասցի` եւ ծնցի որդի, եւ կոչեսցեն զանուն նորա Եմմանուէլ: