Մեկնություն Ավետարան ըստ Մատթեոսի 1:22

Սրբ. Հովհան Ոսկեբերան (†407)

22-23․ «Իսկ այս ամենը եղավ, որպեսզի իրականանար Տիրոջ կողմից մարգարեի միջոցով ասված խոսքը, որն ասում էր»: «Ահա, կույսը կհղիանա և կծնի Որդի, և Նրա անունը կկոչեն «Էմմանուել», որ նշանակում է` «Աստված մեզ հետ է»»։
   
    Հրեշտակը բացականչում է այս խոսքերը, որոնք իսկապես արժանի էին հրաշք կոչվելու և հրեշտակային շուրթերով իսկ բարբառվելու. «Իսկ այս ամենը եղավ»: Նա տեսավ մարդկության հանդեպ Աստծո սիրո անհուն ծովն ու անդունդը. իրականացած տեսավ այն ամենը, ինչի իրականություն դառնալը երբևէ չէր կարելի ակնկալել: Տեսավ, թե ինչպես խախտվեցին բնության օրենքները, իրականացավ [Աստծո և մարդու] հաշտեցումը: Ամենքից Ամենաբարձր Աստված իջավ ու հավասարվեց ամենաներքևում գտնվող մարդուն, միջնորմը փլուզվեց, արգելքները վերացան: Հրեշտակը տեսավ նաև դրանից էլ ավելին, ու մի քանի բառով բնութագրեց այդ հրաշքը. «Իսկ այս ամենը եղավ, որպեսզի իրականանար…Տիրոջ խոսքը»:
    Մի´ կարծիր, - ասում է հրեշտակը, - որ դա միայն այժմ է որոշվել. դեռևս հնուց ի վեր այն նախապես կանխամտածվել էր, ինչը որ նաև Պողոսն է ամենուր փորձում մատնացույց անել: Այնուհետև հրեշտակը Հովսեփին ուղարկում է Եսայու մոտ, որպեսզի արթնանալուց հետո, նույնիսկ եթե Հովսեփը մոռացած էլ լինի հրեշտակի` բոլորովին նորահայտ խոսքերը, այդուամենայնիվ, Սուրբ Գրքով սնված լինելով, մտաբերի մարգարեական խոսքերը և դրանց հետ մեկտեղ հիշի նաև երազում լսած հրեշտակի խոսքերը: Հրեշտակն այս խոսքերը չասաց Հովսեփի կնոջը (Մարիամին), քանի որ վերջինս, որպես մի պատանի աղջիկ, դեռևս մեծ փորձառություն չուներ, ուստի հրեշտակը մարգարեության խոսքերը մեջբերում է Հովսեփի համար՝ որպես մի արդար մարդու, որը խորամուխ էր եղել մարգարեական գրվածքների ուսումնասիրության մեջ: Ահա թե ինչու հրեշտակը Հովսեփին նախ ասել էր. «Մի՛ վախեցիր ընդունել քո կնոջը՝ Մարիամին»: Իսկ այժմ էլ, վկայակոչելով մարգարեի խոսքերը, Հովսեփին հավաստիացնում է, որ ճշմարիտ է Մարիամի` Կույս լինելու առեղծվածը։
    Հովսեփի փոթորկուն մտածումներն այդքան շուտ չէին խաղաղվի` հրեշտակից Մարիամի «Կույս» լինելու մասին լսելով, եթե իհարկե Հովսեփն այդ մասին «նախապես» լսած չլիներ Եսայու շուրթերից: Մարգարեից լսելով այս խոսքերը` Հովսեփը դրանք պետք է ընդուներ ոչ թե որպես տարօրինակ մի արտահայտություն, այլ որպես հայտնի իրողություն, որը երկար ժամանակ զբաղեցրել էր նրա միտքը: Ահա թե ինչու հրեշտակը, իր խոսքերն առավել դյուրությամբ ընդունելության արժանացնելու համար, մեջբերում է Եսայու մարգարեությունը: Եվ դեռ այդքանով էլ չի սահմանափակվում, այլ մարգարեությունը վերագրում է Աստծուն՝ ասելով, որ դրանք ոչ թե մարգարեի, այլ ամենքի Աստծո խոսքերն են։ Այդ իսկ պատճառով էլ հրեշտակը չի ասում` «որպեսզի իրականանար Եսայու ասածը…», այլ ասում է` «որպեսզի իրականանար Տիրոջ կողմից ասված խոսքը»։ Ճիշտ է, այդ խոսքերն արտաբերվում էին Եսայու շուրթերով, սակայն այդ մարգարեությունը տրված էր ի վերուստ։ Իսկ ի՞նչ մարգարեություն էր դա. «Ահա, կույսը կհղիանա և կծնի Որդի, և Նրա անունը կկոչեն «Էմմանուել» (Ես. 7:14):
    Ուրեմն ինչո՞ւ, - կհարցնես դու, - Նրա անունը դրվեց ոչ թե «Էմմանուել», այլ «Հիսուս Քրիստոս»: Որովհետև մարգարեության մեջ չի ասվում` «կկոչես», այլ ասվում է` «կկոչեն», այսինքն՝ ժողովուրդները և բուն իրադարձությունն ինքնին այդ անվամբ պիտի բնորոշեին Մանկանը։ Այստեղ հիշատակված անունը մատնանշում է տեղի ունենալիք իրադարձությունը` մի երևույթ, ինչը բնորոշ էր Սուրբ Գրքին, որում առկա են նաև այլ օրինակներ, երբ անվան նշանակությունը բացահայտվում է գալիք իրադարձությունների համատեքստում (անունների փոխարեն գործածվում են իրադարձությունների նկարագրությունները, ինչպես օրինակ` ««Էմմանուել», որ նշանակում է` «Աստված մեզ հետ է»»)։
    Այսպիսով, «Նրա անունը կկոչեն «Էմմանուել» խոսքերն ուրիշ բան չեն նշանակում, քան այն, որ Աստծուն պիտի տեսնեն մարդկանց հետ։ Թեև Աստված մշտապես էլ եղել է մարդկանց հետ, սակայն Նրա ներկայությունը երբևէ այսքան ակնհայտ չի եղել: Եթե հրեաները փորձեն անամոթաբար համառել, ապա հարցնե´նք նրանց, թե ո՞ր մանուկն է կոչվել «Mager-shelal-khash-baz»: Այս մասին նրանք ոչինչ ասել չեն կարող։ Սակայն չէ՞ որ մարգարեն ասում է. «Նրա անունը դի՛ր «Արագ-արագ կողոպտի՛ր և շուտ-շուտ ավա´ր առ»»: Քանի որ նրա ծնունդից հետո եղավ մի իրադարձություն, երբ ավարը վերցվեց ու բաժանվեց. հենց այն նույն իրադարձությունը, որը տեղի էր ունեցել մանկան ծննդյան ժամանակ, որպես անուն տրվում է այդ մանկանը։
    Այդ նույն կերպ նաև` մարգարեն մի քաղաքի մասին ասում է, որ այն կոչվելու է «արդարության քաղաք, հավատարիմ մայրաքաղաք» («քաղաք արդարության, քաղաքների մայր, հավատարիմ Սիոն» - Ես. 1:26): Այդուհանդերձ, սակայն, ոչ մի տեղ չի երևում, որ այս քաղաքն «արդարություն» անվամբ է կոչվել, այլ այն շարունակել է անվանվել «Երուսաղեմ»։ Բայց քանի որ Երուսաղեմն իսկապես էլ այդպիսին (արդար քաղաք) դարձավ այն բանից հետո, երբ վերափոխվեց, ուստի մարգարեն նախապես իսկ ասում է, որ քաղաքն այդպես է կոչվելու։ Այսպես ուրեմն, եթե որևէ իրադարձություն բուն անվանումից էլ ավելի պարզորոշ է ցույց տալիս, թե ով է այն իրականացրել կամ ով է մասնակցություն ունեցել դրան, ապա այդժամ Սուրբ Գիրքը բուն այդ իրադարձությունն է անվան դերում հանդես բերում:
    Սակայն եթե հրեաները, այս օրինակի զորությամբ «պարտություն» կրելով հանդերձ, կուսության մասին ասվածի վերաբերյալ այլ առարկություն գտնեն և մեզ ներկայացնեն այլ թարգմանիչների խոսքերը՝ ասելով, որ նրանք «ճշմարտացիորեն» թարգմանել են ոչ թե «կույս», այլ «երիտասարդ կին» («νεανις»), ապա սկզբից ևեթ նրանց պետք է պատասխանենք, որ Յոթանասնից թարգմանիչները, ամենայն արդարությամբ, առավել մեծ վստահության են արժանի, քան մյուսները: Այս վերջիններն իրենց այդ թարգմանությունն արեցին Քրիստոսի գալուստից հետո՝ այդուհետ ևս շարունակելով հրեա մնալ (ու ոչ թե քրիստոնյաներ դառնալ), ուստի և արդարացիորեն կարելի է ենթադրել, որ նրանք իրենց այդ թարգմանության խոսքերը հեղինակել են մեծագույն թշնամանքով և մտադրություն են ունեցել մթագնելու մարգարեության զորությունը: Մինչդեռ Յոթանասնից թարգմանիչները, որոնք Քրիստոսի գալուստից հարյուր կամ նույնիսկ ավելի տարիներ առաջ էին ձեռնարկել իրենց այս գործը, և առավել ևս` դա արել էին նմանատիպ մեծաթիվ խմբով, այդու զերծ են ցանկացած այդօրինակ կասկածանքից: Յոթանասնից թարգմանիչները թե՛ ժամանակային, թե՛ թվաքանակային և թե՛ փոխհամաձայնական առումներով գերակշիռ արժանահավատություն են նվաճել։
    Բայց եթե նույնիսկ հրեաները որպես փաստարկ բերեն այդ կեղծապատիր թարգմանիչների վկայությունը, այդ դեպքում դարձյալ հաղթանակը մեր կողմը կլինի։ Սուրբ Գրքում «երիտասարդություն» («νεανιονητος») անունը հաճախ գործածվում է «կուսություն» անվան փոխարեն` ոչ միայն կանանց, այլև տղամարդկանց վերաբերությամբ: «Երիտասարդնե՛ր ու կոյսե՛ր, - ասում է Սուրբ Գիրքը, - ծերե՛ր ու մանուկնե՛ր» (Սաղմ. 148:12): Եվ դարձյալ, խոսելով բռնության ենթարկված կույսի մասին, ասվում է. «Եթե «երիտասարդ աղջիկը» («νεανις»), այսինքն՝ կույսը, աղաղակի…» (տե´ս Բ Օրին. 22:27): Այդ միևնույն իմաստը հաստատում են նաև մարգարեի նախորդ խոսքերը:
    Բոլոր դեպքերում` մարգարեն պարզապես չի ասում. «Ահա, կույսը կհղիանա», այլ նախապես հաղորդում է` ասելով. «Դրա համար էլ Տերն ինքը ձեզ նշան է տալու» (Ես. 7:14), և ապա միայն ավելացնում է. «Ահա, կույսը կհղիանա»: Եթե ծննդաբերողը ոչ թե կույսը պետք է լիներ, այլ այդ ծնունդը պիտի տեղի ունենար ամուսնության բնական օրենքի համաձայն, ապա ուրեմն այդպիսի իրադարձությունն ինչպե՞ս կարող էր նշան լինել։ Նշանը պետք է սովորական երևույթի շրջածիրից դուրս լինի, այն պետք է լինի մի ինչ-որ տարօրինակ ու անսովոր իրադարձություն: Հակառակ դեպքում` այն ինչպե՞ս կարող է նշան լինել։

   

Սրբ. Ներսես Շնորհալի (†1173

22-23․ Սակայն այս ամէնը եղաւ, որպէսզի կատարուի, ինչ որ Տիրոջ կողմից ասուել էր Եսայի մարգարէի բերանով. «Ահա կոյսը պիտի յղիանայ եւ մի որդի պիտի ծնի, եւ նրան պիտի կոչեն Էմմանուէլ, որ նշանակում է Աստուած մեզ հետ»:
   

    Այս ամենը եղավ, – ասում է – որպեսզի իրականանար Եսայի մարգարեի միջոցով Տիրոջ ասածը. «Ահա կույսը կհղիանա և որդի կծնի, և Նրա անունը կդնեն Էմմանուել» 44, որը թարգմանվում է «Աստված մեզ հետ»: Այս մեկ խոսքով [հրեշտակը] ցույց է տալիս [Աստծո] անբավ շնորհը: Որովհետև երբ նայեց Աստծո մարդասիրության անքնին խորությանը, քանի որ երբեք չէր կարծել, թե Աստված կմարդանար և բնության օրենքները կխափաներ, պատահածի վրա զարմացած՝ ասում է. «Այս ամենը եղավ»: Իսկ որպեսզի չկարծես, թե հենց հիմա եղավ, ցույց եմ տալիս, որ նախապես ծրագրվել էր, [ասում է հրեշտակը]: Ուստի Հովսեփի միտքն ուղղում է դեպի Եսային, որպեսզի եթե [Հովսեփը], քնից արթնանալով, [հրեշտակի] խոսքերը մոռանա, Եսայունը հիշի, որի [գիրքը] հաճախ ընթերցում էր:

    Իսկ ինչո՞ւ այսպիսի բան չասաց [հրեշտակը] Մարիամին: Որովհետև նա երեխա էր և [Սուրբ] Գրքին քաջատեղյակ չէր: Իսկ [Հովսեփը], քանի որ իմաստուն էր և շարունակ ընթերցում էր մարգարեների [գրքերը], որոնք վաղ ժամանակներից էին ընդունել, դրանցից է [հրեշտակը] վկայություն բերում« որ համոզի կուսական հղիության մեջ: Եվ չի ասում. «Որպեսզի կատարվի Եսայու խոսքը», այլ՝ «[որպեսզի կատարվի] Տիրոջ ասածը», որովհետև թեև խոսքը Եսայունն էր «սակայն Աստծո՛ խոսքն էր նրան ներշնչել: Իսկ ի՞նչ էր ասում այդ խոսքը. «Ահա կույսը կհղիանա և որդի կծնի» [Ես. 7։14]: «Հղիություն» բառով հաստատում է [Քրիստոսի]՝ մեր բնությունից մարմին առնելը, իսկ կույսի՝ որդի ծնելը վեր է բնական երևույթներից:

    Բայց եթե մեկն ասի, թե ուրիշ թարգմանիչներ ոչ թե «կույս» են թարգմանել, այլ «աղջիկ», նախ այն կասենք, որ բոլորից ավելի արժանահավատ են յոթանասուն [թարգմանիչները], ովքեր, միասին հավաքվելով, թարգմանեցին Քրիստոսի ծննդից շատ տարիներ առաջ: Նրանք ամեն կասկածից զերծ են. նախ՝ ժամանակով, ապա՝ բազմաթիվ լինելով, նաև՝ որ ամենքը նույն բանը թարգմանեցին: Բայց եթե կամենում են հավաստի համարել ուրիշների [թարգմանությունները], միևնույն է, հաղթանակը մեր կողմն է, որովհետև [Սուրբ] Գրքին հատուկ է [երբեմն] երեխային «կույս» բառով ներկայացնել, ինչպես որ օրհնություններում ասվում է. «Երիտասարդներ և կուսաններ» (Սաղմ. 148։12), և ինչպես Մովսեսը գրում է Օրենքում, որ եթե [բռնաբարության ենթարկվող] «աղջիկը», այսինքն՝ կույսը, ճչա, անմեղ է 45, որտեղից հասկանում ենք, որ «երեխա», «աղջիկ» և «կույս» [բառերը] նոյն իմաստով են գործածվում: Նաև պետք է քննել այն, որ եթե [Մարիամը] կույս չէր, ի՞նչ կարիք կար ասելու. «Խնդրիր քեզ համար նշան [Տիրոջից]» (Ես. 7։11). նշանը պիտի գերազանցի բնության ընդհանուր [օրենքները]:

    «Եվ Նրա անունը կդնեն, – ասում է [Եսային], – Էմմանուել»: [Ոմանք] հարցնում են, թե ինչո՛ւ [Աստծո Որդու] անունը ոչ թե Էմմանուել դրվեց, այլ Հիսուս Քրիստոս: Որովհետև [հրեշտակը] չասաց [Հովսեփին], թե՝ դո՛ւ կկոչես [Էմմանուել], այլ՝ թե ուրիշների՛ց կկոչվի, այսինքն՝ դեպքերի իրականացմա՛մբ կոչվեց Էմմանուել: [Սուրբ] Գրքին հատուկ է անուն դնել ըստ պատահող դեպքի, ինչպես որ այս խոսքից հետո նույն մարգարեն ասում է. «Նրա 46 անունը դիր Արագապես ավար առնել» (Ես. 8։3), բայց սա՛ չէր մանկան անունը. այլ քանի որ, երբ նա ծնվեց, ավարառություն եղավ, [Եսային] անունը դրեց ըստ այդ իրադարձության: Երուսաղեմի մասին էլ մարգարեն ասում է, թե կկոչվի «Արդարության քաղաք» (Ես. 1։26), բայց այն երբեք այդպես չկոչվեց, այլ քանի որ վատից դեպի լավն էր փոխվելու, [մարգարեն] այդ ճշմարիտ իրողությունն է իբրև անուն դնում [քաղաքի] վրա: Նաև որպեսզի [Հովսեփն ու Մարիամը] չամբաստանվեին հրեաներից, թե մարդկանցից փառք ընդունելու համար [Մանկանը] տվել են մարգարեների կողմից ընտրված մի անուն, որը Նրան վայել չէ, [այս անվան մասին] լռեցին, մինչև որ [դրա էությունը] պատահող դեպքերից հայտնի դարձավ:
   

Ա. Պ. Լոպուխին (†1904)

«Իսկ այս ամենը եղավ, որպեսզի իրականանար Տիրոջ կողմից մարգարեի միջոցով ասված խոսքը, որն ասում էր»: (Սինոդական թարգ․)[22]
   
    Հայտնի չէ, թե այս համարում ում խոսքերն են մեջբերվում՝ հրեշտակի՞, թե՞ ավետարանչի։ Հովհան Ոսկեբերանի խոսքերի համաձայն՝ «…հրեշտակը բացականչեց՝ ասելով…» և այդպես շարունակ։ Այսինքն` ըստ Ոսկեբերանի տեսակետի, հրեշտակը «Հովսեփին ուղարկում է «Եսայու մոտ», որպեսզի երբ Հովսեփը արթնանար և նույնիսկ մոռացած էլ լիներ իր խոսքերը` դրանց նորահայտ լինելու (այսինքն` նախկինում երբևէ լսած չլինելու) պատճառով, այդուամենայնիվ, Սրբազան Գրություններով սնված լինելու շնորհիվ, Հովսեփը հիշեր մարգարեակա´ն խոսքերը, և դրանց հետ մեկտեղ նաև` մտաբերեր իր (հրեշտակի) ասածները»: Այս տեսակետը պաշտպանում են նաև նորագույն շրջանի որոշ մեկնաբաններ` այն հիմնավորմամբ, որ եթե այս խոսքերը վերագրվեին ավետարանչին, ապա այդ պարագայում հրեշտակի խոսքն անհասկանալի և անավարտ կթվար։
   

Մաղաքիա արք. Օրմանյան (†1918)

Սակայն այս ամէնը եղաւ, որպէսզի կատարուի, ինչ որ Տիրոջ կողմից ասուել էր Եսայի մարգարէի բերանով.
   

Տե՛ս Մեկնություն Ավետարան ըստ Մատթեոսի գլուխ 1:18
--------------------------------
[22](Էջմիածին թարգ․) Սակայն այս ամէնը եղաւ, որպէսզի կատարուի, ինչ որ Տիրոջ կողմից ասուել էր Եսայի մարգարէի բերանով.
(Արարատ թարգ․) Այս ամենը եղավ, որպեսզի իրականանար Տիրոջ կողմից մարգարեի միջոցով ասվածը.
(Գրաբար) Այլ այս ամենայն եղեւ, զի լցցի որ ասացա՛ւն ի Տեառնէ ի ձեռն Եսայայ մարգարէի.