Մեկնություն Ավետարան ըստ Մատթեոսի 2:4

Սրբ. Հովհան Ոսկեբերան (†407)

«Հիսուս Քրիստոսի` Դավթի որդու, Աբրահամի որդու ծննդաբանությունը»։
   
    Տեսնո՞ւմ ես, թե բոլոր իրադարձություններն ինչպես են որպես մեղադրանք հարուցվում հրեաների դեմ։ Քանի դեռ նրանք չէին տեսել Հիսուս Քրիստոսին և Նրա դեմ նախանձով չէին լցվել, այդժամ նրանք ողջ ճշմարտությունը վկայեցին Հիսուսի մասին: Սակայն հենց որ հրեաներն ականատես եղան Հիսուսի փառավոր հրաշքներին, այդժամ, նախանձով համակվելով, ի վերջո ուրացան ճշմարտությունը։ Այդուհանդերձ, ամեն բան նպաստում էր ճշմարտության օգտին, և նույնիսկ թշնամիներն իրենք էին հավաստում այդ ճշմարտության մասին: Տե´ս, թե ինչպիսի հրաշալի և արտասովոր իրադարձություններ են կատարվում այստեղ։ Բարբարոսներն ու հրեաները փոխադարձաբար սովորում են միմյանցից և միմյանց ասես ուսուցանում են մի մեծագույն խորհրդի մասին:
    Հրեաները մոգերի շուրթերից լսում են, որ նույնիսկ պարսիկների երկրում աստղը «քարոզել» է Նրա (Քրիստոսի) մասին, իսկ մոգերն էլ հրեաներից իմանում են, որ աստղի կողմից վկայված Անձի մասին վաղուց ի վեր կանխագուշակվել էր մարգարեների կողմից: Այսպիսով, մոգերի կողմից առաջ քաշված հարցն ինչպես հենց իրենց, այդպես էլ հրեաների համար ծառայեց որպես ճշմարտության իմացության պարզագույն ու ամենաճշգրիտ ցուցիչ: Ուստի անգամ Ճշմարտության թշնամիներն ակամա ստիպված էին ընթերցել Սուրբ Գրքի խոսքերն ու բացատրել մարգարեությունները: Այդուհանդերձ, նրանք (հրեաների քահանայապետներն ու դպիրները) այդ մարգարեություններն ամբողջովին չբացատրեցին, քանի որ Բեթղեհեմի մասին ասելով, թե այնտեղից է ծագելու Իսրայելի Հովիվը` Հերովդեսի հանդեպ իրենց շողոքորթության պատճառով զլացան արտաբերել մարգարեական խոսքերի շարունակությունը: Իսկ ո՞րն էր այդ խոսքերի շարունակությունը. «Եվ Նրա ծագումը սկզբից, հավիտենական օրերից է» (Միք. 5:2):
    Բայց եթե Քրիստոս պետք է գար այնտեղից (Բեթղեհեմից), ապա, - կհարցնես դու, - ծնվելուց հետո Նա ինչո՞ւ է ապրել Նազարեթում և այդպիսով «ստվեր գցել» մարգարեության վրա։ Իրականում, սակայն, Քրիստոս ոչ թե «ստվեր է գցել», այլ, ընդհակառակը, էլ ավելի է բացահայտել այդ մարգարեությունը: Եթե, չնայած այն հանգամանքին, որ Հիսուսի մայրը մշտապես բնակվել է Նազարեթում, սակայն Ինքը` Հիսուս, ծնվել է Բեթղեհեմում, ապա դրանից էլ առավել ակնհայտ է դառնում, որ այդ Ծնունդը մի առանձնահատուկ տնօրինության դրսևորում է եղել։ Ահա թե ինչու Իր Ծնունդից հետո Հիսուս անմիջապես չհեռացավ Բեթղեհեմից, այլ քառասուն օր մնաց այնտեղ, որպեսզի այդպիսով նրանց, ովքեր կհետաքրքրվեին Իր Ծնունդով, հնարավորություն (ժամանակ) տար ամեն ինչ ճշգրիտ քննելու համար։ Եթե միայն մի չնչին ուշադրություն էլ սևեռեին հարցին, հնարավոր կլիներ շատ խթաններ գտնել նմանօրինակ հաջողակ մի «հետաքննություն» իրականացնելու համար։ Երբ մոգերը գնացին Երուսաղեմ, ամբողջ քաղաքը և նրա հետ նաև թագավորը խիստ վրդովվեցին։ Ամենքի դիմեցին մարգարեի «օգնությանը» (այսինքն` հիշեցին մարգարեական կանխատեսումների մասին) և մեծ ժողով գումարվեց։ Դրանից բացի տեղի ունեցան նաև բազմաթիվ այլ իրադարձություններ, որոնց մասին հանգամանալից պատմում է Ղուկաս ավետարանիչը: Ես նկատի ունեմ մեզ հայտնի պատմությունները Աննայի, Սիմեոնի, Զաքարիայի, հրեշտակների և հովիվների մասին: Ուշադիր հետաքննողների համար այս բոլոր իրադարձությունների հանրագումարը դյուրությամբ կարող է առաջնորդել ճշմարտությունը բացահայտելուն: Եթե մոգերը, Պարսից երկրից եկած լինելով, գիտեին Արքայի Ծննդյան վայրի մասին, ապա որչափ առավել նրանք, ովքեր ապրում էին Հրեաստանում, կարող էին տեղեկություններ ունենալ տեղի ունեցող իրադարձության վերաբերյալ:
    Քրիստոս հենց ամենասկզբից բազմաթիվ հրաշքների միջոցով բացահայտեց Իր Էությունը: Սակայն քանի որ հրեաները չէին կամենում ճանաչել Հիսուսին, ուստի Նա մի որոշ ժամանակ ծածուկ մնաց, իսկ այնուհետև Իրեն հայտնեց մեկ այլ, առավել փառավոր եղանակով: Այդժամ արդեն այլևս ոչ թե մոգերը կամ աստղը, այլ հենց Ինքը՝ Հայրը, վերևից վկայեց Հիսուսի մասին, երբ Վերջինս մկրտվեց Հորդանանի ջրերում, և Սուրբ Հոգին Հոր ձայնի «ուղեկցությամբ» ի վերուստ իջավ Մկրտվողի վրա:
    Հովհաննեսն անվախորեն քարոզում էր ամբողջ Հրեաստանում՝ Քրիստոսի մասին քարոզչությամբ թնդացնելով թե՛ քաղաքները, թե՛ անապատը։ Ե´վ Նրա գործած հրաշքները, և´ ողջ երկիրը, և´ ծովն ու ամբողջ արարչությունը հանդիսավորաբար հռչակեցին Փրկչի մասին: Իսկապես, Հիսուսի Ծննդյան ժամանակ արդեն կային այնպիսի նշաններ, որոնք կարող էին ցույց տալ, որ Քրիստոս արդեն իսկ եկել է: Հրեաները չեն կարող ասել, թե` մենք չգիտենք Քրիստոս երբ ու որտեղ է ծնվել: Մոգերի ողջ պատմությունը և հիշյալ մյուս իրադարձություններն այնպիսի դասավորվածություն էին ստացել, որ հրեաները ոչ մի արդարացում չունեն կատարված դեպքերը հետաքննելու հարցում իրենց անփութության համար:

   

Սրբ. Ներսես Շնորհալի (†1173)

Եւ հաւաքելով բոլոր քահանայապետներին ու ժողովրդի օրէնսգէտներին՝ հարցրեց նրանց, թէ ո՞ւր պիտի ծնուի Քրիստոսը:
   

    Եվ ժողովելով, – ասում է [ավետարանիչը],– բոլոր քահանայապետերին ու օրենսգետներին՝ հարցրեց նրանց, թե որտեղ էր ծնվելու Քրիստոսը: Ինչո՞ւ է այստեղ ցույց տրվում, որ [հրեաները] շատ քահանայապետեր ունեին, այն դեպքում, որ Մովսեսը հրամայել էր, որ [քահանայապետը] մեկը լինի 62: Որովհետև եղծվել էին Օրենքի կարգերը՝ ոչ միայն մեծերը, այլև փոքրերը: Այս պատճառով էլ [Օրենքը] Տվողի գալստյան կարիքը եղավ, որպեսզի [Հին օրենքը] փոխեր Նորին, որը հավիտենական է և մինչև [այն] Նորոգողի հաջորդ անգամ հայտնվելը՝ անքակտելի:

    Իսկ ինչո՞ւ Հերովդեսը շտապեց ժողովել [քահանայապետերին] և կեղծավորությամբ հարցաքննել [Քրիստոսի ծննդյան մասին]: [Սա արեց] մոգերի համար, որպեսզի իմանային այն տեղը, որի մասին հարցրել էին, այլև Մանկանը ծածուկ չարությամբ վնասելու համար, ինչպես և հայտնի դարձավ դեպքերի ելքից: Եվ քահանայապետերը, քանի որ նախանձից դեռ չէին բորբոքվել, ինչը տեղի էր ունենալու հետո՝ [Քրիստոսի] հրաշագործությունների պատճառով, ճշմարիտ վկայություն տվեցին [Հերովդեսին]: Զարմանալի բաներ կատարվեցին երկու կողմից էլ. հրեաները մոգերից իմացան, որ Պարսից երկրում աստղ է քարոզել [Քրիստոսի] մասին, իսկ մոգերը՝ հրեաներից, որ Նրա մասին կանխապես խոսքով քարոզել են մարգարեները: Այս մասին քահանայապետերը, Հերովդեսին պատասխանելով, ասացին.
   

Ա. Պ. Լոպուխին (†1904)

4-5․ «Եվ, հավաքելով ժողովրդի բոլոր քահանայապետներին ու դպիրներին, հարցրեց նրանց, թե որտե՛ղ պետք է ծնվեր Քրիստոսը»։ [4] «Նրանք ասացին նրան. «Հրեաստանի Բեթղեհեմ [քաղաքում], որովհետև այսպես է գրված մարգարեի միջոցով»»: (Սինոդական թարգ․)
   
    Քահանայապետներն ու դպիրները Հերովդեսին ճշգրիտ և հստակ որևէ տեղեկություն տրամադրել չկարողացան, այլ միայն վկայակոչեցին հնուց ի վեր հայտնի մարգարեությունը` հավանաբար հույս ունենալով, որ Հերովդեսը, որը փորձում էր ժողովրդի աչքին հրեա երևալ, կհավատար իրենց խոսքերին և իրենց պատասխանը Հերովդեսի համար գոհացուցիչ կթվար:
   

Մաղաքիա արք. Օրմանյան (†1918)

Եւ հաւաքելով բոլոր քահանայապետներին ու ժողովրդի օրէնսգէտներին՝ հարցրեց նրանց, թէ ո՞ւր պիտի ծնուի Քրիստոսը։
   
Տե՛ս Մեկնություն Ավետարան ըստ Մատթեոսի գլուխ 2:1
--------------------------------
[4](Էջմիածին թարգ․) Եւ հաւաքելով բոլոր քահանայապետներին ու ժողովրդի օրէնսգէտներին՝ հարցրեց նրանց, թէ ո՞ւր պիտի ծնուի Քրիստոսը:
(Արարատ թարգ․) Նա, իր մոտ հավաքելով բոլոր քահանայապետներին ու ժողովրդի դպիրներին, հարցրեց, թե որտե՛ղ էր ծնվելու Քրիստոսը։
(Գրաբար) Եւ ժողովեալ զամենայն զքահանայապետսն եւ զդպիրս ժողովրդեանն, հարցանէր ի նոցանէ՝ թէ ո՞ւր ծնանիցի Քրիստոսն: